Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏԻ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԿՐՏՎԵՑԻՆ

Մարտ 01,2011 00:00

\"\"Ապա հանդիպեցին վեհափառի հետ՝ քննարկելով իրենց հետաքրքրող հարցերը

Օրերս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մկրտարանում «Արարատ» միության նախաձեռնությամբ 19 երիտասարդ միաժամանակ մկրտվեցին: Ինչպես նշեց միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, մկրտվող երիտասարդները «Արարատ» միության դասավանդումներին մասնակցող նոր անդամներ են: Տեր Հակոբի խոսքով, մկրտության արարողությունը պատմական իրադարձություն է միության եւ նրա անդամների համար:
«1988-ին, երբ Գարեգին Բ վեհափառ հայրապետը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր, երիտասարդների հետ ավելի կանոնակարգված աշխատելու համար ստեղծեց Երիտասարդաց միությունը: Այն նորանկախ Հայաստանի տարածքում Հայ առաքելական եկեղեցու միակ կառույցն էր եւ կրում էր Հայ եկեղեցու երիտասարդաց միություն անունը՝ ՀԵԵՄ: Եվ քանի որ ժամանակի ընթացքում նման միություններ շատ ստեղծվեցին, որպես մայր միություն վեհափառի որոշմամբ այն վերանվանվեց «Արարատ»՝ շարունակելով իր գործունեությունը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ»,- ասաց տեր Հակոբը՝ հավելելով, որ շուրջ \"\"մեկ տարի առաջ էլ ինքն է նշանակվել միության հոգեւոր հովիվ: Միության մասին տեր Հակոբն ասաց. «Արարատը» դա համայնք է, քանի որ գործում է համայնքային բովանդակությամբ՝ եկեղեցի հավատացյալ- հոգեւորական հավատացյալ հարաբերությամբ: Միությունը նման է մի ընտանիքի. ինչպես ընտանիքում ամենքը իրենց պարտավորությունը գիտեն, այնպես էլ մեզ մոտ է: Միության անդամներից ամեն մեկը կարեւոր է, որ առողջ լինի: Մենք ավելի զորանալու եւ պնդանալու խնդիր ունենք, եւ հիմա այդ պնդացման ճանապարհին ենք»:
Էջմիածնի մկրտարանում՝ պատշաճ կարգով տեղի ունեցավ մկրտության արարողությունը՝ կնքահայրերի եւ կնքամայրերի գլխավորությամբ: Քահանա \"\"Խաչատրյանը, որն իրականացրեց մկրտությունը, ասաց. «Մկրտության արարողության ժամանակ անձը թողնում է ադամական մեղքն ավազանի մեջ եւ ծնվում է որպես քրիստոնյա, դառնում է հայ եկեղեցու զավակ՝ իր փրկությունը տեսնելով հայ եկեղեցու առաջնորդության ճանապարհին»: Ի դեպ, նշենք, որ մկրտվող երիտասարդների հոգեւոր դաստիարակի՝ կնքահոր պարտականությունները ստանձնել էին եկեղեցու դպրաց եւ սարկավագաց դասից միության անդամներ եւ աջակիցներ՝ գործարար աշխարհից: «Նրանք այն մարդիկ են, որոնք իրենց հավատքով, եկեղեցասիրությամբ օրինակ ծառայողներ են նոր-նոր եկեղեցի ոտք դնող երիտասարդների համար: Կնքահայրերի մեծ մասը մեծ բիզնեսմեններ եւ պետական պաշտոնյաներ են՝ մաքսային, հարկային ծառայություններից, աշխատանքի վարչությունից: Ինձ համար սա մեծ քարոզչություն է: Եթե անձը իր ծառայությունն է բերում եկեղեցուն՝ երիտասարդին կնքահայր դառնալու տեսքով, ուրեմն նա մտածում է, որ քրիստոնյա հոգեւոր նկարագիր ունեցող մարդը կարող է արժանի քաղաքացի լինել այս երկրին: Սա լավագույն քարոզի օրինակ է»,- մեկնաբանեց տեր Հակոբը:
Մկրտությունից հետո երիտասարդներին ընդունեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ վեհարանի դահլիճում, որտեղ բավական ցուրտ էր, եւ ողջ հանդիպման ընթացքում վեհափառը չէր զլանում ներկաներին հիշեցնել, որ վերարկուները պետք չէ հանել: Միության երգչախմբի եւ պարախմբի ելույթներից հետո վեհափառ հայրապետը պատմեց միություն հիմնելու ջանքերի, իրականացված գործունեության մասին, եկեղեցու դերի եւ նշանակության համար պետության \"\"ամուր հիմք ունենալու հարցում: Միության օրիորդներից մեկը, գուցե հրապուրվելով եկեղեցական կյանքով, Ամենայն հայոց կաթողիկոսից հետաքրքրվեց՝ թե ինչո՞ւ է միայն տղամարդկանց տրված եկեղեցական կյանքով ապրելու հնարավորություն: Ն.Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի բնութագրմամբ՝ «որովհետեւ կանանց հետ շատ դժվար է… Արարատյան թեմում կանանց միություն էինք ստեղծել եւ պետք է ատենապետուհի ընտրեինք: Բաժանվեցին հավասար թվով երկու խմբի: Ոչ մի ձեւով չկարողացանք ատենապետուհի ընտրել: Վերջը ես ստիպված եղա առաջնորդական իշխանությամբ մեկին նշանակել ատենապետուհի: Բայց այդպես էլ միության կանայք չենթարկվեցին այդ ատենապետուհուն: Իրականում օրիորդաց համար էլ է այդ հնարավորությունը տրված, միայն թե համալսարանական պատերի ներսում: Բավական դժվար հարց է, որ կանայք մուտք գործեն եկեղեցի եւ քահանական գործունեություն ծավալեն»: Երիտասարդները հետաքրքրվեցին նաեւ Վրաստանում հայկական եկեղեցիների ճակատագրերով: Վեհափառի խոսքով, տարբեր աշխատանքներ են իրականացվում հայկական եկեղեցիները «փրկելու» հարցում վրաց ուղղափառ եկեղեցու, իշխանությունների ճանապարհով, ինչպես նաեւ միջազգային տարբեր կառույցների միջոցով:
Վերջում միության անդամները լուսանկարվեցին Վեհափառի
հետ, ապա իրենց ուխտը վերանորոգեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ տաճարի սեղանի առջեւ՝ ուխտելով հավատարիմ մնալ Հայ առաքելական եկեղեցուն եւ լծակցել հոգեւոր ծառայությանը:
Մկրտվելուց եւ վեհափառի օրհնությունը ստանալուց հետո «Արարատ» միությունը իր անդամների եւ նրանց ծնողների համար Էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում կազմակերպել էր հյուրասիրություն, որտեղ մկրտվողների համար իսկական հայկական խնջույք էր կազմակերպված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել