Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկուհիները ոստիկաններից ավելի վտանգավո՞ր են

Մարտ 08,2011 00:00

«Առավոտը» ստացել է հանրապետության մի խումբ բուժաշխատողներից «բաց նամակ», որը ներկայացնում ենք առանց փոփոխության:

Փետրվարի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց 1-ամսյա կալանք ընտրել կաշառակերության մեջ կասկածվող Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանի (20 000 դրամ կաշառք) ու Սպիտակի բժշկական կենտրոնի հոգեբույժ-նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանի (35 000 դրամ կաշառք) նկատմամբ: Նրանք, ըստ ոստիկանության, բժշկական կեղծ տեղեկանքի դիմաց Ջրաշեն գյուղի բնակչուհի Արմենուհի Ասոյանից 55 000 դրամ կաշառք են ստացել: Դատարանը մերժեց բժշկուհիների փաստաբանների միջնորդությունը՝ խափանման միջոց ընտրել գրավի դիմաց ազատ արձակելը: Մեկ այլ գործով էլ, ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատանքներում տեղ գտած թերությունների, բացթողումների, կեղծիքների, աղավաղումների պատճառով դատարանի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր դեպքի հանգամանքները խեղաթյուրելու մեղադրանքով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովիկ Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին աշխատանքից ազատեցին: Նրանք իրենց պաշտոնեական պարտականություններից բխող անհրաժեշտ միջոցներ չէին ձեռնարկել ծանր հանցագործությունը (սպանություն, հրազենի ապօրինի կրում, խուլիգանություն) բացահայտելու ուղղությամբ, «ինչը հանգեցրել էր քննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների կեղծմանը, հանցագործության մասնակիցների գործողությունների աղավաղմանը»: Թամամյանին եւ Ադամյանին ազատել են աշխատանքից (ընդամենը), քանի որ իրենց զբաղեցրած պաշտոններին մնալով՝ կարող են խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը իրականացնելուն: Իսկ ինչո՞ւ բարձրաստիճան ոստիկանները չեն մեկուսացվել, ինչպես վանաձորցի բժշկուհիները: Մի՞թե վերջիններս ավելի վտանգավոր են հասարակության ու գործի նախաքննության համար:
Մի՞թե կատարվածը տխուր մտորումների տեղիք չի տալիս: Միլիոնատեր ավազակներն ազատ շրջում են, իսկ մուրացկանի աշխատավարձ ստացող բժիշկները՝ բանտարկվում: Ձու գողացողին բռնում են, ձի գողացողին՝ ներում: ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ դատավորի միջին աշխատավարձը 798 000 դրամ է, հետեւաբար՝ թոշակը չի կարող լինել 440 000 դրամից պակաս: Մինչդեռ բժշկի միջին աշխատավարձը 40 000 դրամ է: Մի՞թե բժշկի կատարած գործը 20 անգամ ավելի անկարեւոր է, քան դատավորինը: Պետությունը դա պատճառաբանում է նրանով, թե դատավորին բարձր է վարձատրում, որպեսզի նա կաշառք չվերցնի: Նշանակում է, բժշկին էլ ցածր է վարձատրում, որպեսզի նա կաշառք վերցնի: Ուրեմն՝ ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնում: Լավ կյանքից չէ, որ բժիշկները կաշառք են վերցնում: Պետությունը բժշկին ցածր վարձատրելով՝ նրան դրդում է կաշառակերության ու դրամաշորթության, ստիպում է, որ նա ապրի հիվանդի ողորմածության հաշվին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ցանկացած բժշկի ձերբակալի: Ահա այդպես բոլոր բժիշկները ապրում են ահ ու սարսափի մեջ, լեզուները կուլ տված: Պետությունը հիվանդներին ասում է, թե բժշկությունը ձրի է կամ համավճարովի, իսկ բժիշկներին էլ ասում է՝ ցածր աշխատավարձ եմ տալիս, քանի որ ձեզ պարտավոր է պահել ժողովուրդը, ինչպես ուզում եք՝ գլուխներդ պահեք: Ուզում եք աշխատեք, չեք ուզում՝ մի աշխատեք: Հայաստանում ընդունված խոսք է «գլխին սարքելը», «գրպանը թմրանյութ գցելը», «կաշառքի վրա բռնելը»: Ոչ ոք ապահովագրված չէ այդպես ձերբակալվելուց:
Ֆրանսիական հեղափոխությունից հետո հեղափոխության առաջնորդը դահճին հրամայում է գլխատել տապալված կայսրին: Գլխատելուց հետո դահիճը մազերից բռնած բարձրացնում է կայսրի գլուխը եւ ապտակում: Առաջնորդը հրավիրում է մյուս դահճին եւ հրամայում գլխատել առաջինին, ասելով. «Քեզ հրամայված էր կայսրին գլխատել, այլ ոչ՝ անարգել»: Մի՞թե բժշկուհիները այնքան վտանգավոր էին հասարակության համար, կամ կարող էին ազդել նախաքննության ընթացքի վրա, որ նրանց անհրաժեշտ էր մեկ ամսով մեկուսացնել Աբովյանի կանանց գաղութում, դրանով իսկ նվաստացնելով վաստակաշատ տարեց, թեկուզեւ «հանցագործ» բժշկուհիներին: Անշուշտ՝ դա արվել է սոսկ կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծելու համար: Մի՞թե հնարավոր չէր նրանց նկատմամբ կիրառել տնային կալանք, քաղաքից չբացակայելու ստորագրություն (1937 թ. կիրառվել է ժողովրդի թշնամիների կանանց նկատմամբ), տուգանք, կալանքը գրավով փոխարինելը եւ այլն: Անմեղության կանխավարկածը մոռացել են եւ առանց դատ ու դատաստանի՝ բժիշկներին հռչակել հանցագործներ: Ինչո՞ւ Վանաձորի բժշկական հասարակայնությունը չի բարձրացնում իր բողոքի ձայնը: Ինչո՞ւ է լռում Հայաստանի բժիշկների միությունը: Ինչո՞ւ է լռում Հայաստանի բժիշկների արհմիութենական կազմակերպությունը: Ինչո՞ւ են լռում մարդու իրավունքների պաշտպան բազմաթիվ գրանտակեր հասարակական կազմակերպությունները:
Ինչո՞ւ են լռում կանանց գույնզգույն հասարակական կազմակերպությունները:
Ինչո՞ւ է լռում Հայաստանի նորաթուխ օմբուդսմենը: Այսպիսի ասացվածքներ կան. Աստված մարդուն երկու ծունկ է տվել, մեկով Աստծո առաջ ծնկելու, մյուսով՝ բժշկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հռիփսիմե says:

    Փաստորեն այս բաց նամակի նպատակը այն է , որ հանցագործությունը , եթե կատարում են , հատկապես,ԲԺԻՇԿՆԵՐԸ , ապա նրանց նկատմամբ պետք է ներողամիտ լինել? Իսկ ինչու չպահանջել , ոչ թե կին բժիշկների ազատազրկում, այլ մյուսների ձերբակալում ևս: Մոռանքւմ ենք , որ կաշառք վերցնում են հիվանդ ու անօգնական մարդկանցից , իսկ դատավորի դիմաց , գուցե կանգնած են օրինախախտներ, ովքեր ֆիզիկապես առողջ են ու մահվան վտանգ չկա/ ոչ մի առումով չի արդարացվում կաշառակերությունը , համեմատության համար նշեցի/: Եթե բժիշկի աշխատավարձը չի գոհացնում , գուցե այլ գործով զբաղվել, բայց ոչ արդարացնել կաշառք վերցնելու փաստը : Նամակի հեղինակները միթե չեն կարծում , որ սա միջոց է մյուս մասնագետներին խրատելու , որ բժիշկի սուրբ գործը չի կարելի աղավաղել: Կարելի է նույնիսկ մտածել , որ սրանով փորձում են արդարացնել իրենց արարքները , յուրաքանչյուրը երևի կյանքում մեկ անգամ, գոնե, կաշառք վերցրած կլինի, այլապես ինչ պաշտպանության մասին է խոսքը , ով օրենք է խախտում նաև էլ պետք է պատասխան տա:

    Հարգում եմ իրենց գործին անմնացորդ նվիրված մասնագետներին, այլ ոչ նրանց ովքեր մասնագիտական պարտականությունները լավ չեն կարողանում կատարել , այլընտրանքային միջոցներ են փնտրում գումար աշխատելու համար :

  2. Հասարակական գործիչ says:

    Հարգելի բաց նամակի հեղինակներ, եթե դուք սկսել եք մատնացույց անել տարբեր կառույցների, թե ինչպես են գումարներ յուրացնում, ապա սխալվում եք: Բոլորս հավասար ենք օրենքի առաջ, առավել ևս բժիշկները, որոնք մարդկային կյանքի պատասխանատուներն են: Մենք ամեն օր ենք տեսնում բժիշկների կաշառք վերցնելը: Իսկ ինչու եք դիմել բաց նամակով: Որն է Ձեր նպատակը; Դուք դրանով ավելի եք խայտառակում Ձեզ՝ բժիշկներիդ, որովհետև փաստերը շատ են, անթիվ….
    Ես խորհուրդ կտայի զբաղվեք ինքնակրթությամբ, մասնակցեք վերապատրաստումների, որը կօգնի դուրս գալ լճացումից:
    Եթե փող եք ուզում աշխատել, մտեք բիզնեսի ոլորտ, մի փչացրեք Ձեր վեհ կոչումը:

Պատասխանել