Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԿՀԵՌԱՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Ապրիլ 08,2011 00:00

Ազատամարտիկ Ջուլիետա Գյունաշյանը, որին մարտական ընկերները գիտեն որպես «ՀԱԲ-ի Ջուլիկ», պատրաստվում է դիմել ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանատներից մեկին` իրենց երկրում ապաստան ստանալու խնդրանքով:

2008թ. Պուշկինի 4/19 հասցեի տունը հայտնվել է իրացման գոտու մեջ եւ Ջուլիետա Գյունաշյանն էլ, շատերի նման, հարկադրված էր որոշակի փոխհատուցման դիմաց հրաժարվել իր առանձնատնից: Եվ քանի որ ամեն օր հնարավոր էր, որ այն քանդեն, նա ստիպված է լինում այդ գումարով գնել այլ տուն: «Առավոտի» հետ զրույցում տիկին Գյունաշյանը պատմում է. «Իմացա, որ Տիգրան Մեծի նրբանցքի 13/5 բնակարանը վաճառվում է: Մինչ տունը գնելը ծանոթացա տան սեփականության վկայականին, այնտեղ նշված էր, որ բնակարանի մակերեսը 139, 6 քմ է, իսկ շինության զբաղեցման համար նախատեսված հողամասը` 0,00791 հա: Երբ ուզում էի տանտիրոջ հետ պայմանավորվել եւ տեսնել տունը, նա ամեն օր ուշ ժամի էր կանչում: Ես էլ տեսնելով, որ ցերեկվա ժամերին մեր հանդիպումը չի ստացվում, մի երեկո, երբ արդեն մութ էր, գնացի: Ճիշտն ասած, առաջին տպավորությունս լավ էր, տունը շատ լավ կոսմետիկ վերանորոգված էր եւ արտաքինից մաքուր: Քանի որ ուշ ժամ էր, ինձ ասացին, որ երկրորդ հարկ բարձրանալը դժվար է, աստիճանները դրսից են եւ խորհուրդ տվեցին չբարձրանալ: Տանտիրոջ հետ պայմանավորվեցինք, որ տան գումարի մի մասը` 8 մլն 700 հազար դրամը պետք է վճարեմ կանխիկ, մյուս մասը` 10 մլն 800 հազար դրամը` երկու ամսվա ընթացքում, մինչեւ որդիներս կգային Խարկով քաղաքից: Հաջորդ օրն այդպես էլ արեցինք` ես վճարեցի գումարի մի մասը, գնացինք նոտար, հաստատեցինք առքուվաճառքի պայմանագիր: Սակայն մի քանի օր անց ինձ զանգում են այդ տան հարեւանները եւ ասում, որ տունը ջրով լցվել է: Անմիջապես գնացի, բայց չկարողացա ներս մտնել՝ բանալիները դեռեւս ինձ չէին հանձնել: «Երեւան Ջուր» ընկերությունից մարդիկ եկան, եւ ուսումնասիրելով տան կառուցվածքը, ասացին, որ տունը կառուցված է կոմունիկացիաների վրա: Իսկ երբ որդիս եկավ եւ նայեց մասնագետի աչքերով, տեսավ, որ դա այն տունը չէ, ինչը ներկայացրել էին ինձ: Կոսմետիկ վերանորոգումը պարզապես աչքակապոցի էր, դրանցով ծածկվել են կիսաքանդ ու խարխուլ պատերը, տունը լուսամուտ չունի, վարագույրների տակ փոքր օդանցքներ են, որոնք էլ նայում են հարեւանի բակին, տունն ընդհանրապես բակ չունի, իսկ երկրորդ հարկ ասվածը ուղղակի երկաթյա խողովակներից պատրաստված ծածկ է, որի վրա հնարավոր չէ երկրորդ հարկ կառուցել, ինչպես ինձ էր ներկայացրած, եւ դա բնավ էլ բնակելի մակերես չէ: Պահանջեցինք դատաշինարարական փորձագիտական հետազոտություն: ՀՀ «Փորձագիտությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձաքննությամբ պարզվեց, որ բնակարանի 74,6քմ մակերեսով շվաքարանը, որը վկայականում ներառված է բնակարանի ընդհանոր մակերեսի մեջ, չի կարող համարվել բնակելի տարածություն եւ ներառվել է բնակելի տարածության մակերեսում: Ստացվում է, որ վաճառողը ինձ չի հանձնել 74,6 քմ բնակելի տարածք, սակայն ցանկանում է ստանալ դրա գումարը: Եզրակացության մեջ նշված է նաեւ, որ բացառվում է այդ տարածքից օգտվելու հնարավորությունը, շինությունը իր գործառնական նշանակությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքաշինության բնագավառում սահմանված բնակելի տների չափորոշիչներին եւ նորմատիվային պահանջներին եւ չի կարելի համարել բնակարան կամ բնակելի մակերես: Նշվում է նաեւ, որ շինությունը ենթակա է համարել բնակության համար ոչ պիտանի, եւ որ չի հիմնավորված նաեւ շինության տված հասցեն, քանի որ այն բնորոշ է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններին: «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի 04.02.10թ. գրությամբ էլ նշվում է, որ տունը կառուցվել է տարածքի կոմունիկացիաների վրա, որը նշանակում է՝ դրանց շահագործման ընթացքում հնարավոր է առաջանան վթարներ, որոնց վերացումը կպահանջի շինության ներքին տարածքի հատակի քանդման անհրաժեշտություն: Տեսնելով, որ մոլորության մեջ գցելով՝ ինձ խաբել են, մենք որոշեցինք հետ կանգնել այդ գործարքից` ետ ստանալ մեր գումարը եւ չեղյալ համարել պայմանագիրը, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 482 հոդվածի համաձայն՝ ես ունեմ այդ իրավունքն ու հնարավորությունը»:

Ջուլիետա Գյունաշյանը դիմում է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջով, որ իր եւ Գեւորգ Վարդանյանի միջեւ կնքված բնակարանի առքուվաճառքի մասին պայմանագիրն անվավեր ճանաչվի եւ Վարդանյանին վճարած իր 8 մլն 700 հազար դրամ գումարը վերադարձվի: Դատարանը բավարարեց հայցվորի պահանջը: Սակայն Գեւորգ Վարդանյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` պահանջելով բեկանել նախորդ վճիռը: Վերաքննիչ դատարանը բավարարեց Վարդանյանի պահանջը: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը տիկին Գյունաշյանի հայցը չի ընդունել վարույթ: «Ես չեմ կարողանում հասկանալ, թե այսքան փաստեր ունենալով, վճռաբեկ դատարանն ինչպես մերժեց իմ գործը վարույթ ընդունել: Փաստորեն, մնացել եմ խաբվածի կարգավիճակում, եւ հարկադրված եմ գնել մի բան, որը տուն չի եւ դրա համար նորից վճարել 10 մլն 800 հազար դրամ, դրան ավելացրած նաեւ այս 3 տարիներին չվճարված գումարի տոկոսները: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մեր դատական համակարգը կոռումպացված է, եւ կոռումպացված է վերեւից: Այնտեղ նստած են մարդիկ, ովքեր ոչ թե ելնում են օրենքի կետերից, այլ նրանից, թե որ կողմը որքան շատ գումար կվճարի: Ես լինելով ազատամարտիկ, այսօր արդեն այնքան եմ կանգնել նման անարդար իրողությունների առջեւ, որ այլեւս չեմ ուզում ապրել այս անօրեն երկրում: Նախ ինձ պետք չէր, որ «պետական գերակա շահ» կոչվածի տակ Պուշկինի 4/19 հասցեում գտնվող իմ տունը հայտնվեր քանդման ցուցակում: Չնչին գումար վճարելով՝ ինձ զրկեցին քաղաքի կենտրոնում իմ մեծ ու հարմարավետ սեփական տնից, որը ես սիրում էի` քանի որ դառը քրտինքով էի ստեղծել: Բայց ստիպված էի գնալ նման գործարքի, քանի որ իմ պետության մեջ պաշտպանված չեն մարդու ոչ մի իրավունք՝ ոչ սեփականության, ոչ էլ մարդկային: Փաստորեն, մեր պետությունը` դատական ատյանների ձեռամբ, խրախուսում է որոշ արկածախնդիրների խաբեությունը, անգամ հաշվի չառնելով, թե խաբվողի դերում ով է եւ ինչ անցած ճանապարհ ունի: Ես այնքան եմ հիասթափվել այս պետությունից, որ իմ բողոքը հասցնելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ դրանից հետո այլեւս այստեղ ապրելու ցանկություն չունեմ: Ինձ մնում է խնդրել Հայաստանում գործող քաղաքակիրթ երկրի դեսպանատներից որեւէ մեկին` ինձ ապաստան տալ իրենց երկրում, եւ հարկադրված եմ նրանց առջեւ պատռել մեր դատական համակարգի հաստ դիմակը: Ես հեռանում եմ իր հայրենիքից, քանի որ այստեղ մարդկանց ճակատագրերը կամայականորեն տնօրինում են որոշ հաստափոր դատավորներ ու այլ կաշառակեր պաշտոնյաներ»,- «Առավոտին» իր բողոքն է արտահայտում նախկին ազատամարտիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930