Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրաձողը նշաձողիդ վնաս չէ

Հունիս 21,2011 00:00

«Այնպես որ, այսօր մենք պետք է խոսենք, թե արդյոք հնարավորություն կա՞ համաձայնության գալու, եթե այո՝ ի՞նչ պայմաններով, ի՞նչ ենք զիջել մենք կամ Ադրբեջանը, ի՞նչ է փոխվել նախկինից: Որովհետեւ տարիներ շարունակ մենք բանակցել ենք, չէ՞, ընդհանուր եզր չենք գտել Ադրբեջանի հետ»:

Նախկին արտգործնախարարը բացահայտ ոչ բարի նախանձով է հետեւում իրադարձությունների ընթացքին, փորձում հետադարձ հայացքով հասկանալ, թե ինչու, ասենք, նմանատիպ զարգացումներ տեղի չէին ունենում իր պաշտոնավարման օրոք, չէ՞ որ, իր իսկ խոսքով, իրենք էլ էին բանակցում, իրենք էլ էին առավոտյան աշխատանքի գալիս, իրենք էլ էին բազմազան գործուղումների մեկնում: Չի հասկանում, թե ինչո՞ւ, ասենք, 1998-2008թթ., անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, միջազգային հանրության հիմնական շեշտադրումները տարածքային ամբողջականության սկզբունքի շուրջ էին, եւ այդ տենդենցը այնքան էր խորացել, որ անգամ ինքը՝ արտգործնախարարը, «Դասախոսություններ» էր կարդում վերոհիշյալ սկզբունքի «հիմնարարության» շուրջ: Չի հասկանում, թե այդ ինչի՞ց էր, որ իրենց տարիներին էլ Մեծ ութնյակի գագաթաժողովներ էին տեղի ունենում, սակայն նույնիսկ այդ ֆորմատում եռանախագահները հանդես չէին գալիս հիմնախնդրի խաղաղ կարգավորման հայտարարություններով: Չի հասկանում, թե այդ ինչպե՞ս ինքնորոշման իրավունքը ամենաբարձր մակարդակով հայտարարվեց ամենաէականը (Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպե) սկզբունքների շարքում, կամ ինչպես մեկ այլ բարձր հայտարարությամբ (Իրանի Իսլամական Հանրապետություն) ամրագրվեց նույն այդ սկզբունքի գերակայությունը, կամ ինչպես Ադրբեջանը միացավ հնգակողմ այն հայտարարությանը, որը դատապարտում է ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը եւ հրապարակայնորեն ընդունում, որ խնդիրը պետք է կարգավորվի նաեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Դժվար է, քանի որ իր օրոք, բացի ՄԱԿ-ի բանաձեւերից, որեւէ այլ բան չէր անցնում միջազգային հարթակներում: Բնական է հարցադրումը, բնական է նաեւ տարակուսանքը, թե ինչումն է գաղտնիքը, այդ ինչպիսի՞ բանակցային հմտությունների շնորհիվ Լեռնային Ղարաբաղը վերանվաճում է մասամբ օսկանյանական արտաքին քաղաքականության ջանքերով ընդհատակ անցած իր դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Տեսնես՝ այդ ի՞նչ ջանքերի գնով է, որ այսօր Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության պարտադիր բնույթը ինչպես սկզբունքների համաձայնեցման հարցում, այնպես էլ հնարավոր համաձայնագրի մշակման գործում: Չէ՞ որ օսկանյանական տասնամյակում կամ այլ կերպ ասած՝ «ղարաբաղյան մութ դարերում» մի ամբողջ ժողովրդի ձայն պարտադրված էր դուրս գալ մեկ կոկորդից:
«Ես գոնե լավ գիտեմ, թե տարակարծությունները ինչ են, որն էր նշաձողը, որ մենք ունեինք, Ադրբեջանի նշաձողը որն է: Երբ այսօր խոսք է գնում, որ հնարավոր է ինչ-որ բան ստորագրել, նշանակում է՝ կողմերից մեկը նշաձողը իջեցրել է, միգուցե երկուսն են իջեցրել: Եթե մենք իջեցրել ենք՝ ինչքա՞ն ենք իջեցրել: Որովհետեւ իմ իմացած նշաձողը այդ օրերին արդեն սահմանագծային նշաձող էր, եթե դա իջել է, ես ուղղակի չգիտեմ՝ առաջին հերթին Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղի ղեկավարությունը, վերջիվերջո՝ հայ ժողովուրդը ո՞նց կարող է դա ընդունել»: Հարց է առաջանում՝ չի՞ ուզում նախկին արտգործնախարարը պատասխանատվություն կրել օրենքի առաջ նշաձողի այնչափ իջեցման համար, որը իր խոսքերով՝ հասել էր սահմանագծին: Եթե հաշվի առնենք, որ օսկանյանական էպոխայի վերջում երկու կողմերին միայն ներկայացվել էին Մադրիդյան սկզբունքները, ապա այս խոստովանությունից կարելի է եզրակացնել, որ սույն առաջարկից ադրբեջանական դժգոհություններին տեղիք տալով՝ նախկին նախարարը, միգուցե, նշաձողը իջեցրել էր մադրիդյանից էլ ներքեւ: Սա կարող է բացատրել նաեւ, թե ինչու դրանց դրույթները հրապարակվեցին միայն երկու տարի անց՝ 2009թ.-ի ամռանը, եւ որքան ջանք պահանջվեց հաջորդ իշխանություններից դրանք սեղանի շուրջ վերադարձնելու եւ Ադրբեջանի համաձայնությունը ստանալու համար: Հիմա արդեն, նկատելով իր գլխին կախված «դամոկլեսյան սուրը», նախկին նախարարը տենդի մեջ փորձում է խոսք քաշելու հին ավանդույթով պարզել՝ որտե՞ղ է իր թողած նշաձողը, ի՞նչ վիճակում է, եւ դեպքերի զարգացման պարագայում ինքը ի՞նչ արդարացում է տալու: Ո՞ր նշաձողը, պարո՛ն նախարար: Չէ՞ որ, կարծեմ, դուք միակ արտգործնախարարն եք եղել, ով ղեկավարել է երկար տարիներ, սակայն այդ տարիների ընթացքում այդպես էլ բախտ չի ունեցել աշխատելու կարգավորման որեւէ համապարփակ տարբերակի վրա: Եվ անգամ մադրիդյան առաջարկները ստանալով՝ խուսափեցիք այդ ուղղությամբ որեւէ պատասխանատու աշխատանք տանելուց՝ թողնելով այն հաջորդներին: Լավ կլիներ, պարոն նախկին նախարար, որ ձեր կառավարման տարիներին դուք ոչ թե մանիպուլյացիաներ անեիք տարբեր նշաձողերի հետ, այլ գոնե երրորդ մոտեցմամբ բարձրացնեիք ղարաբաղյան հիմնախնդրի հարցում գոնե մեկ կիսածանր ծանրաձող: Վերջիվերջո, բոլորն էլ հասկանում են, որ նշաձողից «թռնելը» ավելի դյուրին է, քան ծանրաձող բարձրացնելն ու պահելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել