«Նոր մեդիա, նոր մարտահրավերներ. լավագույն փորձառությունը նոր դարաշրջանում» համաժողովին մասնակցելու համար Անկարա մեկնող հայ լրագրողների խմբից մեկին՝ «Գալա» հեռուստաընկերության աշխատակից Հասմիկ Խաչատրյանին Ստամբուլում հունիսի 19-ին, չնայած նախապես ամրագրված տոմսի առկայությանը՝ թույլ չեն տվել գրանցվել ու բարձրանալ օդանավ: Մեր զրույցի ընթացքում Հասմիկ Խաչատրյանը պատմեց. «Ես ուղեբեռս հանձնեցի «Turkish airlines» ընկերության աշխատակցին: Նա արդեն ընդունել էր ուղեբեռը, բայց երբ տվեցի անձնագիրս, որ տա նստեցման կտրոնը՝ ասաց, թե ժամանակը լրացել է, արդեն ուշացել եմ, ու խնդրեց հետ վերցնել ուղեբեռը»: Այս պատմությունը կարող է սովորական թվալ, եթե հաշվի առնենք, որ չվերթից առաջ իրոք հազիվ մի քանի րոպե էր մնացել, եւ գրանցումը կարող էր համարվել ավարտված. Կիեւից օդանավը, որով հայ լրագրողները ժամանել էին Ստամբուլ՝ շուրջ մեկ ժամ ուշացել էր, դրան գումարվել էին օդանավակայանում հսկայական հերթերը վիզա ստանալու եւ անձնագրային ստուգում անցնելու համար: Ընդ որում՝ հայ լրագրողների անձնագրերը զննելուց հետո մեզ նախ՝ ուղարկեցին անվտանգության ստուգում անցնելու, հետո նոր թույլ տվեցին անցնել սահմանը: Այնպես որ՝ ուշացումը լիովին օդանավակայանում ստեղծված պայմանների պատճառով էր, եւ ավիաընկերությունը պարտավոր էր ուղեւորին տրամադրել մեկ այլ տոմս: «Turkish airlines» ավիաընկերությունն այդպես էլ վարվել էր՝ Աթաթուրքի անվան օդանավակայանից Անկարա չվերթներ կատարվում են ժամը մեկ: Սակայն ուշագրավ է, թե այս ընթացքում ինչ վերաբերմունքի էր արժանացել Հասմիկ Խաչատրյանը. «Ինձ ասացին, որ կարող են տոմս տալ միայն 5 ժամ անց՝ 23-ի համար, քանի որ տեղ չկա: Ես ամեն չվերթից կես ժամ առաջ՝ 19, 20, 21-ին մոտենում էի ավիաընկերության աշխատակիցներին ու հարցնում, թե միգուցե ինչ-որ տե՞ղ է ազատվել, ինչ-որ մեկը չի՞ եկել: Սակայն պատասխաններից մեկն այն եղավ, որ եթե շտապում ես՝ կարող ես վերադառնալ քո Հայաստանը»: Նշենք, որ այդ 6 ժամն էլ Անկարայի օդանավակայանում անցկացրած մյուս հայ լրագրողները որեւէ լուր չունեին իրենց գործընկերոջից, քանի որ «Turkish airlines»-ի տեղի ներկայացուցիչը, պատճառաբանելով անվտանգության նկատառումները՝ հրաժարվել էր որեւէ տեղեկատվություն հայտնել ուղեւորի մասին: