Ի տարբերություն Չավուշօղլուի
Հայկական պատվիրակությունը հրաժարվում է մասնակցել ԼՂՀ խնդրով զբաղվող ենթահանձնաժողովի գործունեությանը: Այդ մասին երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հայտարարեց հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Իմաստ չունի մասնակցել եւ լսել բազմիցս լսված անհիմն մեղադրանքներ եւ ուղղակի պրոպագանդա: Դա մենք բավարար լսում ենք այստեղ՝ նիստի ժամանակ»,- ելույթի ժամանակ նաեւ այսպես հիմնավորեց Դավիթ Հարությունյանը հայկական պատվիրակության բոյկոտը: Նախորդ առաջարկությամբ Դավիթ Հարությունյանը կոչ էր արել սկսել ձեռնարկել քայլեր փոխադարձ վստահության ձեւավորման ուղղությամբ՝ առնվազն երկու պատվիրակությունների միջեւ որպես առաջին նվազագույն քայլ:
«Նպատակն այն էր, որպեսզի սկսվեն քննարկումները երկու պատվիրակությունների միջեւ ոչ ավելի, քան մեկ միջնորդի մասնակցությամբ, որը չի կարող լինել Ասամբլեայի ղեկավարը կամ այս ժամանակավոր հանձնաժողովի նախագահը»,- «Ա1+»-ին մանրամասնեց Դավիթ Հարությունյանը: Ավելին, մեր պատվիրակությունը առաջարկել է վեհաժողովի նիստերի ժամանակ փոխադարձ մեղադրանքների մորատորիում հայտարարել, առաջարկն արվել է շատ վաղուց, իսկ նախորդ անգամ հենց վեհաժողովի նիստի ժամանակ Դավիթ Հարությունյանը հրապարակային հնչեցրեց առաջարկը: Իսկ այսօր նա նշեց, որ այդ առաջարկը մնացել է անարձագանք: «Եվ ես որպես առաջին քայլ հայտարարում եմ միակողմանի մորատորիում եւ կոչ եմ անում, որպեսզի Ադրբեջանի պատվիրակությունը միանա այդ մորատորիումին»,- ԵԽԽՎ նիստի ժամանակ այսօր հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Մորատորիումը միանգամից մերժվեց ադրբեջանական պատվիրակության կողմից, քանի որ Հարությունյանին հաջորդող ելույթում պատգամավոր Փաշաեւան նորից հիշեցրեց 15 տարվա իրենց «օկուպացված տարածքների մասին»: «Սա հենց այն էր, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք, որ այդ խոսակցությունները, թե այդ ժամանակավոր հանձնաժողովը կոչված է լինելու ստեղծելու փոխադարձ վստահության մթնոլորտ, դրանք ի չիք են դառնում, որովհետեւ երբ դրան մասնակցում են պատգամավորները, այդ գործընթացը, որպես կանոն, ունենում է շատ վատ պրոպագանդիստական նպատակ, իսկ այն, ինչ մենք ենք առաջարկում, դա խոհեմ, սթափ մոտեցումն է»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը:
Իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերություններն էականորեն կապված են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում նախատեսված հանդիպման արդյունքների հետ: Երեկ Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նախատեսված հանդիպումից, պարոն Չավուշօղլուն ասել է. «Ես բոլորից շատ եմ ցանկանում, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները այս ամիս Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրեն (հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին) համաձայնագիրը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը ոչ կասի այդ համաձայնագրին: Մենք կողջունենք այդ առաջընթացը»:
Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելով՝ ասել է, թե այս հարցը ուղղակիորեն կապված է Կազանում կայանալիք հանդիպման արդյունքների հետ. «Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա դա ուղղակիորեն կապված է առաջին հարցի հետ՝ արդյոք երկու ղեկավարների միջեւ կլինի՞ համաձայնագիր: Թուրքիան ունի որոշակի պայմաններ, ինչի մասին Թուրքիայի վարչապետը մի քանի անգամ մեկնաբանություններ է արել: Եվ եթե այդ պայմանները կատարվեն, կարծում եմ, որ (հայ-թուրքական) արձանագրությունները կվավերացվեն խորհրդարանում»: