Արարատ քաղաքում հուլիսի 3-ին քաղաքապետ են ընտրելու: Արարատցիների ընտրությունը առանձնապես լայն չէ. առաջադրվել են գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանն ու նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը:
Նախկինի եւ ներկայի պայքարն էլ առանձնապես կոռեկտ չէ, թեկնածուները միմյանց լուրջ մեղադրանքներ են ներկայացնում:
Անցած՝ 2007 թվականի ընտրությունների ժամանակ առաջադրվել էր երեք թեկնածու, սակայն հիմնական ընտրապայքարը այս երկու թեկնածուների միջեւ էր: Այն ժամանակ Բաբայանը Թովմասյանին հաղթեց 2200 ձայնով: Ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններում Հանրապետական կուսակցությունը սատարում է Աբրահամ Բաբայանին: Նախորդ ընտրության ժամանակ Հակոբ Թովմասյանը ՀՀԿ-ական էր, այն էլ՝ կուսակցության հնաբնակներից ու քաղաքային կառույցի ղեկավարը, իսկ Աբրահամ Բաբայանը ՀՀԿ-ական է դարձել միայն 2008թ.-ին:
Նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը Արարատը ղեկավարել է յոթուկես տարի: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ նա անհասանելի էր լրագրողների համար եւ հենց իր ընտրության օրը քաղաքապետարանը դարձրել էր նախընտրական շտաբ («Առավոտ», 03.07.2007՝ «Քաղաքապետարանը՝ նախընտրական շտաբ»), այս անգամ նա հասանելի էր եւ պատասխանեց «Առավոտի» հարցերին: Նորից քաղաքապետ դառնալու իր ցանկությունը նախկին քաղաքապետը այսպես է բացատրում. «Արարատը պետք է դարձնել քաղաքական եւ քաղաքացիական մշակույթով քաղաք»:
Թեկնածու Թովմասյանը թեեւ ասաց, որ չի ուզում քարոզարշավն անցկացնել մրցակցին քննադատելով, սակայն զերծ չմնաց դրանից եւ նկատեց. «Ես ոչ թե թերագնահատում եմ նրան, այլ, կարծում եմ, որ տասնապատիկ աշխատանք ավելի կարելի էր անել: Կան բաներ, որոնք անթույլատրելի են: Ես պատրաստ եմ հասարակության առաջ եթերով դուրս գալ բանավեճի եւ խոսել փաստերով: Իր ղեկավարման հենց սկզբից քաղաքի մանկապարտեզը սեփականաշնորհեց իր անունով: Փակեց իմ ժամանակ «Առաքելություն Հայաստան» ծրագրի շրջանակներում բացված բարեգործական ճաշարանը, որը ֆինանսավորվում էր շվեդական կառավարության կողմից եւ պետք է գործեր մինչեւ 2017 թ.-ը: Այն սպասարկում էր 200 տարեցի, որոնք ապահովվում էին նաեւ բուժսպասարկմամբ, վարսավիրանոցով… Ո՞ւր են սպորտդպրոցներից մեկը, մանկապարտեզը, քաղաքային այգին: Այգի չկա, ամբողջ այգին օտարվել է, գնացեք տեսեք՝ ինչ վիճակ է: Սրանք հարցեր են, որոնց չի կարող պատասխանել, քանի որ դրանք վաճառել է, սեփականաշնորհել իր համար կամ փակել:
Նա տեղյակ էլ չի, թե ինչպես են քաղաքի կարեւոր օբյեկտները դարձել համայնքային սեփականություն: Եկավ Բաբայանն ու ամեն ինչ վաճառեց: Քաղաքապետարանին պատկանող պատկերասրահի շենքը սեփականաշնորհել է՝ իր վարորդներից մեկի անունով: Վաճառել է կաթսայատան եւ ոռոգման խողովակները: Թող գլուխ չգովի, թե ասֆալտապատում է արել, ասֆալտապատման ծրագիրն ընդունվել է իմ ժամանակ: Նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ես հիվանդանոցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել էի, որ ժողովուրդը ում ուզում է, թող ընտրի, միայն ոչ Աբրահամ Բաբայանին, ու ասել էի, որ քաղաքը տրիկոտաժի գործարանի օրն է ընկնելու, որը կոպեկներով սեփականաշնորհեց ու քանդեց. «դաշտ է տեղը ու չկա քար քարի վրա»: Ես թվարկել էի, թե ինչ օբյեկտներ է վերցնելու, բայց միայն քաղաքապետարանի նիստերի դահլիճը չէի պատկերացնում, որ կվաճառի:
Այսքանից հետո ապշում եմ, որ այդ մարդը նորից է առաջադրվել: Ես որտեղ էլ որ աշխատել եմ, աչք եմ փակել ինձ նախորդած կոլեգայիս թույլ տված սխալների ու բացթողումների վրա, չեմ բարձրաձայնել դրանց մասին, քանի որ ցանկացած ներկայի՝ պատիվ չի բերում նախորդներին քննադատելը: Երբ ընտրվեցի քաղաքապետ, քաղաքի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրեցի նախկին բոլոր քաղաքապետերին, մեծարեցի, պատվավոր քաղաքացու կոչում շնորհեցի, ասացի, որ ես եկել եմ իրենց սկսած գործը շարունակելու եւ խնդրեցի ինձ մենակ չթողնել: Իսկ երբ 2007-ի խայտառակ ընտրությունների արդյունքում քաղաքապետ դարձավ Աբրահամ Բաբայանը, ես նրան առաջարկեցի համագործակցել, եւ խորհուրդ տվեցի իմ սկսած ծրագրերը, որոնք իրականացնում էի միջազգային կառույցների օժանդակությամբ, չդադարեցնել: Բայց նա ոչ միայն չընդունեց իմ խորհուրդներն ու առաջարկությունները, այլեւ սկսեց քրեական գործեր սարքել իմ դեմ՝ իբր իմ ղեկավարած տարիներին թույլ տված խախտումների առնչությամբ: Այդ գործի քննությունը տեւեց երկուսուկես տարի: Ոչինչ չկար, ոչինչ չբացահայտվեց, եւ գործը կարճվեց:
Իսկ երբ ես սկսեցի բարձրաձայնել քաղաքում տիրող ապօրինությունների մասին, նա որոշեց ինձ զրկել Արարատի պատվավոր քաղաքացու կոչումից: Իր այդ քայլը հիմնավորում է նրանով, թե ես, լինելով «Արարատ ԲԿՏ» ԲԲԸ-ի տնօրեն, դատի եմ տվել այն բնակիչներին, ովքեր ունեն աղբահանության չվճարված մեծ պարտքեր: Այդ դեպքում եւ «Էլեկտրացանցը», եւ «ՀայՌուսգազարդը» պետք է բնակիչներին պարտքերի համար դատի չտան:
Ես պատվավոր քաղաքացիությունից զրկվելու հարցը վիճարկեցի դատական կարգով եւ իմ հայցը բավարարվեց: Նրանք վերաքննիչ բողոք են ներկայացրել եւ չգիտեմ, թե գործն ինչ ընթացք կստանա: Ես Բաբայանին ասում եմ՝ սխալ բաներ մի արա, վերեւ Աստված կա, ասում է՝ ինչ Աստված, Աստված ես եմ… Այդ մարդուց էլ ի՞նչ սպասես»:
Հ.Գ. Արարատի քաղաքապետի մյուս թեկնածու, գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանի խոսքն ու պարզաբանումները՝ վաղվա համարում: