Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնվեցի՞ն

Հուլիս 14,2011 00:00

Գրում են՝ հույս ունենալով, որ կարդացող չի լինի

Օրերս «Առավոտին» էր դիմել «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ մտահոգություն հայտնելով մեր երկրի հաշմանդամների վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած որոշումների առնչությամբ: Ըստ նրա, այդ որոշումների եւ իրականության միջեւ անհամապատասխանություն կա: Պատգամավորի ներկայացմամբ, ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն որոշմամբ հաստատվել է Հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժության խմբերի համար սոցիալական, տրանսպորտային եւ ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը, որի 9-րդ կետի համաձայն՝ նոր կառուցվող հասարակական նշանակության շենքներն ու շինությունները պետք է մատչելի լինեն հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի համար՝ ապահովելով նրանց անարգել տեղաշարժը: Տիկին Բախշյանի խոսքերով. «Կարծես թե պետության կողմից այս որոշումը թղթի վրա գրելու համար էր, այլ ոչ թե կատարման, որի ամենաթարմ եւ վառ օրինակը Ազատության հրապարակի ավտոկայանատեղին է, որը կառուցելիս նախագծողները, ինչպես նաեւ շինարարները կոպտորեն ոտնահարել են հասարակության անդամների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը: ՀՀ-ում հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքը լուսանցքային է, իսկ հաշմանդամ մարզիկների նկատմամբ՝ առավել եւս: Ասածս մերկապարանոց չհնչելու համար ուսումնասիրել եմ այդ նպատակների համար՝ ըստ տարիների ՀՀ պետբյուջեից նախատեսվող եւ հատկացվող գումարները: Օրինակ՝ 2011-2013 թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի «Հանգստի եւ սպորտի ոլորտ» վերնագրի տակ, որպես հաշվետվություն բերված նյութերում կարդում ենք. «Հաշմանդամային մարզական միջոցառումների իրականացման համար 2008-2009թթ. ՀՀ պետբյուջեից հատկացվել է համապատասխանաբար՝ 8999,2 եւ 8997,6 հազար դրամ, իսկ 2010-ին նախատեսվում է 9000,0 հազար դրամ: 2008-ին հաշմանդամային սպորտի տարբեր միջոցառումներում հանրապետական եւ միջազգային առաջնություններին մասնակցել է 428 մարզիկ, 2009-ին՝ 578 մարզիկ: 2008-ի նկատմամբ 150 հաշմանդամ մարզիկների թվի աճը պայմանավորված է հասարակության հաշմանդամ հատվածի նկատմամբ առավել ուշադիր վերաբերմունքով»: Ուշադրություն դարձրեք, որ չնայած ֆինանսավորումը 2009-ին պակասել է 1600 դրամով, իսկ 2010-ին ավելացել ընդամենը 2400 դրամով, պարզվում է՝ պետությունը առավել ուշադիր վերաբերմունք է դրսեւորել 150 հաշմանդամ անձ ունեցող ընտանիքների նկատմամբ:
Դժվար է երեւակայել առավել ծաղրական միտք, որը բնութագրում է ոլորտը ներկայացնող անպատասխանատու անձանց, այսինքն՝ պետություն հեղինակազրկողներին: Իսկ իրականությունն այն է, որ այս փաստաթուղթը գրողները վստահ են եղել, որ ոչ մեկը չի կարդալու այն, չի հաշվելու այդ թվերի տարբերությունները: Նախարարության համար, ինչպես վերեւում նկարագրված կառավարության որոշման դեպքում, կարեւոր է եղել միայն այն, որ գրվի այս փաստաթուղթը եւ որքան ստվար, այնքան լավ: Այնինչ, հասարակության հաշմանդամ անդամները չափազանց զգայուն են իրենց վերաբերյալ որդեգրված պետական քաղաքականության նկատմամբ: Այդ անմիտ նախադասությունը, որ մեր հանրապետությունում պետբյուջեն 1 տարում ընդամենը 2400 դրամ ավելացնելով՝ հաշմանդամ մարզիկների թիվը 428-ից աճել ու դարձել է 578 եւ ովքեր մասնակցել են տարբեր տեսակի հաշմանդամային մարզական միջոցառումների, նրանց անսահման վիրավորել ու խորացրել է պետության նկատմամբ առանց այդ էլ սասանված անվստահությունը:
Ինչ վերաբերում է 2011-2013թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում նախատեսված «Հաշմանդամային մարզական հասարակական կազմակերպություններ» տողին, ապա առաջանում են նոր հարցեր. քանի՞ նման կազմակերպություն կա եւ որքանո՞վ են այդ չնչին գումարներն իսկապես հասնում հաշմանդամ մարզիկներին: Ի՞նչ տրամաբանությամբ է 528 հաշմանդամ մարզիկներին առնչվող ծառայությունների համար հաշվարկվել 9 մլն դրամ, եթե վինդսերֆինգ մարզաձեւին առնչվող ծառայությունների համար նախատեսվել է 44 մլն 776 հազար դրամ եւ հայտնի չէ, թե այդ մարզաձեւով քանի մարզիկ է զբաղվում»: Տիկին Բախշյանը ՀՀ կառավարությանը հիշեցնում է, որ ՀՀ-ն 2010-ին վավերացրել է «Հաշմանդամների մասին» կոնվենցիան, որով ստանձնել է նաեւ նրանց սպորտի մեջ ներգրավվածության խնդիրները լուծելու վերաբերյալ ավելի լուրջ պարտավորություններ. «Որքա՞ն, մինչեւ ե՞րբ պետք է հանդուրժել այս իրականությունը, վերջապես ո՞վ, եթե ոչ դուք, պարոն վարչապետ, պետք է պատասխանատվություն կրեք պետության կողմից ստանձնած պարտավորություններն ու կառավարության որոշումները չկատարելու համար: Հաշմանդամ անձանց անունից պահանջում ենք հրապարակավ պատասխանել վերոնշյալ բոլոր հարցերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել