Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մի 0.25 միավոր է պետք»

Հուլիս 14,2011 00:00

Այս հարցով ԳԹԿ-ին հաճախ են դիմում

«Չէ» է պատասխանում քննական սենյակից դուրս եկած դիմորդը՝ առանց լսելու «Առավոտին», շտապում է լքել քննակենտրոնը: Իսկ մեզ հետաքրքրում էին՝ 12 րոպեում քննական հարցաթերթիկը լրացրած դիմորդի տպավորությունները քննությունից: Նախորդ տարի ռուսաց լեզվի միասնական քննությանը Գայանե Խաչատրյանը 13 միավոր էր հավաքել, այս տարի ցանկանում է «գոնե» 19-ը: «Անցած տարի չեմ ընդունվել, այս տարի դիմել եմ Երեւանի պետական համալսարանի թարգմանչական բաժինը»,- ասում է նա՝ երեւի նկատի ունենալով ռուս բանասիրության ֆակուլտետը:
Երեկ ռուսաց լեզվի միասնական քննություններն էին: Ըստ քննական կենտրոնի ղեկավար Ալեքսան Եսայանի՝ գրանցված դիմորդների թիվը 141-ն էր, բացակայել էր 14-ը, դիմորդները հիմնականում Հայաստանից էին, կան նաեւ Ջավախքից, ԱՊՀ երկրներից: Պարոն Եսայանը նշում է. «Այս տարի քննական թեստերն ավելի հեշտ են, սակայն քննություն հանձնողները գիտելիքներով զիջում են նախորդ տարիների դիմորդներին»: ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն էլ է նույնը պնդում, հակառակը նկատելով քննությունների կազմակերպչական մասում. «Աննախադեպ էր կազմակերպված, քննությունների ընթացքում աղմուկ չկար, բոլորի տրամադրությունը բարձր էր, ոչ մի միջադեպ չի գրանցվել»,- ասում է նա՝ պատճառը կապելով դիմորդների քիչ թվի հետ: Ցավում է՝ բնագիտական առարկաների քննությունների արդյունքները գոհացուցիչ չեն: «Կարելի է բացատրել նրանով, որ նախորդ տարիների շրջանավարտներ են, աշխատում են, գուցե պահի ազդեցության տակ են որոշել դիմել համալսարան»,- ասում է նա՝ ավելացնելով, որ այս տարվա քննություններին դիմորդներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, իսկ երբ կտրվում են՝ ԳԹԿ-ին են դիմում. «Մեզ մի 0.25 միավոր է պետք, մի ձեւ արեք, որ ստանանք»:
Քննական հուզմունքը պատել է Ջեմա Հակոբյանին: Նրա թոռնիկն է քննություն հանձնում ռուսաց լեզվից: Տատիկը պատմում է. թոռնիկը՝ Ավանեսյան Սվետլանան, Ռուսաստանից է եկել, 13 տարի ապրել է այնտեղ, նախորդ տարի ընդունվել է այնտեղի համալսարաններից մեկի կենսաբանության ֆակուլտետը, բայց դասերի չի գնացել՝ այնտեղի քաղաքացիություն չի ունեցել: «Հիմա Բրյուսովի համալսարանում է ուզում սովորել, գերմաներենը տվել է, շատ գոհ է, մնում է ռուսերենը»,- ասում է տիկին Ջեմման՝ հույս հայտնելով, որ թոռնիկը կընդունվի եւ իրենց ամբողջ ընտանիքը կվերադառնա Հայաստան: Կարապետյան Սիրանույշի երկու դուստրերն էլ այս տարվա դիմորդներ են, կարծում է՝ կընդունվեն, հիմա էլ սրտատրոփ սպասում է աղջիկներից մեկի քննական սենյակից դուրս գալուն: «Երկու աղջիկներս էլ ինքնուրույն են պարապել, նրանցից մեկը՝ Մանկավարժական համալսարանի ընդհանուր հոգեբանության, մյուսը՝ բանասիրական ֆակուլտետում է ուզում սովորել, մեկը՝ չորս, մյուսը՝ 1 տարի առաջ է ավարտել»,- ասում է նա:
Քննական սենյակից առաջիններից դուրս եկած Սուրեն Թունյանը գոհ է թեստերից, իր համար հարցերը դժվարություն չէին ներկայացնում:
Պատմում է՝ դպրոցն ավարտել է 1996-ին, Ռուսաստանից է եկել, որոշել էր ետ գնալ, բայց այս տարվա քննությունները «կանգնեցրին»: «Գործերս տվել եմ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ, կմնան այստեղ, մինչեւ ավարտեմ մագիստրատուրան եւ կգնամ կրթությունս Ռուսաստանում շարունակելու»,- ասում է նա: 
Հիշեցնենք՝ ռուսաց լեզու առարկան նախավերջին միասնական քննությունն էր: Այսօր քիմիա առարկայի քննությունն է, դիմորդները 182-ն են: Նախորդ օրերին անգլերենի քննությանը 463 դիմորդից կտրվել է 173-ը, միջին միավորը 9,2-ն է, ֆրանսերենից՝ 21 դիմորդից կտրվել է 9-ը, միջին միավորը 10,.46 է, գերմաներենից՝ 47-ից կտրվել է 19-ը, միջին միավորը կազմում է 9,31, իտալերենից՝ 1 եւ իսպաներենից՝ 4 քննություն հանձնողները անցումային միավորները հաղթահարել են: Կենսաբանություն առարկայի միասնական քննությանը մասնակցել է 233 դիմորդ, որից կտրվել է 80-ը, 3 հոգի էլ 20 է ստացել, միջին միավորը 9,8 է, ընդհանուր պատմություն առարկայի քննություն է տվել 45 դիմորդ, կտրվել է 14-ը, իսկ աշխարհագրության քննությանը մասնակցել է 21-ը, կտրվել՝ 3-ը, միջին միավորը 15,75 է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել