Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՐ ԿՈԿՈՐԴ ԵՆ ԿՐԾՈՒՄ, ԿԵՐՈՎ ԿԻՍՎՈՒՄ

Հուլիս 22,2011 00:00

Ու այդ անում են հակառակ  սեռի ուշադրությունը գրավելու համար

Մարդիկ մինչեւ ամուսնանալը, այսինքն՝ մինչեւ իրենց սիրելիին եւ կյանքի կեսին գտնելը, սիրահարվում են միջինը 7 անգամ։ Պարզվում է, որ կենդանիներն էլ են այդպես՝ մի քանի անգամ սիրահարվում են, հետո նոր մշտական զուգընկեր գտնում։ Գիտնականներն ապացուցել են, որ սխալ են այն պատկերացումները, թե կենդանիները զուգընկեր փնտրելիս առաջնորդվում են միայն բնազդով, իսկ զգացմունքները մարդկանց համար են։ Ըստ կենդանաբանների, օրինակ, կաթնասունները մնացած կենդանիների նման իրենց զուգընկեր են ընտրում ոչ միայն մեզ հայտնի մեթոդով՝ հակառակ սեռի կենդանուց բուրող հոտով, այլեւ մեծ դեր է խաղում նաեւ նախկին սոցիալական փորձը՝ սիրախաղերը, սեռական ակտերը։

Կենդանիներն ու թռչուններն անգամ իրենց հակառակ սեռին գրավելու մեթոդներ ունեն։ Օրինակ, աքլորները պտտվում են հավերի շուրջբոլորը՝ ձգելով թեւերը, ուշադրություն են գրավում իրենց հատուկ ձայներով, կիսվում են կերով, աղավնիները նույնպես պտույտներ են գործում հակառակ սեռի աղավնու շուրջ, բայց մինչ այդ փքում են իրենց բազմագույն փետուրներով վիզը, իսկ վայրի գազանների արուները էգերի ուշադրությանն արժանանալու համար ըստ էության ծեծկռտուքախառը մրցույթներ են կազմակերպում։ Արու առնետները երբ սիրահարվում են, աչքի են ընկնում իրենց «ասպետությամբ». հավատարիմ են մնում իրենց զուգընկերոջը եւ նրան պաշտպանում բոլորից։ Նման կերպ են իրար սիրում նաեւ ձկների տարբեր տեսակներ, մանավանդ ծովաձիերը, որոնց մոտ արուն է հղիանում։

Չնայած կենդանիներից շատերը «նախընտրում» են ավանդական ընտանեկան մոդելը, այսինքն՝ մեկ կին եւ մեկ ամուսին, սակայն սերունդ տալու եւ իրենք իրենց պաշտպանելու համար ստիպված են լինում ապրել խմբերով։ Կարմիր գայլերի ընտանիքում սովորաբար 2 որձ սիրահետում է մեկ էգի, իսկ սովորական գայլերը իրենց էգին ոչ մի դեպքում չեն կիսում ընկերոջ կամ եղբոր հետ, նրանք ավելի շուտ իրար կոկորդ կկրծեն։ Գայլերի նման են գրեթե բոլոր վայրի գազանները։ Իսկ սիրամարգերն ու շատ այլ թռչուններ, կարելի է ասել, հարեմ են պահում, բացառությամբ կարապների, որոնք իրար հավատարիմ են մնում՝ անգամ եթե զույգերից մեկը սատկում է։ Կատվազգիներին՝ կատուներին, վագրերին եւ առյուծներին էլ հատուկ է շուտ փոփոխվող սեռական կյանքը, նրանց մեջ քիչ են հանդիպում «ավանդական ընտանիքներ»։ Նրանք կարող են միաժամանակ մի քանի զուգընկեր ունենալ։ Շները, ինչպես հայտնի է, նախընտրում են սեռական ակտից հաճույք ստանալը, հղիանալը, հղիացնելը, ոչ թե մշտական զուգընկեր գտնելը։ Կենդանական աշխարհում էլ կա համասեռամոլությունը։ Հակառակ սեռի բացակության դեպքում կատուները, շները, առնետները, կովերը տրվում են միասեռական սեքսին։ Կենդանաբանները հավաստիացնում են, որ այդ դեպքերում, երբ հայտնվում է հակառակ սեռի կենդանին, համասեռամոլությունը, որպես կանոն, դադարում է։ Հազվադեպ, բայց իրար են սիրահարվում նաեւ կատուներն ու շները, մանավանդ, երբ ապրում են նույն հարկի տակ, իսկ կապիկների որոշ տեսակներ, օձերը, դելֆինները, նաեւ կատուները հաճախ սիրահարվում են մարդկանց, անգամ խանդ են դրսեւորում։ Խանդի «տեսարաններ» են սարքում հատկապես օձերը, որոնք ունակ են իրենց սիրած անձի վրա ուշադրություն դարձնող յուրաքանչյուրին վնաս տալ։ Նրանք եթե սիրահարվում են, ապա դա ամբողջ կյանքի համար է եւ իրենց սիրեցյալին հանգիստ չեն տալիս, բայց նաեւ վնաս էլ չեն տալիս: Կապիկների՝ ավելի շուտ գորիլաների, մարդկանց նկատմամբ սերը դարձել է անգամ ֆիլմերի նկարահանման պատճառ։ Հայտնի է, որ գորիլաների որձերը հաճախ են սիրահարվում գեղեցկատես աղջիկների, անգամ նրանց նկատմամբ մեղմ ու նուրբ են դառնում: Գեղեցկատես աղջիկներին են սիրահարվում նաեւ արջերը, որոնք ակտիվ սեռական ձգտումներ են ցուցաբերում։ Իսկ դելֆիններից ավելի հաճախ սիրահարվում են էգերը, այն էլ տղայի։ Նրանք տղաներին գրավելու համար առանձնահատուկ ոչինչ չեն անում, այլ միայն իրենց վարքագիծը դառնում է փոքր- ինչ ակտիվ, երբ տեսնում են իրենց սիրելիին։ Դելֆինների սերը մշտական չէ, նրանք հեշտությամբ են մոռանում սիրախաղերը, մանավանդ երբ հանդիպում են իրենց տոհմի հակառակ սեռի ներկայացուցչին եւ ստանում նրանից սիրո տարբեր դրսեւորման ձեւեր։

Կենդանիների սիրահարությունը մարդկանց նկատմամբ առանձնապես վնասակար չէ ոչ կենդանուն, ոչ էլ մարդուն, սակայն երբ լինում է հակառակը՝ մարդն է սիրահարվում որեւէ կենդանու, դա արդեն հոգեբանական շեղում է եւ եթե բուն սեռական ակտ է տեղի ունենում մարդու ու կենդանու միջեւ, վնաս է հասցվում եւ մարդուն, եւ կենդանուն՝ գոնե միայն միմյանց տարբեր վարակներ փոխանցելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել