Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Ըմբշամարտը Ստամբուլով չի ավարտվել»

Նոյեմբեր 03,2011 13:59

Թուրքիայում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունից, որտեղ մեդալներից բացի խաղարկվում էին նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր, մեր հունահռոմեական ոճի ազգային հավաքականը վերադարձավ ընդամենը մեկ բրոնզե մեդալով եւ ուղեգրով:

Հայաստանյան մամուլը թիմի մասնակցությունը գնահատեց անբավարար, ինչին հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը վերապահումներով է համաձայն՝ «Առավոտի» հետ հարցազրույցում ներկայացնելով իր հիմնավորումները:
– Համաձա՞յն եք հայաստանյան ԶԼՄ-ների տված գնահատականին:
– Իմ եւ մարզասերների սպասելիքները, բնականաբար, ավելին էին: Մենք կարող էինք ավելի շատ մեդալ եւ ուղեգիր նվաճել: Սակայն մեր լրատվամիջոցների տված «ձախողում» բնութագրմանը համաձայն չեմ: Անհաջողություն եղել է, սակայն դա էլ հարաբերական է: Որոշ լրագրողների հետ մի քիչ համաձայն չեմ, որովհետեւ նրանք, ասես, անհամբեր սպասում են անհաջողության եւ այն կրկնակի, եռակի բարդացված ներկայացնում: Իսկ ձեռքբերումների մասին լռում են:
– Ի՞նչ ասել է հարաբերական անհաջողություն:
– Եթե 120 երկրների պայքարում Հայաստանը գրավում է թիմային 9-րդ տեղը, ուրեմն այդ հավաքականն ուժեղ ըմբիշներով է համալրված եւ լուրջ թիմ է: Թույլ ընտրանին այդ տեղը զբաղեցնել չէր կարող:
– Բայց մենք խոսում ենք մեդալների եւ ուղեգրերի մասին: Իրոք ուժեղ ըմբիշներից միայն 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը բրոնզ եւ ուղեգիր նվաճեց:
– Այդ հարցով համամիտ եմ. ի վիճակի էինք ավելին անել: Բայց ուզում եմ անպայման նշել մի փաստ: 96 կգ-ում Արթուր Ալեքսանյանը գերազանց հանդես եկավ եւ գնում էր մեդալի, ինչու չէ, նաեւ՝ ոսկե: Սակայն ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես կողմնակալ մրցավարները նրա ճանապարհը փակեցին՝ անգամ բրոնզի համար պայքարելու իրավունքից զրկելով: Քառորդ եզրափակչում Արթուրը երկու գլուխ բարձր էր թուրք ըմբիշից, բայց մրցավարները կանգնեցրին նրան: Գոհ եմ միակ բրոնզն ու ուղեգիրը նվաճած Արսեն Ջուլֆալակյանից, թեեւ նա էլ պատրաստ էր չեմպիոնության: Բայց հաջողությունն այդ օրը նրանից երես էր թեքել: Յուրի Պատրիկեեւի մասին ասել, որ նա վատ հանդես եկավ, ճիշտ չի լինի: Նա կրկին պարտվեց Նունյես Լոպեսին: Բայց հավատացնում եմ, որ դեռ երբեք կուբացու հետ այդքան լավ չէր գոտեմարտել: Իսկ դրանից հետո երրորդ տեղի համար գոտեմարտում սայթաքում թույլ տվեց: Հավատացեք, որ նա արդեն աշխարհի նախկին չեմպիոնին չէր զիջում ոչ տեխնիկայով, ոչ էլ տակտիկայով: Պարզապես, նախ կուբացին ֆիզիկապես շատ հզոր է, եւ երկրորդ՝ Պատրիկեեւի համար ավանդաբար անհարմար մրցակից: Սպորտում այդպիսի բաներ կան, չէ՞: Ռոման Ամոյանից էին ակնկալիքները շատ մեծ: Բայց նրա էլ պատրաստվածությունն այն չէր: Ռոմանը մեծ մարզիկ է ու գորգում շատ ասելիքներ ունի: Համոզված եմ՝ նա եւ ուղեգիր կնվաճի, եւ Լոնդոնում լավ մարզավիճակ ունենալու դեպքում ի վիճակի է շատ մեծ արդյունքի հասնել: Մի խոսքով, սպորտում ոչ ոք անհաջողությունից, պարտությունից ապահովագրված չէ: Ցանկացած մարզիկ էլ ունենում է վերելքի եւ նահանջի պահեր:
– Հիմա հայ մարզասերներին հետաքրքրում է, թե 2012 թվականին Հայաստանը հունահռոմեական ոճի քանի՞ ըմբիշ կունենա օլիմպիական խաղերում:
– Առջեւում դեռ երեք վարկանիշային մրցում ունենք Բուլղարիայում, Չինաստանում եւ Ֆինլանդիայում: Ճիշտ է, աշխարհի տարբեր կողմերում նշանակված այդ մրցումների միջեւ ընդամենը մեկական շաբաթ է նախատեսված, ինչը տեղափոխվելու, ժամային գոտիների հսկայական տարբերության առումով լուրջ բարդություններ է առաջացնում, սակայն աշխատելու ենք նվաճել հնարավոր առավելագույնը: Իսկ թե քանի՞ վարկանիշ կլինի, եկեք չխոսենք: Ես սովորաբար մրցումներից առաջ մեդալների, վարկանիշների մասին չեմ խոսում: Այս անգամ Ստամբուլ մեկնելուց առաջ սխալվեցի՝ ասելով, որ ակնկալում եմ մինչեւ չորս ուղեգիր: Հետեւանքը, նկատի ունեմ գնահատականները, ինքներդ եք տեսնում: Ավելի ճիշտ կլինի սպասել մինչեւ ամեն բան վերջնականապես կպարզվի:


ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930