ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ստամբուլ շարունակվում է։
Զարեհ Սինանյանն այցելել է Ստամբուլի հայ համայնքի «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոց, ինչպես նաև հիվանդանոցի ենթակայությամբ գործող տարեցների խնամքի կենտրոն և Պետրոս Շիրինօղլուի թանգարան։
Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է հաստատությունների պատմությանը, գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին, հանդիպել կառույցների ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հաստատությունների առջև ծառացած մարտահրավերները, դրանց գործունեության շարունակականության ապահովմանն առնչվող հարցերը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները։
Կարդացեք նաև
Թանգարան կատարած այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի բժիշկ Սևան Սվաճըողլուն։
Այցի նպատակներից էր ծանոթանալ Ստամբուլի հայ համայնքի պատմամշակութային ժառանգությանը, ազգային հաստատությունների գործունեությանը, ինչպես նաև դրանց պահպանմանն ու շարունակականության ապահովմանն ուղղված ջանքերին։
Զարեհ Սինանյանն ընդգծել է տեղի հայ համայնքի ազգային հաստատությունների կարևոր դերակատարությունը համայնքային կյանքի կազմակերպման, հայկական ինքնության, մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման գործում։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ



















































