Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ գործարարը չի կարող իշխանությունից դուրս լինելով` իրեն պաշտպանված զգալ

Նոյեմբեր 11,2011 10:06

Այնքան խորն է մեզ մոտ բիզնեսի սերտաճումը իշխանական համակարգին, որ դրանց տարանջատման մասին խոսելն բոլորին եւ մշտապես միայն հռետորաբանություն է թվացել: Դրա մասին խոսում էին քաղաքական, լրագրողական շրջանակներում, փորձագիտական եւ զեկույցային մակարդակով, հաշվետվություններում եւ միջազգային գնահատականներում` միշտ նշելով, որ բիզնեսն ու քաղաքականությունը Հայաստանում այնպես են սերտաճել, որ դրանք արդեն տարբերել հնարավոր չէ, եւ այդ միախառնումը պարզապես խանգարում է երկրի զարգացմանը: Հիմա դա նախագահն է ասում: Արդյո՞ք միայն ասելու համար, թե հետեւելու են գործողությունները, միայն նախընտրական հռետորաբանություն է, թե՞ տակը բան կա: Կամ ինչպե՞ս պետք է տարանջատել, երբ մեծ հաշվով տարանջատողը նույնպես միախառնված է այդ երեւույթին: Որպեսզի այդպիսի տարանջատման գոնե սկիզբը դրվի` դրա համար նախ պետք է վիճակի մասնագիտական գնահատական տրվի համապատախան մասնագիտական կամ հատուկ ձեւավորված կառույցի կողմից, անուն առ անուն հստակեցվեն միախառնման դեպքերը, սակայն դա արվի առանց քաղաքական հետին նպատակների: Հարկավոր կլինի նաեւ առանց կեղծավորելու պատասխանել այն հարցին, թե ե՞րբ, ի՞նչու եւ ի՞նչ պատճառով է գործարարը հայտնվում իշխանության մեջ կամ պետական համակարգում, ինչո՞ւ նա չի կարող իշխանությունից դուրս լինելով` իրեն պաշտպանված զգալ: Այդ հարցի պատասխանը եթե առանց երեսպաշտության, ազնվորեն տանք, նոր կարող ենք հասկանալ` տարանջատել կարո՞ղ ենք, թե՞ ոչ, տարանջատումն իսկապես տարանջատո՞ւմ է լինելու, թե՞ իշխանությանն անհաճո այս կամ այն գործարարի ունեցվածքի վերաբաժանում:

Մեզ մոտ յուրաքանչյուր իշխանություն թույլ է տվել հարստանալ իրեն հաճո մարդկանց: Այդ իսկ պատճառով գործարարին պետք է ամեն գնով հաճո դառնալ տվյալ իշխանությանը` ընդհուպ ընտրարշավների ֆինանսավորմամբ: Միաժամանակ նա հստակ գիտե` եթե իր հովանավորներն այլեւս իշխանության չլինեն, իր բիզնեսն այլեւս չի ծաղկի: Երբ ստեղծվի այնպիսի միջավայր, որ գործարարին բոլորովին պետք չլինի «մուծվել» եւ դրա դիմաց արտացոլվել նախընտրական ցուցակի անցողիկ տեղում` համապատասխան պաշտպանական զրահաբաճկոն ստանալով, երբ հարկայինը հարկային տեռոր չանի նրա նկատմամբ, գործարարներին չբաժանի մերոնքական եւ ոչ մերոնքական գործարարների, իշխանությունը մեկին տանիք չդառնա, մյուսին անտեր թողնի կամ կողոպտի, ահա այս դեպքում կարելի կլինի խոսել տարանջատումից: Երբ գործարարը վստահ լինի, որ իշխանության փոփոխության պարագայում իրեն կուլակաթափ չեն անի, նա ինչո՞ւ պիտի ուզենա գնալ Ազգային ժողով եւ հանգիստ, գրասենյակում իր բիզնեսի հաշվեկշիռը կազմելու փոխարեն` վերածվի կոճակ սեղմողի, դեռ անընդհատ էլ ժխտի, որ ինքը չի զբաղվում բիզնեսով, եւ իբր` բիզնեսն իր որդունը կամ կնոջն է: Իսկ եթե բիզնեսի ու իշխանության տարանջատումը սոսկ մահակ է ծառայելու անհնազանդ գործարարներին հնազանդեցնելու, կամ քաղաքական անցանկալիներից բիզնես խլելու եւ ունեցվածք վերաբաժանելու համար, ապա, ներողություն, այդպիսի «տարանջատումն» ավելի լավ է առայժմ մոռանալ: Ամեն դեպքում նախագահի խոսքերն ասվել են, եւ հասարակությունը սպասում է հաջորդող քայլերին:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930