Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակ սահմանագիծ է դրվում՝ «կա՛մ պետական պաշտոնյա, իշխանավոր, կա՛մ գործարար»

Նոյեմբեր 11,2011 10:13

Ամենեւին խտացրած չենք լինի գույները, եթե ասենք, որ գործարարության ու պետական պաշտոնի մեկտեղման հաճախակի դրսեւորումներն ուղղակի կաշկանդում են երկրի տնտեսական, ու ոչ միայն տնտեսական, առաջընթացը։ Այսինքն` գործ ունենք մի այնպիսի բացասական գործոնի հետ, որ եթե դրա դեմը չառնենք, ապա այն ինքը, ի վերջո, մեր «դեմը կառնի» գործունեության ցանկացած բնագավառում, որպես արգելապատնեշ ու բալաստ։
Գաղտնիք չէ, որ պաշտոնն ու բիզնեսը մեկտեղել-միահյուսելը արդի հայ իրականությունը բնութագրող արատներից են դարձել։ Ըստ որում, դա նոր երեւույթ չէ, դրսեւորվել, ապաեւ արմատավորվել է տարիների ընթացքում` ժամանակի հետ դառնալով կամ ընկալվելով որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։
Այսինքն՝ եթե որեւէ մեկը նախարարի, փոխնախարարի, որեւէ գերատեսչության վարչության պետի պաշտոն է զբաղեցրել, կարճ ժամանակ անց հասարակության մեջ սկսել են խոսել տվյալ պաշտոնյային պատկանող ընկերության, ձեռնարկության, խանութի, մի խոսքով՝ բիզնեսի եւ դրա սլացիկ առաջընթացի մասին։
Ավելի հաճախ ուշադրության արժանանում են խորհրդարան մտած գործարարները, նույնիսկ այսպիսի արտահայտություն է արմատավորվել մեր բառապաշարում՝ «գործարար-պատգամավոր»։ Բայց ակնհայտ է, որ փոքր չէ նաեւ գործադիր իշխանության համակարգում, նաեւ իրավապահ եւ ուժային կառույցներում միջին ու բարձր պաշտոն եւ, միաժամանակ, գործարար շահեր ու հետաքրքրություններ ունեցող անձանց թիվը։
Հաճախ նրանց «բիզնեսները» գրանցված են ընտանիքի անդամների, զավակների, բարեկամ-հարազատների անուններով։ Մի կողմից, իհարկե, չես կարող որեւէ մեկին ասել, թե՝ բիզնեսով մի զբաղվիր, որովհետեւ քո հայրը (քեռին, հորեղբայրը եւ այլն) պաշտոն ունի։ Բայց, մյուս կողմից, բոլորն էլ հասկանում են, թե ինչպես է լինում, որ այդ անձանց գործարար «տաղանդները» դրսեւորվում են հատկապես նրանից հետո, երբ իրենց այս կամ այն հարազատը հայտնվում է պետական որեւէ պաշտոնում։
Հասկանալի է նաեւ, որ պետական պաշտոնի եւ բիզնես շահերի մեկտեղման պարագայում վերջինն ամբողջությամբ կլանում է առաջինը։ Այսինքն՝ պաշտոնն ու դրա ընձեռած լծակները, հնարավորությունները ծառայեցվում են բացառապես անձնական շահերին, իսկ դա, ինչպես ասվում է՝ «վերջն» է։
Դա այն դեպքն է, երբ շահերի մեկտեղումն առանձին վերցրած անհատին որոշակի բարիքներ ու բարեկեցություն է ապահովում` փոխարենը ավերածություններ գործելով պետական համակարգում, միաժամանակ բացառում այդ համակարգի նկատմամբ քաղաքացիների ու հասարակության դրական վերաբերմունքի որեւէ հնարավորություն։ Նման մեկտեղումը հենց կոռուպցիա, տնտեսական հակամրցակցային միջավայր ու չարաշահման բույն է՝ մեկ սրվակում։
Այս ամենի մասին բազմիցս է խոսվել, այս արատավոր երեւույթը տարիներ շարունակ քննարկվել ու քննադատվել է, տրվել ու շրջանառվել են բազմաթիվ օրինակներ, անուններ, փաստեր։ Բայց երեւույթը դրանից չի վերացել, պաշտոնյա-բիզնեսմենները մեր տնտեսական ու քաղաքական իրականությունից չեն գոլորշիացել։
Սակայն հիմա հենց պետության ղեկավարն է շեշտում՝ «գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»։ Եվ երբ դա ասվում է նախագահի մակարդակով, հնչում որպես հստակ նախազգուշացում եւ ընկալվում այնպես, որ ասվածին հակառակն այլեւս գնահատվելու է որպես անընդունելի ու, ըստ այդմ՝ պատժելի երեւույթ, փաստորեն հստակ սահմանագիծ է դրվում, որ կարելի է այսպես ձեւակերպել. «կա՛մ պետական պաշտոնյա, իշխանավոր, կա՛մ գործարար», այլ ոչ թե՝ «ե՛ւ պաշտոնյա, ե՛ւ բիզնեսմեն»։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930