
Ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից նախապատրաստված նյութերը` մասնավորապես պարզվել է, որ Գվինեայի Հանրապետության քաղաքացի Ա. Ք.-ն Թանզանիայի Միացյալ Հանրապետությունում բնակվող ոմն Ռ.-ի հետ նախնական համաձայնության է եկել` ինքնաթիռի տոմսերի ապօրինի վաճառքի, շուկայականից էժան գներով ավիատոմսեր գնել ցանկացողներից կանխիկ գումար ստանալու, դրանք հափշտակելու, ավիատոմսի գումարը կեղծ բանկային քարտերի օգտագործմամբ այլ անձանց բանկային հաշիվներից վճարումներ կատարելու շուրջ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Թանզանիայում նմանատիպ մի քանի գործարքներ հաջողությամբ իրականացնելուց հետո 2011թ. օգոստոսին Ա. Ք.-ն եկել է Հայաստան` նպատակ ունենալով Հայաստանում եւս շարունակել իր գործունեությունը: Այս նպատակով փնտրել եւ գտել է ավիատոմսերի գնորդներ: Մասնավորապես` 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ թվով երեք քաղաքացիների անվամբ Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Մոսկվա-Սոչի չվերթերի ավիատոմսեր ձեռք բերելու համար ստացել է գումարն եւ խաբեությամբ հափշտակել:
Գնորդների վստահությունը չարաշահելու արդյունքում խարդախությամբ ստացված գումարների հափշտակությունը քողարկելու համար Ա. Ք.-ն ոմն Ռ.-ին համացանցով տեղեկություն է հաղորդել` նրան տրամադրելով ավիատոմսերի պատվիրատուների անձնագրային տվյալները: Այնուհետեւ քննությամբ դեռեւս չպարզված անձանց հաշվեհամարներից հափշտակված գումարների հաշվին, կեղծ բանկային պլաստիկ քարտի օգտագործմամբ էլեկտրոնային ավիատոմսերի դիմաց վերոհիշյալ երեք քաղաքացիների անվամբ կատարել է վճարումներ: Արդյունքում` Ա. Ք.-ն եւ Ռ.-ն հափշտակել եւ օրինականացրել են խոշոր չափերի գումար:
Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն:
Եթե կան քաղաքացիներ, ովքեր տուժել են նկարում պատկերված կնոջ գործողություններից՝ խնդրում ենք դիմել Ազգային անվտանգության ծառայություն կամ ՀՀ գլխավոր դատախազություն: Հեռ.511-582
Genproc.am


















































