Դատարանի համակարգչի ժամանակը չի համընկնում քաղաքացիների ժամանակացույցին
Երեկ ողջ օրն անցկացրի ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատական նիստերի տարբեր դահլիճներում:
Ուրախանում էի, երբ, մասնավորապես, դատավորը կամ դատական նիստերի քարտուղարն ինձ չէին ճանաչում եւ, օրինակ, ընդմիջման ժամանակ նիստերի դահլիճում արված լուսանկարներիս դեմ ընդվզում էին:
320 նիստերի դահլիճում դատարանի (Ն.Հովսեփյան, Ն.Բարսեղյան, Ա.Մկրտչյան) գլխավերեւում չեք տեսնի մեր խորհրդանիշը՝ զինանշանը: Այն կարող ենք գտնել դահլիճ մտնելիս, երբ նայենք աջ պատի ուղղությամբ: Իսկ դրոշը ծածանվում է քարտուղարի ետեւում:
Կարդացեք նաև
Դա դեռ ոչինչ:
Երեկ Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչը դատարան եկավ ժ. 11.55-ին: Դատական տարբեր նիստերի մասնակիցների ժամացույցներն ու բջջային հեռախոսները նույն այդ ժամանակն էին ֆիքսում: Սակայն նիստը 10 րոպե առաջ ավարտվել էր եւ արձանագրվեց, որ տվյալ գործով դատավարության կողմերը բացակա են ու այդ պատճառով նիստը հետաձգվեց:
Քաղաքապետարանի աշխատակիցը փորձում էր ապացուցել, որ ինքը նշանակված ժամին է ներկայացել, բայց իզուր, քանզի պարզվեց, որ դատարանի համակարգչի ժամանակացույցը «ճիշտ» ժամն է ցույց տվել: Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչը հարցնում էր.
-Դատական համակարգն ու Գրինվիչի ժամը չեն համընկնո՞ւմ: Դատական օրենսգրքում նոր փոփոխություննե՞ր են եղել:
Երբ մեկ այլ քաղաքացու ժամն էլ չհամընկավ դատարանի մշտարթուն համակարգչին, նիստին հետեւողները ռեպլիկի ձեւով նկատեցին.
-Քո ժամն էլ Գրինվիչով չէ:
322 դահլիճում նշանակվել էր Վլադիմիր Մովսիսյանի հայցադիմումի դեմ բերված բողոքը: Նշեմ, որ դատարանի վազող տողով՝ «ԴատաԼեքսով» տեղեկացվում էր բառացիորեն հետեւյալը. «Վլադիմիր Մովսիսյանի հացը բավարարել»: Ու այդ «հացի» դեմ էլ բողոք էր բերել Կարեն Թովմասյանը, որը ներկա չէր դատին, քանի որ հանրապետությունից բացակայում էր: Նախ, Վլադիմիր Մովսիսյանն այն հայտնի կուսակցական-պետական գործիչը չէր, այլ շարքային տաքսու վարորդ՝ Արարատի մարզից, որին մի քաղաքացի գումար է վստահում մեկ այլ քաղաքացու փոխանցելու համար: Գումարը՝ 1.500.000 դրամ, վարորդը վստահում է 3-րդ անձի, սակայն 3-րդ անձը տեղ չի հասցնում գումարով «տուփը»:
Ստիպված էին գումարը վարորդից պահանջել: Սակայն Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վլադիմիր Մովսիսյանի «հացը» (հայցը- Ռ. Մ.) բավարարում է: Ինչ վերաբերում է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին, ապա սույն գործով վճիռը դատարանը կհրապարակի դեկտեմբերի 8-ին:
Ուշադրության արժանի էր այն, որ դատարանի կազմը փոխվեց, եւ դատավոր Տիգրան Սահակյանը նստեց դատավոր Նոյեմ Հովսեփյանի աթոռին, ապա նույն Տիգրան Սահակյանը դարձավ ցանկալի նաեւ դատավոր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ ընթացող մեկ այլ նիստի ժամանակ: Այն ընթանում էր 321 դատական նիստերի դահլիճում:
«Առավոտի» հարցին, թե «Ինչո՞ւ են դատավորները հաճախակի փոխում իրենց եռյակները կամ նստելատեղերը», դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը տեղեկացրեց, որ տվյալ դեպքում ինքը փոխարինեց ֆիզիկական արձակուրդում գտնվող Աստղիկ Խառատյանին: Իսկ եթե «նման շարժեր» են լինում, ապա դա բացատրվում է դատավորի հիվանդությամբ կամ հարգելի պատճառով արձակուրդում գտնվելու հանգամանքով: Հասկանալի էր, որ դատավորն էլ կարող է հղի լինել: Կամ «կիսահղի»՝ հիվանդ:
Ափսոս, որ դատական հերթական նիստին չէին ներկայացել քաղաքացի Ռոզա Սողոմոնյանն ու «Շանթ պլյուս» սահմանափակ պատասխանատվության ընկերության ներկայացուցիչը: Հրապարակվեց դատական ակտը:
«Շանթը» պահանջում էր տիկին Ռոզայից պայմանագրի լուծման հիմքով գույքը վերադարձնել: Ակնարկված գույքը «Կլիմանսան» սառնարանն է:
Աշտարակի բժշկական կենտրոնից չվճարված աշխատավարձ էր պահանջում Աշոտ Ազիզյանը: Այս նիստով էլ դատավորի «դիֆիցիտ» կար: Փոխվեց եռյակը եւ նախագահում էր Նարինե Բարսեղյանը: Դատավորին հետաքրքրեց, թե արդյոք կա՞ պայմանագիր, որով հիմնավորվի Ազիզյանի աշխատանքից ազատման օրը, քանի որ աշխատանքային գրքույկի պատճենից պարզ չէր, թե Ա. Ազիզյանը 2007թ. հունիսի 18-ի՞ն է ազատվել, թե՞ մեկ ամիս հետո: Բուժկենտրոնի ներկայացուցիչը հայտնեց, որ գործատուն պայմանագիր չի կնքել: Այս բողոքով էլ դատական ակտը կկայացվի դեկտեմբերի 8-ին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ