Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրացրել է կենսաթոշակառուների գումարները

Նոյեմբեր 26,2011 12:54

Դատարանում վանաձորցին ընդունեց մեղքը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է շարունակաբար, միասնական դիտավորությամբ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու, առեւտրային կաշառք ստանալու եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու մեջ մեղադրվող վանաձորցի Շողիկ Վարդումյանի դատաքննությունը:

Վանաձորցի կնոջը մեղադրանք է առաջադրված ՀՀ քրօրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325 հոդվածի 1-ին մասով, 200 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 47-ամյա Շողիկ Վարդումյանը, աշխատելով «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի փոստային բաժանմունքի պետի պաշտոնում, շարունակաբար, միասնական դիտավորությամբ, 2007 թ. հոկտեմբերից մինչեւ 2010 թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է կենսաթոշակառուների առանձնապես խոշոր չափերով՝ 3. 739. 291 ՀՀ դրամ կենսաթոշակային գումարները:

Բացի այդ՝ 2009 թ. հունվարից 2010 թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կեղծել եւ օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնեական փաստաթղթեր եւ հանդիսանալով շահույթ հետապնդող առեւտրային կազմակերպությունում կառավարչական գործառույթ իրականացնող ծառայող՝ ստացել է առեւտրային կաշառք:

Դատական նիստի ժամանակ Շողիկ Վարդումյանը իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում, բացառությամբ առեւտրային կաշառքի, որը ընդունեց մասնակի:

Դատարան հրավիրված տուժողներն ու տուժողների ներկայացուցիչները պնդեցին իրենց գումարային պահանջը: Իրենք անձնական թշնամանք չունեն ամբաստանյալի նկատմամբ, տարիքով մարդիկ են, վատառողջ, ընդամենը պահանջում են իրենց չվճարված թոշակները:

Տուժող Ռոզա Խումարյանից, օրինակ, ըստ գործի նյութերի, Շողիկ Վարդումյանը «հափշտակել» է 733.000 դրամ:

Ռոզա Խումարյանը դատարանում պնդեց նախաքննական մարմնին տված ցուցմունքը:

Վերջինս առաջարկել է Շողիկ Խումարյանին իր բացակայության ժամանակ ստանալիք թոշակը հանձնել հարեւանուհուն: Օգնության դիմաց էլ առաջարկել է ստացած թոշակից ամսական 1000-1500 դրամ վերցնել՝ որպես շնորհակալություն:

Սակայն, երբ վերադարձել է ՌԴ-ից ու հայտնաբերել, որ թոշակից զգալի գումար է պակասում, դիմել է համապատասխան քայլերի:

Ըստ գործի նյութերի՝ նախնական համաձայնության գալով թոշակառու Ռոզա Խումարյանի հետ եւ իմանալով, որ վերջինս 2006 թվականի նոյեմբերին ՀՀ-ից բացակայելու է, ամսական 1000-1500 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալու պայմանով Ռոզա Խումարյանի օգտին գործողություններ կատարելու համար վերջինիս կենսաթոշակային գումարները վճարել է Արփիկ Ղալայանին եւ մինչեւ 2007 թվականի սեպտեմբեր ամիսը ստացել 13.549 ՀՀ դրամ առեւտրային կաշառք:

Սակայն, 2007 թվականի հոկտեմբերից մինչեւ 2010 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում օգտվելով թոշակառու Ռոզա Խումարյանի ՀՀ-ից բացակայելու հանգամանքից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կենսաթոշակների վճարման ցուցակներում կեղծելով վերջինիս ստորագրությունը, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված 709.433 ՀՀ դրամ կենսաթոշակային գումարները:

Գործում տիկին Ռոզայից բացի ներգրավված են եւս 11 տուժող ու տուժողի ներկայացուցիչ:

Ա. ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930