
Արարատի մարզում չեն դադարում խոսակցությունները, որ նոյեմբերի 18-ին «Էլիզա» գիշերային ակումբի տարածքում հնչած կրակոցները արձակել է ոչ միայն Արթուր Բիլբուլյանը, այլև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության օպերատիվ բաժնի պետ Արթուր Գալստյանը, որի ավտոմեքենան այդ օրը եղել է նշված վայրում:
Մասիսցիները նաեւ պատմել են, որ հարուցված քրեական գործում որպես վկա է ներգրավվել Արթուր Գալստյանի վարորդը` Գրիգոր Հովհաննիսյանը, իսկ ոստիկանությունը կարողացել է վարպետորեն Արթուր Գալստյանին գործի միջից դուրս բերել, քանի որ նա ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ տղան է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատ-Երևան ավտոճանապարհի վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տարածքում հնչել են կրակոցներ: Պարզվել էր, որ Արթուր Բիլբուլյանն իր ընկերոջ՝ Արտաշատի բնակիչ 33-ամյա Գրիգոր Հովհաննիսյանի հետ գնացել էին «Էլիզա» գիշերային ակումբ, որտեղ իրենց մոտ եղած գազային ատրճանակները ցուցադրաբար դրել են սեղանին և պարուհիներին ստիպել պարել: Արդեն կեսգիշերին նրանք պարուհիներից մեկին կիսամերկ վիճակում դուրս են բերել ակումբից և ստիպել, որպեսզի նա պարի մայրուղում: Այդ ընթացքում օդ են կրակել:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ այս տարվա հոկտեմբերին Աբովյան քաղաքում սպանվել էր նշված գիշերային ակումբի տնօրենը:


















































