
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը եղել էր Վանաձորի ձերբակալված անձանց պահման վայրում, ուր գողություն կատարելու համար 2009 թվականի սեպտեմբերի 29-ին ձերբակալված Վլադիմիր Տոնոյանը հայտնել էր, որ իր եւ գողության մեջ մեղադրված Արմեն Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները բռնություն են կիրառել, որպեսզի իրենցից ինքնախոստովանական ցուցմունքներ կորզեն: Լոռու մարզի քննչական բաժինը քննելով Վլադիմիր Տոնոյանի եւ Արմեն Մելքոնյանի բողոքը, նրանց նկատմամբ ոստիկանության գործողություններում բռնություն չէր հայտնաբերել եւ այդ առթիվ քրեական գործ չէր հարուցել: Արթուր Սաքունցն այդ կապակցությամբ դիմել էր Լոռու մարզի առաջին ատյանի դատարան, վերջինս բավարարել էր հայցը: Գործը հսկող դատախազը բողոքարկել էր դատարանի վճիռը, վերաքննիչը բավարարել էր դատախազի բողոքը: Սաքունցը դիմել էր Վճռաբեկ դատարան, որը բավարարել էր բողոքը: Գործը վերադարձվել էր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին, որը, ըստ օրենքի, Վճռաբեկի այդ վճռից հետո պարտավոր էր քրեական գործ հարուցել, սակայն քրեական գործի նյութերն ուղարկել էր Դիլիջանի քննչական բաժանմունք: Այդ բաժանմունքի ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը քննություն կատարելով՝ մերժել էր քրեական գործ հարուցել ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների հանդեպ: Սաքունցը համաձայն չլինելով քննիչի այդ որոշմանը՝ դիմել էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: 2011 թվականի հուլիսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) բավարարել էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ հայցը: ՀՔԱՎ-ը պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի՝ քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշումը, եւ գործը ուղարկել նախաքննության: Այս ընթացքում ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը նախաքննություն կատարելով՝ որոշել էր հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործի վարույթը կարճել: Այդ կարճումը վերացնելու համար Սաքունցը կրկին դիմել էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:
Այս մասին «Առավոտը» գրել է դեռ 4-5 ամիս առաջ. «Սաքունցի հայցը նորից բավարարվեց. ոստիկանությունում քաղաքացիների բռնության ենթարկելու գործի քննությունը նորից կսկսվի» https://www. aravot.am/old/am/articles/regions/95768/view:
Նոյեմբերի 25-ին՝ Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը շարունակեց այդ հայցով դատը: Սաքունցը դատարանում հայտնեց, որ ավագ քննիչ Սաղաթելյանին բացարկ է հայտնել, որովհետեւ մինչ այդ նա քրեական գործը կարճել է եւ չէր կարող օբյեկտիվ լինել եւ նախաքննության ընթացքում այդ պատճառով է հրաժարվել նրան այդ գործով բացատրություններ տալ: Սաքունցը գտնում է՝ քանի որ գործը վերաբերում է ոստիկանների կողմից գործադրված բռնությանը, գործը պիտի քննվի Հատուկ քննչական ծառայությունում: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ Սաքունցը ասաց, որ հիմա Վլադիմիր Տոնոյանը չի բողոքում, սակայն չի էլ հերքում, որ նախկինում իր հանդեպ բռնություն է կիրառվել, որ նա գողության համար պատիժը կրելուց հետո ազատության մեջ է, սակայն վախենում է իր հանդեպ ոստիկանության վերաբերմունքից: Գործը հսկող դատախազ Արարատ Ազիբեկյանն ասաց, որ կա կոնկրետ քրեական գործ, որի վերաբերյալ քննիչը համակողմանի քննություն է կատարել եւ ոստիկանների կողմից բռնության կիրառումը չի ապացուցվել: Սաքունցն էլ պնդեց, որ թեեւ գողության համար պատիժը կրած Տոնոյանը այժմ չի բողոքում, սակայն կա հանրային շահ, որը պահանջում է՝ հանցագործությունը չպետք է թաքցվի: Սաքունցը զուգահեռ անցկացրեց. երբ անմեղսունակ անձը բռնության է ենթարկվում, նա չի կարող եւ չի բողոքում, սակայն հանրային շահը պահանջում է բացահայտել հանցագործությունը: Դատը շարունակվեց նոյեմբերի 28-ին, իսկ երեկ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հրապարակեց վճիռը, որով մերժեց Սաքունցի հայցը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































