Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեն՝ Հայաստանի, իր անցած ուղու եւ կարիերայի մասին
Օրերս Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը ժամանակակից դաշնամուրային կատարողական արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար անվանի դաշնակահար Ալեքսանդր Թորաձեին շնորհեց Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորի պատվավոր կոչում:
«Առավոտի» հետ զրույցում Ա. Թորաձեն հայտնեց, որ ինքը Երեւանում է շնորհիվ Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կ. Դուրգարյանի. «Շուրջ տասը տարի է՝ արտերկրում համագործակցում եմ հայ դիրիժորի հետ: Երկուսիս մենեջերը իտալացի ճանաչված Էտտորե Վոլոնտիերին է: Առաջին անգամ հանդես եկա ձեր օպերային թատրոնի նվագախմբի հետ եւ հիացած եմ երաժիշտների պրոֆեսիոնալիզմով: Մինչ այցս էլ կասկած չունեի այդ հարցում, քանի որ Երեւանի կոնսերվատորիայի անունը հոլովվում է արեւմուտքում: Իսկ վարպետության դասընթացներից հետո պետք է նշեմ, որ ապահովված է հայկական դաշնամուրային կատարողական բարձր արվեստի վաղվա օրը»: Ռեպլիկին, թե արդյո՞ք ամերիկաբնակ իրենց հայրենակցին Թբիլիսիի պետական կոնսերվատորիան շնորհել է պրոֆեսորի պատվավոր կոչում, Ա. Թորաձեն կատակեց. «Ինչպես ամեն ինչում, այստեղ էլ հայերդ առաջ ընկաք…»:
Հարցին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ իր կարիերան սկսել է Երեւանից, մեր զրուցակիցը նշելով, որ այնքան էլ չի ողջունում մրցույթները, մանրամասնեց. «1969թ. 16 տարեկանում արժանացա Երեւանում անցկացվող Անդրկովկասյան մրցույթի առաջին մրցանակի: Հենց այդ թվականից էլ սկսվեց դաշնակահարիս ուղին՝ հրավերներ ԽՍՀՄ տարբեր երկրներից, որին հաջորդեցին արտերկրյա ուղեւորությունները: Միայն կարիերայիս սկիզբը չէ, որ կապված է Հայաստանի հետ, իմ եւ քրոջս մանկությունն էլ անցել է Դիլիջանում»: Խնդրանքին՝ ավելի հանգամանալի պատմել, Ա. Թորաձեն ասաց, որ հայրը (վրաց անվանի կոմպոզիտոր Դավիթ Թորաձեն) իրեն եւ քրոջը՝ ներկայումս երաժշտագետ Նինոյի Թորաձեին տարին երկու անգամ, այն էլ մի քանի ամսով, բերում էր Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տուն. «Հայրս մտերիմ էր Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, մի խոսքով՝ հայ կոմպոզիտորական դպրոցի երեւելիների հետ: Կարծում եմ, կարելի է պատկերացնել, թե ես ու քույրս փոքր հասակից ի՜նչ «դպրոց» ենք անցել…»: 1983թ.-ից էլ ԱՄՆ-ում ապրելու եւ ստեղծագործական կյանք հաստատելու «մասով» էլ ընդամենն ասաց, որ իրեն՝ արդեն անուն վաստակած արվեստագետին էլ ԽՍՀՄ-ում պակասում էր ամենակարեւորը՝ ազատ ստեղծագործելու հնարավորությունը. «ԱՄՆ-ում հայտնվելս թանկ նստեց հորս վրա. նրանով հետաքրքրվեց խորհրդային ԿԳԲ-ն: Պատկերացնում եմ, թե ինչ ապրումներ է ունեցել հայրս դրանց նկուղում… Կարճ ասած՝ մի ամիս հետո մահացավ…»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ