Կոչ է անում դիրիժոր Էդուարդ Թոփչյանը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Գերմանիա եւ Հարավային Կորեա կատարած համերգային շրջագայությունից հետո, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դեկտեմբերի 9-ին կղեկավարի «սեփական» կոլեկտիվը. համերգը նվիրված է ռուսաստանաբնակ հանրահայտ Հախնազարյանների երաժիշտ ընտանիքին:
Արտերկրում հյուրախաղերով հանդես եկած մեր երաժիշտները մշտապես համակրանքով են խոսում այնտեղի հանդիսատեսի մասին, շեշտելով այն հանգամանքը, որ նրանք չափազանց պատրաստված են, իրազեկ ստեղծագործություններին, ավելին՝ դահլիճում գերակշռում են կատարվող երկի պարտիտուրին հետեւող ունկնդիրները: Էդ. Թոփչյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում երկրորդ անգամ (առաջինը մայիսին էր) ղեկավարել է Deutsche Kammer Philharmonic-ը, իսկ Սեուլում՝ տեղի Buchon Philharmonic-ը:
«Առավոտի» հետ զրույցում Էդ. Թոփչյանը նշեց, որ այսօր ամենամոդայիկ մասնագիտությունը թե արեւմուտքում եւ թե արեւելքում (նկատի ունի Հարավային Կորեան) պրոֆեսիոնալ երաժիշտ լինելն է. «Արեւմուտքը՝ հատկապես Գերմանիան դասական երաժշտության շուկա է՝ դարերի տրադիցիաներով: Հանրահայտ է, որ այնտեղ երեխաները դեռ բարուրից Բեթհովեն, Մոցարտ եւ այլ դասականների են լսում: Յուրաքանչյուր քաղաք ունի մի քանի նվագախմբեր եւ օպերային թատրոններ: Ինձ համար, իհարկե, առաջինը աշխարհում Berlin Philharmonic-ն է: Օրինակ, մեր Իջեւանի նման փոքր քաղաքը, որպես օրենք, «դրսում» ունենում է գոնե մեկ նվագախումբ եւ երգչախումբ: Հաճելիորեն զարմացած եմ կորեացիներով. համերգներին ներկա տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ձեռքին նկատեցի պարտիտուրներ, նույնիսկ Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան էին լսում պարտիտուրով»: Դիրիժորը հավելեց նաեւ, որ նվագախմբերի հովանավորները ոչ միայն այդ երկրների առաջին դեմքերն էին, այլեւ Samsung, Hyndai, Kia եւ այլ հանրահայտ ֆիրմաները: Նրա խոսքով, վերջերս մեր առաջին դեմքերն էլ են սկսել աջակցել դասական արվեստին:
Իսկ ինչպե՞ս անել, որ ունենանք պատրաստված ունկնդիր: «Անկասկած՝ տաղանդավոր ենք, բայց, միեւնույն ժամանակ՝ տգետ: Բաղձալի անկախությունից հետո եկանք դարձյալ մեր «նորմալ լաբորատոր» վիճակին: Չգիտես ինչու, «պայքարում» ենք տաղանդների դեմ եւ միայն կորցնելուց հետո սկսում նրանց աստվածացնել, քանի որ արդեն վտանգ չեն ներկայացնում: Խորհրդային տարիներին երաժշտական կրթությունը դարձել էր համարյա պարտադիր: Իսկ հիմա՞… Նույն Գերմանիայում եւ Հարավային Կորեայում այս մասով ճիշտ նույն վիճակն է: Կամ ֆուտբոլի, ծանրամարտի հաջողությունները որպես ազգային տոն ենք ընկալում: Ի՞նչ է, դասական արվեստի ոլորտում չունե՞նք հաջողություններ: Ունենք, այն էլ ինչքա՜ն ու ինչպիսի՜… Մի միտում էլ կա. ժամանակ ենք վատնում, օրինակ՝ Վերդիին, ֆոն Կարայանին եւ այլ մեծությունների հայացնելու: Եկեք սրա փոխարեն տեր կանգնենք մեր տաղանդներին»,- կոչ է անում Էդուարդ Թոփչյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ