Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրականություն, խտրականություն մինչեւ վերջ

Դեկտեմբեր 12,2011 17:26

Սարգիս Հացպանյանը եւ Պաուլո Կուելյոն

«Մարդու իրավունքների պաշտպանություն» արտահայտությունն առաջին անգամ լսել եմ հինգ-վեց տարեկան հասակում, թուրք ոստիկանության կողմից հորս հերթական անգամ բանտարկելու դժբախտ առիթով, երբ նրա դատապաշտպան, Ալեքսանդրետի ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչ, շվեյցարուհի տիկին Ուրսուլան մորս հետ խոսելիս օգտագործեց այդ բառակապակցությունը: Տարիներ անց, հորս ճակատագիրը ինձ էլ բաժին հասավ. պատանեկան տարիներից սկսած ճաշակեցի բռնությունների բոլոր տեսակները՝ սկսած թուրքի ձեռամբ ֆիզիկական խոշտանգումներին ենթարկվելուց եւ վերջացրած հայի կողմից իր հայրենիքից արտաքսվելու հոգեպես շատ ծանր իրավիճակում գտնվելը: Եւ, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների զոհերից մեկը լինելու հանգամանքով, կյանքիս տարբեր հատվածներում եւ տարբեր երկրներում ստիպված եղա առնչվել մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Վերջին ժամանակներս հաճախ եմ տեսել, թե ինչպես այնտեղ, ուր «հանցանք» էր հայ ազգային փոքրամասնությունից լինելը, ինչպես էին հասարակության տարբեր ազգությունների անդամ հանդիսացող և «Ազատություն, Ժողովրդավարություն, Հավասարություն» երազող մաքրամաքուր մարդիկ ամեն ինչից առաջ գնահատում մարդու իրավունքների պաշտպանության խրամատում գտնվողների կրած աննկարագրելի տառապանքներն ու, առավել նեղ կացության մատնվածներին, ցուցաբերում բարոյապես անգնահատելի մարդկային վեհագույն  վերաբերմունք:  Ու, անկախ իմ ցանկությունից, երբ դրանք համեմատում եմ 2008 թ. փետրվարի 23-ից  մինչ այսօր իմ և ինձ հետ միասին ընտանիքիս անդամների վիճակի հետ, պատկերը շատ տխուր, նույնիսկ ողբերգական է ստացվում: Ուզած-չուզած մտածում եմ, որ եթե այդ ամեն ինչին Թուրքիայի Հանրապետությունում «հանցանք» համարվող ՀԱՅ լինելուս պատճառով եմ ենթարկվել, ապա այստեղ էլ նույնպիսի վրեժխնդրությամբ հալածվելուս միակ պատճառը ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ լինելս է: ՀՀ իշխանությունների կողմից ոչ թե սփյուռքահայ, այլ օտարերկրացի որակվելով՝ Հայաստանից արտաքսվելու նախագահական հրամանին արժանացվածիս միակ մեղքն էլ 2008 թ. փետրվարյան նախագահական ընտրություններից հետո, հարյուր հազարավոր մարդկանց հետ միասնաբար նույն բողոքի ցույցերին մասնակցելն ու Ազատության հրապարակի հարթակից ունեցած ելույթներիս մեջ հաճախ ՀՀ Սահմանադրությունից մեջբերումներ անելն է, ուրիշ… ոչինչ:

Օգտվելով «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» առաջին իսկ հոդվածում նշված «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով, նրանք ունեն բանականություն ու խիղճ և միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն» դրույթի բովանդակությունից, ցանկանում եմ Համաժողովրդական շարժման ամենասկզբնական ժամանակահատվածի այդ մաքրամաքուր օրերին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից, երևի կոնկրետ իմ հետագա ճակատագիրը նկատի ունենալով մարգարեաբար արտասանված չարենցյան «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» իրավիճակում հայտնված ՄԱՐԴՈՒՍ խախտված իրավունքների մասին գրել:

Հիմք ընդունելով 30 հոդվածից բաղկացած մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածում նշված «Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որեւէ խտրության` հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որեւէ այլ կարգավիճակի վրա: Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնակառավարվող կամ ինքնիշխանության որեւէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը» դրույթի բովանդակությունը՝ պնդում եմ, որ ՀՀ-ում իմ` «իրավական, կամ միջազգային կարգավիճակն» ամբողջովին խախտվել է: Կարծես մնացած բոլոր քաղաքացիների հետ «ազատ ու հավասար լինելու, քաղաքական կամ այլ համոզմունքներ… կամ որեւէ այլ կարգավիճակ ունենալու, ապրելու, ազատության ու անձի անձեռնմխելիության» իրավունքներիս ոտնահարումը բավական չէր, գտնվել եմ նաև «անազատ վիճակում, ենթարկվել կտտանքների, դաժան, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, իրավունք չեմ ունեցել ճանաչվել որպես իրավասուբյեկտ, հավասար չեմ նկատվել օրենքի առջեւ, մշտապես խտրականության եմ ենթարկվել, օրենքով հավասար պաշտպանվելու իրավունքից և ազգային լիազոր դատարանների միջոցով իմ իրավունքների արդյունավետ վերականգնման իրավունքից արժանվույնս օգտվել չեմ կարողացել, ենթարկվել եմ կամայական կալանքի, բանտարկության և այժմ էլ արտաքսման սպառնալիքի դեմ հանդիման եմ գտնվում»:

Իրավունքներիս ու պարտականություններիս սահմանման համար պետք է նշեմ, կոնկրետ իմ դեմ քրեական մեղադրանքի դեպքում, լիակատար հավասարության հիման վրա, իրավունք չեմ ունեցել, որ իմ գործը արդարացի լսվի անկախ ու անկողմնապահ դատարանի կողմից. «ոչ ոք չէր կարող դատապարտվել որպես հանցագործ որեւիցէ արարքի համար, որը կատարվել է այնպիսի ժամանակ, երբ այն միջազգային օրենքով հանցագործություն չի համարվել», իսկ իմ պարագայում գործել է «ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է» տարբերակն ու ես դատապարտվել եմ:

«Ոչ ոք չէր կարող ենթարկվել կամայական միջամտության իր անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ, իր տան, թղթակցության և կամ իր պատվի ու համբավի դեմ կամայական ոտնձգության», ես ենթարկվել եմ:

«Ամեն ոք ունի տեղաշարժվելու և բնակության վայր ընտրելու ազատության իրավունք յուրաքանչյուր պետության սահմաններում», ես չունեմ: «Ամեն ոք ունի ցանկացած երկրից, այդ թվում իր երկրից հեռանալու և իր երկիր վերադառնալու իրավունք», իսկ ես դա չունեմ:

«Ամեն ոք իրավունք ունի այլ երկրներում հետապնդումից ապաստան որոնել և ապաստանից օգտվել», ես այդ իրավունքից օգտվելու համար դեռևս 2008թ. դիմել եմ ԼՂՀ պատկան մարմիններին, որոնք սակայն ինձ ցայսօր անպատասխան են թողել:

«Ամեն ոք ունի քաղաքացիության իրավունք», ես չունեմ:

«Ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է և պաշտպանվելու իրավունք ունի հասարակության ու պետության կողմից», ինձ ՀՀ-ից արտաքսելու հրաման տրված երկրում, այս իրավունքից ևս օգտվել չեմ կարող:

«Ամեն ոք ունի համոզմունքներ ունենալու և արտահայտվելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու և տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն, լրատվության ցանկացած միջոցներով, անկախ պետական սահմաններից» , սակայն այդ իրավունքներն իմ պարագայում գոյություն չունեն:

«Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքներին մասնակցելու ու միություններ կազմելու իրավունք», ես՝ ո՛չ:

«Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք», իսկ ես, չունենալով իրավական որևէ կարգավիճակ, այս իրավունքից ևս զրկված եմ և 2008թ. մարտի 1-ից անմիջապես հետո աշխատանք չունեմ:

Երևի արժե դադարեցնել «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» առկա իմ խախտված բոլոր իրավունքների շարադրումը, այլապես հարկ է լինելու թերևս դրա բոլոր հոդվածները copy-paste անել:

Վերոնշյալը, սակայն, ինչպես բոլոր հարցերում, մեդալի միայն մեկ երեսն է ցույց տալիս, որը և ներկայացնում է ՀՀ-ում իշխանությունը ժողովրդից զավթած շատ փոքրաթիվ մի խմբի մեղքի բաժինը: Իմ պարագայում, սակայն, իրավիճակը կրկնակի անտանելի էր, քանի որ բանտարկությանս առաջին պահերից սկսած, համաժողովրդական շարժումը ղեկավարելու առաքելությունը ստանձնածներից և նրանց ցանկացած քայլը ծափահարելու ինձ համար անհասկանալի գործառույթն իրականացնելու համար, կարծես միայն գոյություն ունեցող ԶԼՄ-ներից ոմանց համար, ԱՅԼ ԿԱՐԾԻՔ արտահայտողների շարքին էի դասվել և հենց միայն այդ պատճառով էլ, բարեբախտաբար, նրանց կողմից երբեք ՅՈՒՐԱՅԻՆ չհամարվեցի: Իմ դավանած բարոյական չափանիշերի համաձայն՝ հայրենիքս կամավոր պաշտպանելու գնացածիս ու հայրենի բանակում չծառայելու նպատակով ինչ-ինչ փաստաթղթեր կեղծողին նույն քաղբանտարկյալի կարգավիճակում դնելը, անշուշտ, անհասկանալի էր, սակայն ինչ արած ժամանակներն էին այդպիսին և նա էլ հավանաբար իր թերթի երկրորդ էջում յուրաքանչյուր օր տպագրված ՀՀ քաղբանտարկյալների ցուցակում ինձ համառորեն չներառելով, իր արևին, պատերազմի մասնակից լինելու փաստից իր վրեժը լուծեց:

Ինձ հարիր չէր նաև լքել գտնվածս նավն ու փախչել-գնալ իմ երկրից, ինչը մեկ ուրիշը մեր պայքարող ժողովրդից առանց ամաչելու շատ հանգիստ արեց: Եւ նրա համար կարճվող քրեական նույն գործի հատկանիշներով համաժողովրդական շարժման մեկ այլ նվիրյալ ընկեր, երկար տարիների բանտարկություն շալակած լինելով հանդերձ, կատարվածի առթիվ անկեղծ վերաբերմունք ցույց տալու փոխարեն՝ վերոնշյալ թերթերից մի մասում փախուստի դիմող դասալիքին իրենց էջերում գովելով, գրեթե երկինք բարձրացնելու փաստն անտեսելու տվավ:

Խոստովանում եմ, որ գտնվածս բանտերում իմ նման քաղբանտարկյալ համարվողներից ոմանց վարքուբարքի պատճառով, ամաչել եմ ու շատ անհարմար վիճակներում հայտնվել, բայց քանի որ այդ վայրերում տիրող բարքերին նման մարդիկ շատ էլ լավ սազում են, իմ դիրքորոշումը եղել է դասական քաղաքական բանտարկյալի կեցվածք ունենալ, առանց երբեք օգտվելով իշխանության բարեհաճություններից: Հենց այդ պատճառով էլ կիսագրագետ բախտակիցների մոտ հայտնված համակարգիչներով զօրուգիշեր շարիկ գլորելուն ականատեսը դառնալով հանդերձ՝ գեթ մեկ ժամով իսկ համակարգիչ ունենալ չեմ կարողացել, երբ բանտախցում փորձում էի Չարենց և Մաթևոսյան թարգմանել:

Այո… բանտում երկաթյա դռները մեր բախտակից ընկերներից ոմանց համար չէին փակվում, երբ ինձ նմանների համար դրանք օրը մեկ ժամից ավելի չէին բացվում երբեք, և դա ինձ մշտապես «եթե դու էլ նրանց նման սուս ու փուս նստես…»-ով էր բացատրվում: Եւ առաջին համաներումով ազատված այդ ընկերներից ոմանց, մեզ՝ ներսում մնացածներիս ցուցաբերվելիք իրավական աջակցությունից անգամ զրկվելում ունեցած մեղքի պատճառով՝ իմ՝ Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարան ներկայացվելիք թղթապանակը երկար ամիսներ փոշու տակ թողնելուց հետո մոռացության մատնվելու փաստն ինձ ոչ թե դիտավորություն, այլ իբրև դժբախտ պատահար ներկայացրին՝ իմ բանտից դուրս գալուց մեկ օր անց: Իսկ Սարյանի արձանի մոտ ինձ դիմավորող սքանչելի մարդկանց մոտենալն ու ողջունելն իսկ շատ համարողների բարոյական կերպարը ինչպիսի բառերով կարելի է ներկայացնել՝ չգիտեմ: Ինձ թվում է, նման մարդիկ բանտ նստելուց առաջ ինչպիսին էին, այդպիսին էլ մնացել են, որովհետև անբարոյի համար «դեպի ՄԱՐԴԸ դեռ երկար է իր ճամփան»: Ինչևէ… բանտային օրագրերիս լույսընծայումը հաջողացնելու շնորհիվ այս ամենը հասարակության սեփականությունը կդարձնեմ մի գեղեցիկ օր:

Քաղաքական բանտարկյալի իմ խաչն ամենայն արժանապատվությամբ մինչև վերջ տանելու արժանիքիս համար էր երևի, որ երկրորդ համաներումով ազատ արձակված մեր բախտակից ընկերներից մեկի օրաթերթում, մայիսի 26-ին  դեռևս բանտերում ազատազրկման մեջ գտնվածներիս ՄԱՐԴՈՒ ՏԵՂ իսկ չդնելով, «Նիկոլն ու Սասունը ազատ են, այսպիսով ՀԱԿ-ի իշխանությունների հետ երկխոսության նստելու համար դրած քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը կարելի է լիովին բավարարված համարել, անցնենք առաջ» էր գրված: Ճակատագրի հեգնանք էր, որ այդ տողերի հեղինակի հետ արված հարցազրույցն էր, որ միակ դրվածն էր «մեղադրական գործիս» հիմքում: Ինչ արած… Աստված իրենց հետ:

Բանտից դուրս գալուց ընդամենը երկու շաբաթ առաջ ինձ այցելեց նախկինում ինձ հետ նույն պատերի մեջ ազատազրկվածներից պատվարժան մի քաղբանտարկյալ, ով իր հետ բերել էր պատրաստի մի գրություն, որն իմ ձեռքով արտագրեցի, որտեղ հորդորում էի ՀԱԿ-ին, որ իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար՝ իմ դեռևս բանտում գտնվելու փաստը նկատի չունենա: Այդ գրությունը կայծակնային արագությամբ բոլոր լրատվամիջոցներում հրապարակվել էր, իսկ ՀԱԿ-ի անունից նախագահ Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ի հանրահավաքում իմ քաղաքացիության հարցի առթիվ ելույթ ունենալով իշխանություններից պահանջում էր «քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհել»:

Բանտից դուրս գալս դիմավորեցին միայն մի քանի օր առաջ ազատության մեջ հայտնված քաղբանտարկյալ ընկերս Սասուն Միքայելյանը, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը. ՀԱԿ-ից և ոչ մեկն իրեն նեղություն չէր տվել իր քաղբանտարկյալին դիմավորել, ու իրենց ամոթը ընդամենը մեկ օր հետո «շատ բազմազբաղ լինելով» արդարացնել փորձեցին:

Հետո եղավ այն ինչ ես վաղուց էի սպասում. ՀՀ գործող իշխանություններն ինձ կարգավիճակ տալը մերժեցին և ինձ մնաց մեր երկրում գոյություն չունեցող իրավական հարթության վրա ՀՀ եռաստիճան դատարանները սպառելով՝ ԵՄԻԴ հասնել: Սակայն ստացվեց մի վիճակ, որը մեկը-մեկին համապատասխանող շարունակությունն էր վերը նկարագրածի. քաղաքական, իրավական եւ բարոյական աջակցության տոտալ բացակայության պայմաններում անցան իմ՝ Հայաստանում ապրելու իրավունքիս համար սկսածս երկու դատական նիստերը: Ամենացնցողն այն էր, որ ՀԱԿ-ի վարած քաղաքականության աջակից հանդիսացող ԶԼՄ ներկայացուցիչների ո՛չ նախորդ, ո՛չ հաջորդ օրվա համարներում գեթ մեկ հիշատակում չկար, մինչդեռ այլ լրատվամիջոցներ, իրենց մասնագիտական բարձրության վրա գտնվելով, եղելությունն իբրև լուր հասարակությանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրին:

Այդ լռությունն այսօր էլ է շարունակվում, քանի որ ինչպես ինձ է ներկայացվել «հո, մեզնից չես սպասում, որ ազգի բոլոր դարդ ու ցավերը թողած քեզնով զբաղվենք»… Քավ լիցի… Ինչքան էլ գիտակցեմ, որ ազգս գոնե հաստատ իմ ունեցած այս դարդ ու ցավով չի տառապում, ինչքան էլ ենթադրեմ, որ ինձ հետ տեղի ունեցածի թեկուզ և մեկ տոկոսը միթե մեկ ուրիշի հետ կատարվելու լիներ, Հայաստանի լրատվական դաշտի «համաժողովրդական շարժման սատարող հատվածի մասով» գոնե քանի բալանոց երկրաշարժ կհրահրվեր:

ՀԱԿ-ի կողմից իմ ունեցած հարցի առթիվ արած առաջին քայլի կրկնությունը հանդիսացող 27.հուլիս.2011թ. «գործող իշխանություններին առաջարկում ենք, առաջնահերթ քննարկել եւ լուծել այս հարցը» հայտարարությունից առ այսօր անցած ամբողջ ժամանակահատվածում տեղի ունեցած ոչ մեկ հրապարակային միջոցառման ընթացքում երբեք որևէ մտահոգությամբ հանդես չեկած ու հայտարարություն չընդունածների անհասկանալի անգործությունն իրենց հիշեցնելու համար, մի երկու շաբաթ առաջ գրավոր դիմել եմ ՀԱԿ Քաղաքական Խորհրդի անդամ հանդիսացող կուսակցություն և հասարակական կազմակերպություններին, ինչից հետո հրավիրվել ու մասնակցել նաև իրենց նիստին: Արդյունքը խոսքով գերազանց, գործով զրոյական է եղել, որը ցավոք «սպասվում էր ավելի լավը ստացվեց ինչպես միշտ» տարբերակի շրջանակներում կարելի է ընկալել:

Շաբաթ օրը մասնակցեցի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՕՐՎԱՆ նվիրված Երևան քաղաքում տեղի ունեցած և ՀԱԿ-ի կողմից կազմակերպված միակ երթին: Դրա մասնակիցների շարքերում խորհրդային եւ քսանամյա անկախ հանրապետության օրոք ԿԳԲ-ի նկուղներից սկսած տարբեր բանտերում տանջված բախտակից հայորդիների աննշան ներկայությունն ինձ լրջորեն մտահոգեց, ու մտաբերեցի խորհրդային բանտերում Հայաստանի ազատության գաղափարը պաշտպանած լինելու «մեղքով» երկար տարիներ ազատազրկված, իմ կողմից հարգված խորհրդային քաղբանտարկյալի՝ ողբերգական մարտի 1-ից մեկ թե երկու օր առաջ Ազատության հրապարակի իմ վրանի մեջ ասած միտքը. «Եթե իրենց խոսքն ու գործը իրար համապատասխանող և մինչև ուղն ու ծուծը համամարդկային գաղափարներին նվիրված մի նոր սերունդ քաղաքական հարթակ չբարձրանա, մենք արդար Հայաստան կերտել չենք կարող»: Իրեն հիշեցի, քանի որ նա այդտեղ չկար… Հիշեցի նաև գրող Պաուլո Կուելյոի սքանչելի խոսքերը. «Ստիպված ես լսել սրտիդ ձայնը, քանի որ դրան լռեցնել երբեք չես կարող: Թեկուզ դրան չլսելու էլ տաս, դա այնուամենայնիվ այդտեղ է, քո կրծքում: Շարունակելու է կյանքն ու աշխարհի մասին քո մտածածները քեզ կրկնելով հիշեցնել: Ոչ ոք իր սրտից փախչել չի կարող, այդ իսկ պատճառով էլ ավելի լավ է դրա ասածները լսել: Քանի դեռ հավատում ես երազներիդ, սիրտդ ցավ չի զգա երբեք…»:

Գրածս իմ սրտի խոսքն էր, իսկ նյութը իր գրեթե բոլոր իրավունքներից զրկված մի մարդու վերջին տարիների ոդիսականին է վերաբերում, որը աղաղակող խտրականության զոհ լինելով հանդերձ շարունակում է դեռ իր երազներին հավատալ:

 

Սարգիս Հացպանյան

Նախկին քաղբանտարկյալ

Երևան, 10, դեկտեմբեր, 2011թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031