Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ «ԼԳԲՏ տղաների ինքնասպանության գործով իրավապահները չեն քննարկում ինքնասպանության հասցնելու վարկածը»

Հոկտեմբեր 28,2022 17:11

Հանրությունն արդարացնում էր ԼԳԲՏ երկու երիտասարդների ինքնասպանությունը, ասում էին՝ այդպես էլ պետք է լիներ, դա է ճիշտ ճանապարհը ԼԳԲՏ անձանց համար, այդպիսի մարդիկ չպետք է Հայաստանում ապրեն։ Դատելով հրապարակումների տակ արված մեկնաբանություններից, այս եզրահանգման է եկել «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Լուիզա Վարդանյանը։

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ Լուիզա Վարդանյանն ասաց, որ վերջին շրջանում մեկ տրանսկին է նետվել կամրջից՝ կյանքին վերջ տալով, գործի հանգամանքներն այդպես չբացահայտվեցին։ Ըստ նրա, նախկինում տեղի ունեցած նման դեպքերն այսպիսի լայն արձագանք չէին ստացել, քանի որ նրանց սեռականությունը բացահայտորեն ներկայացված չէր։ «Այս դեպքում, երբ տղաները լուսանկար էին հրապարակել, որտեղ երեւում է, որ նրանք անձական հարաբերությունների մեջ են, դա մեդիայի համար դարձավ մանիպուլյացիայի աղբյուր, ինչի պատճառով այդ տեղեկատվությունը շատ տարածվեց։ ԼԳԲՏ անձինք շատ հաճախ հենց ընտանիքում են բռնության ենթարկվում, երբ կողմնորոշման մասին իմանում են ընտանիքի անդամները։ Երբեմն այս անձինք ելք չգտնելով՝ իրենց մոտ առաջանում է միտք՝ ընդունված չեն հասարակության շրջանում, ընդունված չեն ընտանիքում, որը պաշտպանող օղակը պետք է լինի, փորձում են այլ ելք գտնել»,-ասաց փաստաբանը։

Քննարկման մեկ այլ մասնակից, «Փինք» իրավապաշտպան ՀԿ հաղորդակցման ղեկավար Մամիկոն Հովսեփյանն էլ նշեց, որ մի քանի տարի առաջ եւս եղել է նման դեպք․ «Երբ զուտ ընկերներ էին, նրանցից մեկի ծնողներն իմացել էին հարաբերությունների մասին՝ տղային հեռացրել էին քաղաքից ու դաժան բռնությունների էին ենթարկել, ինչի հետեւանքով տղան ինքնասպանության էր դիմել։ Նրան փրկել էին։ Հետո զուգընկերոջ դեմ ծնողները հայց էին ներկայացրել ոստիկանություն՝ մեղադրելով սեռական բռնության մեջ։ Նրանք մի քանի տարի միասին էին, սակայն մյուս զուգընկերն իմանալով, որ ոստիկանությունում կողմնակալ ու խտրական վերաբերմունքի զոհ կարող է լինել, այդ վախից իրեն վնասելով ինքնասպան է եղել»։

Լուիզա Վարդանյանի խոսքով՝ միջազգային մարմիններն իրենց պրակտիկ փաստաթղթերում նշում են, որ իրավապահները պետք է ավելի զգայուն քննեն նման գործերը, հատկապես սեռական կողմնորոշման արտահայտման հիմքով խտրականության հետ կապված գործերը կամ սեռական բռնությունների դեպքերը, այդուհանդերձ, մեր իրավապահները զգայուն չեն, պատշաճ քննություն չեն իրականացնում։ Նա ասաց, որ չնայած քրեական պատասխանատվություն է սահմանված խտրականության հիմքով նման դեպքերի համար, սակայն այդ հոդվածը երբեք չի կիրառվել ԼԳԲՏ անձանց դեպքում, չնայած, ըստ փաստերի հանցագործությունները կատարվել են այդ հիմքով։

«Ինքնասպանության դիմած երկու երիտասարդների դեպքում քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հակելու հոդվածով։ Այսինքն, իրավապահների վարկածն այն է, որ այլ անձինք առաջացրել են ինքնասպան լինելու մտքեր, սակայն չի քննարկվում ինքնասպանության հասցնելու կամ խտրականության հոդվածը, սպառնալիքների կամ արժանապատվությունը նվաստացնելու միջոցով այդ անձանց ինքնասպանության հասցնելը»,-ասաց փաստաբանը։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ երիտասարդների՝ նման քայլին դիմելու պատճառներին՝ ե՞լք, թե՞ բոյկոտ կարծրատիպերի դեմ, ասաց՝ նախ՝ հնարավոր է դա նրանց շոկային արձագանքն էր նրան, որ ընտանիքը մերժեց․ «Սա բոլոր երիտասարդների մոտ լինում է, որովհետեւ առաջինը հենց ընտանիքում անձը ամենաապահովը պետք է զգա, երբ բացահայտում են իրենց սեռական կողմնորոշումը կամ ցանկացած տիպի մի բան, ու ընտանիքը մերժում է։ Տեղեկություններ եղան, որ մեկ աղջկա մերկ տեսարանների լուսանկարներն էին տարածել ուսումնական հաստատությունում, եւ նա ոչ միայն բուլինգի է ենթարկվում, այլեւ ծնողները դարձյալ չէին աջակցել, ասել՝ ավելի լավ է մեռնեիր, քան այսպիսի տեսանյութեր քո մասին հրապարակվեին։ Սա նշանակում է, որ մենք այնպիսի հասարակություն չենք, որտեղ ընտանիքները լինեն այն տարածքը, որտեղ երեխան ամենապաշտպանվածը կլինի, ազնիվ կխոսի ընտանիքում։ Սա շատ տարածված է, որ ընտանիքն առաջինն է մերժում՝ ամոթի, խայտառակվելու, վախի, հասարակության կողմից խարանվելու այդ ամբողջ բարդույթից դրդված»։

Իրավապաշտպանը հիշեցրեց՝ ՀՀ-ում սեռական ազատությունը 16 տարեկանից է, եւ եթե երիտասարդներն իմանային այդ մասին, գուցե այդ քայլին չդիմեին։

Մամիկոն Հովսեփյանն էլ հավելեց՝ դիտարկումները ցույց են տալիս, որ երբ ԼԳԲՏ անձն անհատապես դիմում է ոստիկանություն, նրա նկատմամբ խտրական են վերաբերվում․ «Իսկ եթե նրան ուղեկցում են մեր փաստաբաններն, ավելի մեղմ կարող են լինել ոստիկանները։ Այսինքն, իրենց մոտեցումները՝ հեգնանքը, քամահրանքը, ցույց է տալիս, որ իրենք շարժվում են ոչ թե իրենց աշխատանքի բնույթով, այլ անձնական կարծրատիպերով։ Բազմաթիվ դեպքեր են եղել, որ հակված են մերժել գործ հարուցելուն, եթե չի ստացվում չհարուցել, գործը հասնում է դատարան, ապա դատարաններն են հակված մերժելուն։ ՀՀ-ում դժվար է հասնել արդարադատության, մենք ստիպված ենք լինում դիմել միջազգային ատյաններին։ Բազմաթիվ մեր շահառուներ խուսափում են մեր իրավապահների միջոցով խնդիրները լուծել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին երկու երիտասարդներ ինքնասպան են եղել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից։ Ինքնասպանությունից առաջ տղաներն ինստագրամում լուսանկարներ են հրապարակել՝ գրառմամբ․ «Happy End․ լուսանկարներով կիսվելու եւ մեր հետագա գործողությունների վերաբերյալ որոշումները կայացրել ենք համատեղ»։

Նկարներից մեկում նրանք համբուրվում են, մյուսում՝ ցուցադրում իրենց «ամուսնական մատանիները»։ Դեպքից որոշ ժամանակ առաջ 16-ամյա տղան փախել էր տնից։ Նրանց համատեղ լուսանկարների մեկնաբանություններում նրանցից մեկի մայրը գրել էր՝ «ես էլ չկամ», «դու, որպես անչափահաս, լավ կլինի գնաս սատկես», իսկ «հետինդ պատասխան է տալու օրենքի ամենադաժան խստությամբ», «էտ չափահաս ոչխարը իրա կյանքի դժոխքը ստորագրեց»։ Ինքնասպանությունից հետո մայրը հեռացրել է իր բոլոր մեկնաբանությունները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31