Վանաձորի քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցությունն այս անգամ էլ ոչնչով չէր առանձնանում: Կրկին հիմնական հարցը քաղաքի մաքրությունն էր՝ մուտքերից սկսած: Մայթերում դեռեւս չորացած տերեւների կուտակումներ կան: Այս տարի ձմեռը շուտ եկավ, բայց դեռ ծառերին տերեւներ կան. «Որ ես հանձնարարություն տվեցի, ասեցի չէ, որ շաբաթ-կիրակի ձյուն ա գալու, ձյունը ծածկեց բոլոր թերությունները, բայց հալվեց ու պարզ երեւում են տերեւները, տոպրակները, աղբը»,- ասաց քաղաքապետը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին էլ քաղաքապետը խորհրդակցություն էր արել ու դժգոհել, որ աղբը չի հավաքվում` նաեւ պահանջել է լրջորեն զբաղվել խնդրով ու գլխավոր հրապարակը տեսքի բերել մինչեւ դեկտեմբերի 25-ը:
Եթե ամեն անգամ կոմունալ տնտեսության պետ Լյովա Մելիքյանն էր ուշադրության կենտրոնում լինում, այսօր թուքումուրի բաժին հասավ նաեւ համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանին, որ նա հանձնարարական ստանալով համատիրությունների հետ մեկտեղ մաքրել բոլոր բակերն ու մուտքերը` սահմանափակվել էր միայն խորհրդակցության հրավիրելով համատիրությունների ղեկավարներին և նույնն էլ ինքն էր հանձնարարել, սակայն ինչպես քաղաքապետ Սանվել Դարբինյանն ասաց, արդյունքը չի տեսնում: «52 գրանցված համատիրություններից 2-3-ն է կատարել առաջադրանքը, մնացածը բնակիչներից գումար վերցնելու համար են»,– ասաց քաղաքապետը ու զգուշացրեց. «Կամ դու զեկուցագիր կգրես, կամ ես իմ անելիքը կանեմ»:
Նոր տարվա շեմին խնդիրները շատանում են` հարկ է զբաղվել լուսավորությամբ, թափառող շներով, վթարներով իր մասին հիշեցնում է ջրամատակարարման համակարգի մաշվածությունը: «Բնակիչներն իրենց ձեռքով աչքը հանում են, հոտո ուզում են ուղղել, հանած աչքը ինչքան էլ ուղղես՝ ծուռ տեղ մնալու է»,- նկատեց քաղաքապետը:
Կարդացեք նաև
Որպեսզի Ամանորին քաղաքը գեղեցիկ լինի, քաղաքապետարանի գույքի կառավարման բաժնի պետը մեկ առ մեկ կզրուցի սեփականատերերի հետ, որ քաղաքը թուրքի բազար չդառնա:
Այսքանից հետո Վանաձորի քաղաքապետը դժգոհ չէ իր աշխատակազմից, բայց չի սիրում խրախուսել իր թիմին. «Պատկերացնում ես՝ մի անգամ Մելիքյանին կամ Պառավյանին ասեմ, լավ եք աշխատում, ինչ կլինի, ամեն անգամ նրանք օրինակ կբերեն էդ փաստը, և չեն աշխատի բացթողնման վրա, իսկ ես ուզում եմ, որ մեր քաղաքը իդեալական լինի.»,- մեր զրույցում ասաց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Նելլի ԴԱՎԹՅԱՆ


















































