Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրոգործարարներն աշխատում են «Նոյի թվի» սարքավորումներով

Դեկտեմբեր 14,2011 13:38

Նրանց  բիզնեսը չի զարգանում, քանի որ բանկերից վարկ են վերցնում մյուսներից վերցրածը փակելու համար:

Երեկ Գյումրի էին ժամանել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամի ներկայացուցիչները՝ շիրակցի ագրոգործարարներին, այսպես ասած, լուսավորելու, թե որ դեպքում եւ ինչ պայմաններով կարող է հիմնադրամն իրենց բիզնեսը զարգացնել: Եվ մինչ «Ֆինանսավարկային քոլեջ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը մանրամասնում էր, որ վարկ տրամադրելիս իրենք սեփականատիրոջ հետ առնվազն 7 տարով դառնում են փայատեր, բացի այդ՝ գործարարին պարտադրում են աշխատատեղեր ստեղծել, արտահանման ծավալներն ավելացնել եւ այլն, ներկա գտնվող մի քանի գործարարներից հետաքրքրվեցին, թե ի՞նչն է խանգարում ագրոբիզնեսի զարգացմանը: 15 աշխատատեղ ստեղծած Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը նշեց, որ ինքը բացառապես աշխատում է վարկերով ու երբեւէ չի հիշում, որ իրեն արտոնյալ վարկեր տրամադրեն: «Ինձ համար այս հիմնադրամի առաջարկն անհետաքրքիր է, քանի որ նրանց ասածը վերաբերում է հիմնական միջոցներին՝ փող են տալիս, որ, ասենք, սարքավորումներ ձեռք բերես, իսկ ես դրանք ունեմ, ինձ շրջանառվող միջոց է պետք, որ կարողանամ կաթ գնել»,- ասաց գործարարը: Ըստ նրա՝ իր եկամուտները տարեցտարի պակասում են, պանրի սպառումը անցած տարվա համեմատ շատ վատ է: «Ես չգիտեմ՝ պատճառը բնակչության արտահո՞սքն է, թե՞ պանիրն է շատ արտադրվել, բայց փաստն այն է, որ սպառումը մի 30-40%-ով անցած տարվա համեմատ նվազել է»,- դժգոհեց գործարարը: Իսկ ահա Ամասիայի պանրի գործարանի տնօրեն Նորայր Շաբոյանը շատ ավելի մանրամասն ու տպավորիչ ներկայացրեց ագրոբիզնեսի առջեւ ծառացած խնդիրները: Ըստ նրա՝ հայաստանցի գործարարն աշխատում է 60-80-ական թվականների սարքավորումներով, որոնք վաղուց իրենց դարն ապրել են եւ հնամաշ են:

«Շուկան համաշխարհային է արդեն, բոլոր տեղերից կա տնտեսությունների ներհոսք դեպի հանրապետություն, էդ դեպքում էլ առաջանում են մեծ խնդիրներ: Քանի որ մեզ մոտ սարքավորումները հին են, փաթեթավորման, պատրաստման մեջ պրոբլեմներ են առաջանում, եւ եթե ուզում են, որ հայկական արտադրանքը մրցունակ լինի շուկայում, պետք է շահագրգռված լինեն, որ հայ գործարարը սարքավորումներ ձեռք բերի: Բանկային ռեսուրսներով հնարավոր չէ դրանք ձեռք բերել, 3 տարին կարճաժամկետ է սարքավորումներ գնելու համար»,- ասաց գործարարը՝ դժգոհելով, որ բանկերը չեն ուզում ծայրամասերում գտնվող արտադրողներին մեծ վարկեր տրամադրել. «Արտասահմանյան առաջարկները շատացել են, բայց շրջանառու միջոց չունենալու պատճառով չենք կարողանում արտահանել»,- նեղսրտեց նա: Ըստ նրա՝ թեեւ ինքը պայքարեց, որ պետությունը Աշոցքին ու Ամասիային ցածր տոկոսադրույքով վարկեր հատկացնի, այդուհանդերձ իրեն դրանից բաժին չհասավ, քանի որ պայմանները բավականին խիստ էին, օրինակ՝ ձեռնարկատերը 5 տարի վարկ չպիտի վերցրած լինի: Գործարարի կարծիքով՝ ծայրամասային ձեռնարկություններին անհրաժեշտ է արտոնություններ շնորհել, նկատի ունենալով այն, որ գյուղերը աշխատատեղեր չունենալու պատճառով դատարկվում են, բացի այդ, անհրաժեշտ է ոչ խտրական վերաբերմունք: Որպես օրինակ՝ գործարարը մեջբերում է հանրապետություն ներմուծված հոլանդական հղի կովերը, որից պետք է բաժին հանել նաեւ Ամասիային: Ի դեպ, Նորայր Շաբոյանի տեղեկություններով, Շիրակի մարզին 100 այդպիսի կով է հատկացվելու: «Շատ լավ կլիներ եթե դրսից բերած ամեն մի լավ բան հավասար կիսեին բոլոր տեղերի համար, թեկուզեւ քիչ-քիչ, սրանք շատ լավ կովեր են՝ բարձր կաթնատվությամբ՝ օրական 40 եւ ավելի լիտր կաթ են տալիս, այսինքն՝ մեր 5 կովի չափ կաթ են տալիս: Այ, այստեղ է, որ գյուղացին պիտի զգա պետության հովանավորությունը, ո՞ր մի գյուղացին է ի վիճակի դուրս գալ, գնալ Հոլանդիա՝ կով բերելու, բայց պետությունը կարող է 100-200 հատ բերել ու տրամադրել գյուղացուն ցածր վարկերով: Գյուղացին մթերքը կհանձնի վերամշակող ձեռնարկություններին, վերջիններս էլ կփակեն կովի արժեքը, կստացվի, որ գյուղացին 3-5 տարի հետո չի պայքարի իր մթերքը բարձր ինքնարժեքով վաճառելու համար, իր կովերն այնքան կաթ ու միս կապահովեն իրեն, որ ինքնըստինքյան շահույթ կստանա»,- պարզաբանեց գործարարը: Իսկ ներկա պահին, ըստ Շաբոյանի, իրենք կաթը ձեռք են բերում եվրոպական գներով՝ մեկ լիտրը 150 դրամով, որը շատ բարձր է: «Էսօր Ռուսաստանն աշխատում է, որ իր կովերի կաթնատվությունը 4 տոննայից բարձր լինի, իսկ մեզ մոտ մեկ կովի կաթնատվությունը լավագույն դեպքում մեկուկես տոննա է: Էսպես չի կարելի, առաջնորդվում ենք՝ իմ հավը արժե 1000 դոլար սկզբունքով, էսպես ֆինանսական վիճակ կարգավորել հնարավոր չէ, այլապես ուրիշ էժան արտադրող երկրից ապրանքը կլցվի Հայաստան, ու կլինի շատ սկանդալային պատմություն»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031