Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկին՝ դասագիրք ու մեքենա, մյուսին՝ վարկ

Դեկտեմբեր 16,2011 13:43

«Սորոսի» ծրագրերը օգնել են թե՛ հատուկ կարիքներով երեխաներին, թե՛ ֆերմերներին եւ թե՛ սոցիալապես անապահովներին:

Տարիներ շարունակ մեր երկրի հեռավոր մարզերից տեսողության խնդիրներ ունեցող երեխաներն ամեն օր գալիս են Երեւան՝ դպրոցական գիտելիքներ ձեռք բերելու: Մարզերում հատուկ դպրոցներ կան, բայց զուտ տեսողության խնդիրներ ունեցողների համար այդ դպրոցները հարմար չեն, որովհետեւ չունեն բրայլյան դասագրքեր: Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը միակն է մեր հանրապետությունում, որտեղ այդ երեխաները կարող են սովորել երկրաչափություն՝ շոշափելով եռանկյունու 3 անկյունները, կամ քիմիա՝ ընկալելով քիմիական տարրերի ու բանաձեւերի խորությունը: Մինչ այս՝ նույնիսկ այդ դպրոցում բրայլյան դասագրքերը երազանքի պես մի բան են եղել, որովհետեւ թե՛ թույլ տեսողություն ունեցող երեխաները, թե՛ չտեսնողը միասին պարապել են սովորական տեսողական դասագրքերով: «Առավոտի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը պատմեց, թե ինչ տաժանակիր ու անարդյունավետ աշխատանք է եղել չտեսնող երեխաների համար դասագիրքը պատճենահանելը, հետո դա բրայլյանի վերածելը, նորից պատճենելն ու տարածելը. «Պատահում էր, որ երեխաները կորցնում էին այդ թերթիկը ու հետո երբ պետք էր լինում դասը կրկնել՝ չէին կարողանում»: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը (SOROS հիմնադրամ) մեր երկրում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, որոնցից մեկը այս դպրոցին բրայլյան դասագրքերի հարցում օգնելն էր: Մոտ 25 հազար դոլարի ֆինանսավորման արդյունքում տպագրվել է 11 անուն դասագիրք: Ա. Ահարոնյանի խոսքերով՝ «Մենք ցանկացանք տպագրել ավելի շատ ճշգրիտ առարկաների դասագրքեր, որովհետեւ հումանիտարը գոնե CD-ների միջոցով երեխաներն ընկալում են, սովորում են, ճշգրիտ առարկաները հնարավոր չէր: Ընդհանրապես տեսողություն չունեցող երեխաները մեծ սթրեսի էին ենթարկվում, որովհետեւ անգամ յուրայինների մեջ տարբերվում էին, տեսնում էին, որ թույլ տեսնողը գոնե դասագիրք ունի, իսկ ինքը չունի»:

«Սորոսի» օժանդակությամբ կատարվել է նաեւ Արմավիրի թիվ 1 հատուկ դպրոցի երեխաների երազանքը՝ երեխաների տեղափոխումն ապահովելու եւ նոր աշակերտների կրթական համակարգ ներգրավելու համար ձեռք է բերվել միկրոավտոբուս եւ կահավորվել է կավագործության դասասենյակը: Դպրոցի տնօրեն Լիլյա Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կավագործությունը մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար միայն ժամանց չէ. «Կավը կարեւոր է հատկապես մտավոր խնդիրներ ունեցող այն երեխաների համար, որոնք ունեն էմոցիոնալ վարքագծային խանգարումներ: Նրանք կավի հետ աշխատում են, գործեր են ստեղծում, չէի ասի, թե դրանք արվեստի գործեր են, բայց իրենք շատ են ուրախանում, բացի այդ, նրանց շարժունակությունն է զարգանում, ճանաչողական աշխարհի պատկերացումներ են ունենում»:

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված մեկ այլ ծրագրով լուրջ օգնություն է տրամադրվել մեր ֆերմերներին՝ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» միջոցով: Հիմնադրամը ցանկացել է նպաստել մեր երկրում ֆերմերային տնտեսության զարգացմանը եւ նրանց օգնել՝ վերցնելու մատչելի վարկեր: Հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանի տեղեկացմամբ՝ «Դա իրականացնելու համար համագործակցեցինք «Card Agrocredit» վարկային կազմակերպության հետ, որ վարկային կապիտալ տրամադրեր Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզի ֆերմերներին: Ընտրվել են այն ֆերմերները, որոնց հետ նախկինում աշխատել ենք եւ գիտենք, որ իրենց պարտավորությունները բարեխղճորեն կատարում են: Այդ ժամանակ վարկի տոկոսը շատ ցածր չէր, ուստի օգնության հասավ «Սորոսը», որի հետ համագործակցության արդյունքում տոկոսադրույքը 20%-ից իջավ 9%-ի: Այդ վարկով մեր ֆերմերները կարողացել են աշնանացանի ու գարնանացանի համար օգտագործել գյուղտեխնիկա եւ պարարտանյութ գնել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031