Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության ու հոգատարության միջոցով փոխել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքը

Ապրիլ 28,2024 21:37

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված պատանիների համար «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը ջերմ օջախ է դարձել։ Այստեղ երեխաները ստեղծագործում են, սիրում ու սիրվում, ապագայի պլաններ մշակում։ Կենտրոնն իր հոգատար տանիքի տակ է համախմբել սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներին։ Հոգատար մանկավարժների ու դաստիարակների խնամքի շնորհիվ երեխաներն այստեղ իրենց զգում են ինչպես տանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ 2018 թվականից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո ստեղծվել է երեխաների աջակցության «Քյուրքչյան» կենտրոնը, որի առաքելությունն է անապահով ընտանիքների երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրումը։ Այն գործում է գիշերօթիկ սկզբունքով՝ միայն տղա երեխաների համար։

Այս հաստատության բնակիչները օրվա ընթացքում մեծ ուշադրությամբ լսում են նաեւ կենտրոնի հոգեւոր տեր Արսենի հայրական խորհուրդները։ «Մենք գիտեք մեր բոլոր սաների նախասիրությունները, գիտենք, թե նրանք ում են սիրահարվում, ինչ ուտեստ են նախընտրում, ապագայի հետ կապված ինչ ծրագրեր ունեն»,- մեզ հետ զրույցում ասում է տեր Արսեն քահանա Միրզոյանը։

Այստեղ երեխաների հետ աշխատում են մասնագիտացված հոգեբան, սոցիալական աշխատող։ Երեխաները հոգեբանի հետ ունենում են եւ անհատական, եւ խմբային հանդիպումներ։ Կենտրոնի հոգեբան Ջեմմա Խաչատրյանն ասում է՝ կենտրոնի սաները դեռահասության ճգնաժամային փուլում են, ուղղորդման ու աջակցության, ինչպես նաեւ սիրո կարիք ունեն։ Իսկ սիրո պակաս այս կենտրոնում չկա։

Կենտրոնն աշխատանք է տանում  նաեւ երեխաների ծնողների հետ՝ փորձելով երեխաներին վերադարձնել ընտանիք, վերամիավորել ծնողին երեխայի հետ։ Ծնողների հետ հանդիպում կամ կապ ապահովվում է ամենօրյա ռեժիմով։ Նաեւ երեխաները պարբերաբար այցելում են ընտանիքներ։

«Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն կարող են ընդունվել 6-10 տարեկան տղա երեխաները եւ մնալ մինչեւ 16 տարին լրանալը։ Արսեն քահանա Միրզոյանի խոսքով, սակայն, պարտադրանք չկա, ծնողը կամ խնամակալը ցանկացած պահի կարող են երեխային տանել կենտրոնից՝ ընդամենը գրավով դիմումի համաձայն։ Կենտրոնի երեխաներին ընտրելու համար հատուկ չափորոշիչներ ու ընթացակարգ է գործում, որն իրականացնում է հանձնախումբը։

Երեխաների թվում կան  նաեւ կրթությունից ժամանակավորապես դուրս մնացածներ, նրանք այսօր լրացնում են բաց թողածը։

«Քյուրքչյան» կենտրոնի տնօրեն Ռուզաննա Սայիյանն ասում է՝ կենտրոնն այս պահին ունի 10 շահառու, սակայն հնարավորություն կա ներգրավել մինչեւ 20 անձի։ Կենտրոնի սաներից մեկը տաղանդավոր փայտագործ է, տղաները նաեւ մեծ հաջողություններ են գրանցել սպորտի բնագավառում։

Տնօրինությունը կապ է պահում 16 տարին լրացած եւ կենտրոնից հեռացող պատանիների հետ, նրանց հետագա ճակատագրի նկատմամբ նույնպես անտարբեր չեն։

«Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնն էլ իր հյուրընկալ տանիքի տակ համախմբել է աղջիկներին։ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող այս կենտրոնում նույնպես սիրո պակաս չկա։ Կյանքի դժվարին պայմաններում հայտնված աղջիկներին կենտրոնը հյուրընկալում է 2012 թվականից։

«Մեր նպատակն է ընտանեկան մոդելին հարմարեցված միջավայր ստեղծել երեխաների համար, նպաստել աղջիկների արժանապատիվ ու դրական կյանքի տեսլականի ձեւավորմանը»,- ասում է կենտրոնի տնօրեն Նունե Գեղամյանը։

Նագաշյան կենտրոն աղջիկները տեղափոխվում են համայնքների օգնությամբ՝ համապատասխան հանձնաժողովի որոշմամբ եւ Նագաշյան մանուկների տան մասնագիտական խմբի գնահատման արդյունքում։ Եվ երկուստեք գնահատման արդյունքում այստեղ հայտնվում են այն երեխաները, որոնք առավել խոցելի են եւ երկարաժամկետ վերականգնման կարիք ունեն։ Կենտրոնի սաները հանրապետության տարբեր մարզերից են։ Երեխաների՝ ուսման մեջ ցուցաբերած առաջադիմությունից տնօրինությունը գոհ է․ 20 երեխաներից 4-ը սովորում են հանրապետության տարբեր բուհերում, 5-ը՝ քոլեջներում, մնացածը՝ հանրակրթական դպրոցներում։ Աղջիկները տաղանդ են ցուցաբերում նաեւ գորգագործության ու այլ բնագավառներում։

 

Կենտրոնում երեխաների հետ անհատական զարգացման ծրագրերով նախատեսված մասնագետներ են աշխատում, այդ թվում՝  սոցիալական աշխատողներ, հոգեբան։ Սոցիալական մանկավարժ Ծովինար Գրիգորյանն օրվա մեծ մասը անցկացնում է աղջիկների հետ։ Ասում է՝ երբ սիրով ես աշխատում, աշխատանքը հեշտ է թվում։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930