Պատասխան՝ դեկտեմբերի 8-ի «Առավոտ» թերթում հրապարակված փաստաբան Կ. Մեժլումյանի «Հրապարակային բռնաբարություն» հոդվածին:
Պատկերացնելու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում եւ ինչպիսին է իրականությունը, ներկայացնենք անհերքելի փաստեր, որոնք վերաբերում են Երեւանի Սայաթ-Նովայի 1 հասցեում գտնվող «Միքայել Ռուզաննա» ՍՊԸ-ի պատմությանը: Նշված կազմակերպությունը ստեղծվել է 1995թ., որի բաժնետերեր են եղել 8 քաղաքացիներ, որից 40 տոկոսի բաժնետեր է դարձել տնօրեն Միքայել Ավագյանը: Ինչպես հետո պարզվել է՝ մեկ այլ 6 տոկոսի բաժնետեր Լյուդվիգ Թովմասյանը, իբր, նույն 1995թ. նոյեմբերի 17-ին նոտարով հաստատված դիմումով հրաժարվել է իր 6 տոկոս բաժնեմասից՝ հօգուտ Միքայել Ավագյանի, սակայն նա մնացել է այդ ՍՊԸ-ում, որպես աշխատող մինչեւ 2010թ. վերջը: Այնուհետեւ, երբ Մ. Ավագյանը տիրացել է Լ. Թովմասյանի 6 տոկոս բաժնեմասին եւ դարձել 46 տոկոսի բաժնետեր, զավեշտական, անհասկանալի եղանակով, նույն ՍՊԸ-ի 1 տոկոսի բաժնետեր է դարձել Մ. Ավագյանի դուստրը՝ Ռուզաննա Ավագյանը, որի մասին չեն իմացել նույնիսկ մյուս բաժնետերերից առնվազն 2-ը՝ Վարդգես Ավետիսյանը եւ Տիգրան Մովսիսյանը, որոնց ստորագրությունները առկա չեն 1999թ. ՍՊԸ-ի կանոնադրության հավելվածում, որը գտնվում է պետռեգիստրի գործում: Նրանք երբեւէ տեղեկացված չեն եղել, որ Լ. Թովմասյանը հրաժարվել է իր 6 տոկոսից եւ որ Ռ. Ավագյանը ինչ-որ կերպ դարձել է 1 տոկոսի բաժնետեր: Դեռ 2000-2002 թթ. օրինական նոտարով հաստատված նվիրատվության պայմանագրերի հիմքով նույն ՍՊԸ-ի 48 տոկոս բաժնետեր է դարձել դեռ 1995թ. Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանում բնակվող Հրաչյա Գրիգորյանը, որը 2009թ. դիմելով պետռեգիստր եւ ստանալով 48 տոկոսի վերաբերյալ վկայականը եւ տեղեկացվելով, որ իր վաղեմի բարեկամ Լ. Թովմասյանը նշված ՍՊԸ-ի բաժնետեր չէ, վերջինիս խնդրանքով դիմում է Շենգավիթ վարչական շրջանի դատարան, ընդդեմ Միքայել եւ Ռուզաննա Ավագյանների, որոնց շահերը պաշտպանում է փաստաբան Կ. Մեժլումյանը, խնդրելով դատարանից վերը նշված 6 տոկոսի վերաբերյալ հրաժարվելու դիմումը համարել «մոլորության եւ խաբեության ներքո կնքված գործարք», անվավեր ճանաչել այն, կիրառելով անվավերության հետեւանքներ, վերականգնելով իր՝ Լ. Թովմասյանի, 6 տոկոս բաժնեմասը «Միքայել Ռուզաննա» ՍՊԸ-ում: 2009թ. Լ. Թովմասյանի շահերը պաշտպանելիս Հ. Գրիգորյանը եւ Լ. Թովմասյանը հայտնաբերում են, որ 1995թ. վերջին նոտարով հաստատված վերը նշված դիմումը գրված չէ եւ ստորագրված չէ Լ. Թովմասյանի ձեռագրով եւ ձեռքով, որի վերաբերյալ դատարանը նշանակում է դատաձեռագրաբանական փորձաքննություն: Արդյունքը լինում է այն, որ դիմումը գրված է մեկ այլ անձի կոմից, իսկ ստորագրությունը կատարված է, հավանաբար՝ մեկ այլ անձի կոմից եւ ոչ թե Լ. Թովմասյանի: Կ. Մեժլումյանը եւ Ռ. Ավագյանը ներկայացնում են դատարանին նույն ժամանակահատվածի՝ 1996-1997թթ. «Միքայել Ռուզաննա» ՍՊԸ-ի աշխատավարձի ցուցակները՝ Լ. Թովմասյանի բնօրինակ ստորագրություններով, եւ Կ. Մեժլումյանի միջնորդությամբ նշանակվում է լրացուցիչ դատաձեռագրաբանական փորձաքննություն, պարզելու համար, թե 1995թ. վերջին իբր Լ. Թովմասյանի դիմումը ի վերջո ինքն է ստորագրել, թե՝ ոչ: Այդ կապակցությամբ Լ. Թովմասյանը անձամբ ժամանում է փորձագիտական կենտրոն եւ կրկին տալիս է իր ստորագրանմուշը: Պատասխանը լինում է, որ դիմումում Թովմասյան ազգանվան դիմաց ստորագրությունը միանշանակ Լ. Թովմասյանինը չէ, այն կատարվել է այլ անձի կողմից: Նաեւ այդ դատաքննության ընթացքում պարզվում է, որ Մ. Ավագյանը ոտնահարելով եւ արհամարհելով մյուս բաժնետերերի օրինական իրավունքները եւ շահերը, նրանց նախապատվության իրավունքը, մյուս բաժնետերերից գաղտնի նվիրում է (դատաքննության ընթացքում) իր 45 տոկոսը իր դստերը՝ Ռ. Ավագյանին, որը կրկնակի, նույնպես օրենքի խախտմամբ դառնում է արդեն 46 տոկոսի բաժնետեր, այնուհետեւ Մ. Ավագյանը 2010թ. մայիսի 9-ին մահանում է: Նշեմ, որ հաշվի առնելով Մ. Ավագյանի տարիքը, մենք ունենալով փորձագետի միանշանակ եզրակացություն, որ վերոնշյալ դիմումը գրված եւ ստորագրված չէ Լ. Թովմասյանի կողմից, չցանկացանք դատարանին միջնորդել՝ այդ նյութերը ուղարկել համապատասխան իրավապահ մարմիններին, որպեսզի Մ. Ավագյանի նկատմամբ նախապատրաստվեն նյութեր եւ հարուցվի քրեական գործ, քանի որ ակնհայտ է, որ նա խաբեությամբ տիրացել էր Լ. Թովմասյանի 6 տոկոս բաժնեմասին: Մենք չենք փոշմանել, մենք նրան ի սկզբանե ներել ենք՝ նրա տարիքի համար: Ինչ վերաբերում է Կ. Մեժլումյանի այն հայտարարությանը, թե իբր իրենք պատշաճ կերպ չեն ստացել կողմերի (հայցվորի, համահայցվորի եւ երրորդ անձանց) ի լրումն հայցադիմումների օրինակները փոստային ծառայության միջոցով, ապա դա ճիշտ է, քանի որ այդ բոլոր փաստաթղթերի բնօրինակները, հստակեցված ի լրումն հայցադիմումները հանձնվել են նիստերի ժամանակ առձեռն դատավորին, անձամբ Կ. Մեժլումյանին եւ Ռ. Ավագյանին, որը հաստատվում եւ ապացուցվում է նիստերի ձայնագրման կրիչներով: Նշեմ նաեւ, որ մեր միջնորդությամբ դատարանը միջնորդել եւ ստացել է պետռեգիստրից «Միքայել Ռուզաննա» ՍՊԸ-ի գործի հիմքերը, որի ուսումնասիրություններից պարզվել է, որ այդ գործում գոյություն չունի Միքայել Ավագյանի կողմից 1995-1996թթ. իր դստերը՝ Ռ. Ավագյանին 1 տոկոս բաժնեմասի որեւիցե օտարման պայմանագիր, զավեշտական է, սակայն, Ռ. Ավագյանը դարձել է 1 տոկոսի բաժնետեր, իսկ հետագայում էլ, նույնպես օրենքի խախտմամբ, արդեն 2009թ. եւս 45 տոկոսի բաժնետեր: Զարմանալի է, թե ինչպես կարելի է ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնել հանրությանը՝ թերթի միջոցով, աղավաղել անհերքելի փաստերը: Բոլոր փաստաթղթերը ներկայացվել են կողմերին օրենքի պահպանմամբ, համապատասխան ժամկետներում: Կ. Մեժլումյանը այս գործով 02.05.2011թ. դադարեցրել է իր լիազորությունները եւ հրաժարվել է Ռ. Ավագյանի ներկայացուցիչ լինելուց եւ 14.06.2011թ. կայացվել է օբյեկտրվ վճիռ, որով անվավեր է ճանաչվել եւ 6 տոկոսի գործարքը՝ Մ. Ավագյանի եւ Լ. Թովմասյանի միջեւ, եւ Ռ. Ավագյանի 1 տոկոսի վերաբերյալ գրանցումը եւ վկայականը, քանի որ այն որեւիցե իրավահաստատող հիմք չունի եւ արդեն հանգուցյալ Մ. Ավագյանի եւ Ռ. Ավագյանի միջեւ կնքված 45 տոկոսի նվիրատվության գործարքը, քանի որ այն կատարվել է դատարանում գործը քննելուց, գաղտնի, խախտելով եւ ոտնահարելով մյուս բոլոր բաժնետերերի, այդ թվում՝ բաժնեմասերի ձեռք բերելու նախապատվության իրավունքները: Իսկ ինչ վերաբերում է Կ. Մեժլումյանի այն մտքին, թե իբր արդարադատությունը բռնաբարված է, ապա նա դեռ 02.05.2011թ. հրաժարվել է Ռ. Ավագյանի ներկայացուցիչ լինելուց, դեռ 8 ամիս առաջ եւ 08.12.2011թ. «Առավոտում» տպագրված «Հրապարակային բռնաբարություն» հոդվածում, որտեղ նա համարել է, որ արդարադատությունը ՀՀ-ում բռնաբարվել է, ապա մենք՝ նույն ՍՊԸ-ի անդամներս, համոզված ենք, որ դա այդպես չէ, ընդհակառակը՝ արդարությունը եւ ՍՊԸ-ի անդամների ոտնահարված իրավունքները վերականգնվել են:
Բաժնետերեր՝ ԼՅՈՒԴՎԻԳ ԹՈՎՄԱՍՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՐԴԳԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԴՈՆԱՐԱ ԴԱՎԹՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ