Երեկ Գյումրիում եւ Էջմիածնում ինչ-որ երիտասարդներ հավաքել են «Առավոտի» ամբողջ տպաքանակը: Ենթադրաբար դա արել են մարդիկ, ովքեր ինչ-ինչ առնչություն ունեն նախորդ օրը կատարված սպանության մեջ կասկածվող քաղաքացու հետ: Չնայած այդ «ակցիան» իրականացրել են երիտասարդ մարդիկ, նրանց վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ խիստ հնացած է: Այդ մարդկանց թվում է, թե թերթերը հավաքելով՝ նրանք կփրկեն իրենց «ազիզ ախպորը» խայտառակությունից: Նրանք, հավանաբար, չգիտեն, որ թերթն այսօր լրատվության միակ միջոցը չէ, եւ իրենց ոչ ձեռնտու լուրը արդեն ինտերնետում կարդացել են թե «Առավոտի» եւ թե այլ կայքերի հազարավոր ընթերցողներ: Ավելին՝ թերթը հավաքելու փաստը հանցագործության վրա սեւեռել է այնպիսի ուշադրություն, որը հաստատ չէր լինի հարթ եւ սովորական ընթացքի դեպքում: Եթե տուրք տանք կասկածամտությանը, ապա կարելի է ենթադրել, որ «գործողությունն» իրականացրել են հենց սպանության մեջ կասկածվող երիտասարդի «չուզողները»՝ դեպքին հասարակական հնչեղություն տալու նպատակով: Բայց նման «բարդ կոմբինացիաներ» Հայաստանում առայժմ չեն խաղարկվում, եւ խոսքն այստեղ, ըստ ամենայնի, սովորական տգիտության մասին է:
Ես չգիտեմ, թե ովքեր են թերթ հավաքելու ակցիայի նախաձեռնողները, բայց սովորաբար այս տրամաբանությունը նկատվում է չինովնիկների եւ գործարարների մոտ: Նրանց թվում է, որ այն, ինչ իրենց հաճելի չէ լսել, կարելի է կտրել ինչ-որ մի փականի միջոցով: Այդ «զագլուշկա»-ի դերն, ըստ իրենց, պետք է կատարեն կամ իրենց մամուլի պատասխանատուները, կամ էլ պարզապես իրենց շրջապատի քիչ թե շատ գրագետ ներկայացուցիչները: «Կանգնեցրու այդ ինֆորմացիան»,- հրահանգում են նրանց տերերը, կարծես դա մի ծորակ է, որը հնարավոր է պարզապես փակել: Այդպես չէր Հայաստանում նույնիսկ 20 տարի առաջ. կային ընդդիմադիր թերթեր, որոնք իշխանության վերահսկողության տակ չէին, կային արտասահմանյան լրատվական գործակալություններ, որոնց լրահոսը նույնպես հնարավոր չէր «կանգնեցնել»: Առավել եւս՝ հիմա, երբ տեղեկատվությունը տարածվում է ոչ թե «խողովակներով», այլ ցանցային եղանակով՝ ամեն մի բջիջը կապված է հազարավոր այլ բջիջների հետ: Պատահական չէ, որ մենք ասում ենք «սոցիալական ցանցեր», ոչ թե «սոցիալական ծորակներ»:
Այս թեմայով արդեն գրվել են հարյուրավոր գրքեր ու հոդվածներ, որոնցից ես, բնականաբար, կարդացել եմ չնչին մասը: Երեւի մենք կարիք ունենք այս ոլորտի լուրջ մասնագետների, ոչ թե մարդկային տեսք ունեցող «զագլուշկա»-ների, որոնք վատագույն դեպքում հավաքում են թերթերը, իսկ լավագույն դեպքում փակում են տեղեկատվության ճանապարհը կամ հանդես են գալիս մոտավորապես հետեւյալ բովանդակության հերքումներով՝ «ձեր գրածը զառանցանք է եւ հիվանդ երեւակայության արգասիք»: Ուզենք թե չուզենք, պետք է հաշվի առնենք, որ մենք ապրում ենք բոլորովին այլ հասարակության մեջ, եւ լրատվությունը «կանխելու» հնամաշ մեթոդները պարզապես ծիծաղելի են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ