
Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը կանցկացվի «Օրանժ Արմենիա» ընկերության աջակցությամբ: Վերջինիս գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան փաստելով, որ արդեն 10 տարի՝ Կաննի եւ 6 տարի բրիտանական BAFTA-ի գործընկերն են, նշեց, որ երջանիկ են մասնակցել նաեւ հայկական ազգային կինոմրցանակաբաշխության ստեղծմանն ու կայացմանը:
Ասուլիսին ներկա էին նաեւ ժյուրիի անդամները:
Գրող Ռազմիկ Դավոյանը կես կատակ-կես լուրջ ասաց, որ անկախության տարիների կինոմրցանակաբաշխության լավը այն է, որ փող են տալու:
Կարդացեք նաև
Ժյուրիի մյուս անդամը, կինոգետ Սուրեն Հասմիկյանը նախ սկզբում լրագրողներին հարցրեց, թե քանի ֆիլմ է ստեղծվել անկախության 20 տարիներին, իսկ դրանց թիվը շուրջ 500-ն է, ապա հավելեց, որ ֆիլմերի վերաբերյալ մի ժյուրիի գնահատականը չի կարող վերջնական լինել. «Վերջնական գնահատական ժամանակն է տալիս…Օրինակ Մալյանի՝ 66-ին նկարահանած «Եռանկյունին», որ համարվում է յուրատեսակ հեղաշրջում, տասը տարի հետո է մրցանակ ստացել, թերթերից մեկն էլ «Եռանկյունու» մասին գրել էր՝ մանրաթեմայնություն»:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կարեւորում է ազգային կինոմրցանակաբաշխությունը. «Աշխարհում մենք ոչ առաջին ենք, ոչ էլ՝ վերջինը, մեզանից հետո էլ տարբեր մրցանակաբաշխություններ կլինեն, որի հիմնական նպատակը շատ ծամծմված այսպիսի արտահայտությունն է՝ խթանել ազգային կինոարտադրությունը»:
Գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյյանի համար գլխավորը գործընթացի շարունակակականությունն է. «Միայն ուզելը քիչ է, պատահում է խախտվում է շարունակականությունը եւ պիտի ստիպված նորից սկսվի ամեն ինչը… Երկրաշարժ է լինում, հեղափոխություն, կառույց է քանդվում…Ինձ համար ուրախալի է այն, որ սկսվում է, սկսվում է մի բան, որ գոնե ոչ էսօր, ապա վաղը շարունակականություն է ապահովելու, կարեւորը ոգին հայկական է, որակը գուցե մի քիչ այն չէ, մանավանդ շատերը վարժվել են այլ կինոնկարների, Հոլիվուդը էկել-խցկվել է մեր տները, բայց վաղը-մյուս օրը այլ է լինելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































