Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական չինովնիկներն առաջնորդվում են բյուրոկրատական տրամաբանությամբ

Հունվար 24,2012 18:14

Նախորդ շաբաթ միջազգային իրավապաշտպան  Human Rights Watch եւ «Freedom House» կազմակերպությունները հրապարակեցին իրենց տարեկան զեկույցները:

«Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2012» զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանի վերաբերյալ գնահատականը մնացել է անփոփոխ: Անցյալ տարվա նման, մեր երկիրը գնահատվել է որպես «մասամբ ազատ»:

Human Rights Watch-ը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերներն ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար: 2011 թվականի ընթացքում պաշտոնական Երեւանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան տասը սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է  հավաքների ազատությունը եւ բավարար քայլեր չի կատարել՝ բանակում ու անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար։

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կիսում է երկու կազմակերպությունների գնահատականներն էլ եւ գտնում, որ ե’ւ Human Rights Watch-ը, ե ւ’ «Freedom House»-ը առավելագույնս բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կազմակերպություններ են, եւ առաջին անգամը չէ, որ անդրադառնում են Հայաստանի հարցերին. «Իշխանությունների արձագանքն այդ զեկույցներին համարում եմ բնական, որովհետեւ ցանկացած երկրում մարդու իրավունքները խախտում են հենց իշխանությունները: Պարզ է, որ մեր իշխանություններն էլ՝ պետք է ասեին՝ ո’չ, չե’նք խախտում, այլ հակառակը: Ինչ վերաբերում է եվրոպական չինովնիկներին, ապա նրանք ավելի շատ առաջնորդվում են բյուրոկրատական տրամաբանությամբ, քան իրերին իրենց անուններով կոչելով: Human Rights Watch-ում անդրադարձ կար՝ եվրոպական կառույցների կողմից Հայաստանի իշխանություննների նկատմամբ դրսեւորվող վստահությունը գնահատել էին այնպես, որ իշխանություններն արժանի չէին այդ վստահությանը: Ես լիովին համամաիտ եմ այդ գնահատականի հետ եւ կարող էի ավելի կոշտ որակում տալ դրան, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Ինչ վերաբերում է Human Rights Watch-ի արձանագրած հավաքների սահմանափակումներին, Ռ. Մեհրաբյանը ենթադրում է, որ դա վերաբերում է հանրահավաքների ժամանակ ճանապարհները փակելուն: «Վերջին մի քանի հանրահավաքների ժամանակ լավ հիշում ենք, որ ուղղակի տոտալ շրջափակման են ենթարկում Երեւանը, մարզերը կտրվում են մայրաքաղաքից, ուղղակի վերացվում է տրանսպորտը եւ տրանսպորտային միջոցների տերերին եւ վարորդներին, ովքեր համարձակվում են ուղեւորվել Երեւան, ուղղակի վախեցնում են: Դա ի՞նչ է՝ սահմանափակում չէ՞, իհարկե սահմանափակում է, պարզապես, ցավոք սրտի, լրատվամիջոցները պատշաճ ուշադրություն չեն դարձնում դրան: Ամեն անգամ հանրահավաքների ժամանակ կրկնվում է շրջափակման մասին, փաստն արձանագրում են եւ քաշվում մի կողմ: Ես կարծում եմ, որ դա լրջագույն հարց է, պետք է լուրջ պայքար տարվի, որ վերացվի, որպեսզի նման խայտառակ պրակտիկան, որը միայն տոտալիտար երկրներին է բնորոշ, մեզ մոտ չկրկնվի»,- եզրափակեց Ռ. Մեհրաբյանը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031