«Մենք ընդդիմություն ենք, հանդես ենք գալիս ընդդիմափոխության օրակարգով, ընդդիմության դերով ներկայանում ենք, հայցում մարդկանց քվեն, որ Հայաստանում տեղի ունենա ընդդիմափոխություն: Ժողովուրդն ինչպես տերն է իշխանության, այնպես էլ տերն է ընդդիմության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը հաշվետու են քաղաքացուն: Մենք տեսնում ենք՝ անցած 5 տարիների ընթացքում ընդդիմությունը միանգամայն այլ օրակարգ է սպասարկում ու կապ չունի քաղաքացիների իրական պահանջմունքների հետ եւ ամեն ինչ անում է հակառակ մեր պետության շահերի: Այսօր պետության վզին թոկի նման ընկած խոչընդոտում է, որ պետությունն իր շահերից բխող քայլերն իրականացնի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանի խոսքով՝ ընդդիմության վերաբերյալ իրենք մի շարք լուրջ հարցեր ունեն իշխանությանը. «Այդ ոնց է՝ հեղափոխությունից 8 տարի անց այս մարդիկ հարցազրույցներ են տալիս, ոչ թե ցուցմունք: Նրանց թողտվությամբ է, որ մինչեւ հիմա նույնիսկ որպես թեկնածու են հանդես գալիս, առաջնորդ, մի բան էլ ասում են՝ հետ կգանք, հետ կբերենք… Այս իշխանության օրոք օրենքի գերակայությունը չի հաստատվել, դատական ռեֆորմը վիժեցվել է, խափանվել: Արտաքին քաղաքականության ուղղությամբ լրջագույն անելիքներ ենք տեսնում, որտեղ պետությունը թերացել է: Մենք՝ որպես կուսակցություն ի շարս երկու այլ կուսակցության եւ մի շարք հասարակական կազմակերպությունների՝ նախաձեռնել ենք ստորագրահավաք ԵՄ անդամակցության քաղաքական կուրսի մեկնարկի մասին օրենքի հետ կապված, դա դարձավ օրենք, բայց տեսնում ենք՝ այդ օրենքն ընդունելուց հետո չկա գործողությունների պլան: Մենք հասնելու ենք նրան, որ այդ պլանը լինի ու այդ պլանով ընթացք ապահովվի մեր պետության համար»:
Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, որ գործող իշխանությունները իրականացնում են թրքամետ քաղաքականություն, երկիրը տանում են թրքացման, Մեհրաբյանն այսպես արձագանքեց. «Հայաստանը պետք է խաղաղություն հաստատի հարեւանների հետ։ Այդ խաղաղությունը պետք է լինի, ու ըստ նախաստորագրված համաձայնագրի՝ դա տեղի է ունենում միջազգայնորեն ճանաչված սահմանների ու միջազգային իրավունքի հիման վրա: Ես այստեղ տեսնում եմ ցինիկ մանիպուլյացիա, որ Հայաստանը կախման մեջ է ընկնում, թրքացում-մրքացում, մենք գիտենք՝ քանի ռուսական կոպեկ արժե այդ խոսակցությունը, նման բան չկա ու չի կարող լինել:
Այո՛, մեր հարեւանները՝ մեկը մեզնից երեք անգամ, մյուսը 30 անգամ ավելի բազմամարդ ու հզոր է: Այո՛, այդ դիսբալանսը կոմպենսացնելու համար է նաեւ մեր պատկերացրած դաշինքը ԱՄՆ հետ ու եվրաինտեգրումը՝ ընդհուպ մինչեւ ԵՄ լիիրավ անդամակցություն: Դրանք քայլեր են, որոնք օրինաչափորեն ուժեղացնելու են Հայաստանը եւ ամրապնդելու են խաղաղությունը մեր տարածաշրջանում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































