Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում, որ իմ երեխան զգա անմայր մնալու զրկանքները»

Հունվար 27,2012 15:43

Արդեն տեւական ժամանակ է՝ Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների գործերի, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի եւ Լոռու մարզպետարանի երեխաների, կանանց ընտանիքների պաշտպանության բաժնի ուշադրության կենտրոնում Վանաձորի բնակչուհի Նելլի Սարգսյանի հարցն է: Նելլին ամուսնալուծվելուց հետո երեխայի հետ դրսում է մնացել, ըստ նրա նկարագրածի, հայրն ու խորթ մայրը արգելել են երեխայի հետ վերադառնալ հայրական տուն: Ավելին. հայրը ծեծել է ամուսնալուծվելուց հետո հարազատ քաղաք վերադարձած Նելլիին:

Լոռու մարզպետարանի երեխաների, կանանց, ընտանիքների պաշտպանության բաժինը դրսում մնացած մորն ու մանկանը տեղավորել է «Հույսի տուն» հ/կ-ում, որտեղից 3 ամիս անց Նելլին վերադարձել է՝ մեկ այլ շահառուի եւ տնօրինության հետ կոնֆլիկտներ ունենալու պատճառով: Ըստ պայմանագրի, նա «Հույսի տանը» պետք է բնակվեր 2 տարի:

Մարզպետարանի երկրորդ միջամտությունից հետո նրան 30 օր փորձաշրջանով եւ պայմանական թողել են մնալ կացարանում եւ պարտավորեցրել, որ մասնակցի խոհարարական, կարուձեւի, համակարգչային դասընթացների, հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի կազմակերպած ծնողավարական եւ կենցաղավարման սեմինարներին: Այս անգամ էլ իր դիմումի համաձայն է նա լքել կացարանը:

Նելլին ասում է, որ դիմում գրել է ոչ իր կամքով, հերքում է, որ առողջական խնդիրներ ունի: «Մարդուն վատաբանելն ու գցելը շատ հեշտ է, ես չեմ ուզում իմ ամուսնու հետ որեւէ առնչություն ունենալ, նա հաշմանդամ է, միայն ուզում եմ իմ երեխայի մասին մտածել»,- ասում է Նելլի Սարգսյանը:

Երեխային ժամանակավոր տեղավորել են Վանաձորի մանկատանը, մի քանի օր Նելլին է ապաստանել մանկատանն ու խնամքի կենտրոնում: Օրվա հացի փող վաստակելու համար զբաղվել է ծեր կնոջ խնամքով: Նրա հարցով զբաղվող պետական օղակները մի քանի անճշտություն են նկատում: Նելլին հրաժարվել է հիվանդության թոշակ ստանալուց, այնինչ՝ հանձնաժողովը պնդում է, որ նա ունի դրա կարիքը: Նա թաքցնում է մի քանի անգամ ամուսնանալ-ամուսնալուծվելու փաստը: Ասում են՝ նա անկայուն բնավորություն ունի եւ հորն էլ է հանիրավի մեղադրում իրեն ծեծի ենթարկելու համար:

Նելլին շատ է ուզում երեխային հասանելիք գումարն անձամբ ստանալ: Անչափահասների գործերի, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովին ասել է, թե երեխայի հագուստ ու անհրաժեշտ իրեր կգնի: Հանձնաժողովը, սակայն, պնդեց, որ նա գումարը կստանա այն ժամանակ , երբ երեխան իր հետ լինի: Երեխան մանկատանը անհագուստ եւ սոված չի մնա:

Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների գործերի, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը որոշել է նաեւ, որ Նելլին չի զրկվի իր երեխային մեծացնելու իրավունքից, բայց առաջիկա շաբաթվա ընթացքում բժշկական հետազոտություն կանցնի, որից հետո քաղաքապետարանն ու մարզպետարանը կմիջնորդեն աշխատանք գտնելու համար: «Օրերը մի քիչ տաքանան, իմ երեխային վերցնելու եմ, ես 6 տարեկանից անմեր եմ մեծացել, չեմ ուզում, որ իմ երեխան էլ զգա անմայր մնալու զրկանքները»,- ասում է Նելլին:

Հանձնաժողովում, սակայն, մտավախություն ունեն, որ Նելլին երեխա պահելու ի վիճակի չէ, առողջական խնդիրներ ունի եւ անկայուն անձ է:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031