Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ատոմակայանով հարցը չենք լուծի

Հունվար 28,2012 13:50

Մասնագետները գտնում են, որ այն միլիարդներով, որոնք ծախսելու են նոր ատոմակայան կառուցելու համար, ավելի նպատակահարմար է էներգիայի այլընտրանքային աղբյուրները զարգացնել:

Մեծամորի ատոմակայանի՝ ՀԱԷԿ-ի շահագործումը սարքավորումների մաշվածության պատճառով օրեցօր դառնում է վտանգավոր: Այս մասին ահազանգում են թե՛ միջուկային էներգիայի, թե՛ բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնագետները: ՀԱԷԿ-ի աշխատել-չաշխատելու հարցը դրվել էր դեռեւս խորհրդային տարիներին, եւ այն ժամանակ էլ խնդիրը հենց սարքավորումների հնությանն էր առնչվում:

«Եթե 1988 թվականին արդեն որոշված էր, որ ատոմակայանի սարքավորումները հնացել են, ապա 20 տարի հետո առհասարակ դրանք մաշված կլինեն: Մեր այս հարցադրումները մնում են անպատասխան: Եթե մենք սխալ ենք, ապա ոլորտի պատասխանատուները թող փաստաթղթեր ներկայացնեն, որ սարքավորումները փոխվել են, նորացվել են եւ այլն: Մինչեւ հիմա նման ոչ մի փաստաթուղթ մեզ ցույց չեն տալիս, կամ էլ գնանք՝ մեր աչքերով տեսնենք, որ փոխվել են, բայց երբեւէ մեզ թույլ չեն տվել մտնել ատոմակայան: Բայց սա ազգային անվտանգության խնդիր է եւ գաղտնի պահել չի կարելի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանը: Տիկին Զառաֆյանը հարցը կարեւորում է նաեւ Հայաստանի՝ սեյսմաակտիվ գոտում գտնվելու տեսանկյունից: Մեր այն հարցին, թե արդեն նախատեսվում է նոր ատոմակայան կառուցել, եւ հնարավո՞ր է այլեւս նման խնդիր չունենանք, տիկին Զառաֆյանը պատասխանեց՝ նորի դեպքում էլ ռիսկերը մնում են նույնը:

Ատոմակայանի վառելիքի հումքը ներկրվում է Ռուսաստանից: Քանի որ կառուցվելիք ատոմակայանն ավելի հզոր պետք է լինի, ըստ Ի. Զառաֆյանի՝ ՌԴ-ից ավելի մեծ քանակությամբ հումք են բերելու, ինչը, մասնագետի համոզմամբ, մեր երկրին ավելի շատ է կախվածության մեջ դնելու. «Վառելիքի հումքի պարտքի դիմաց մենք տվեցինք Հրազդան-Սեւան կասկադ ՀԷԿ-ը, իսկ նոր ատոմակայանի դեպքում ավելի շատ հումք են ներկրելու, բա դրա դիմաց ի՞նչ ենք տալու»: Հ/կ-ի ղեկավարի խոսքերով՝ կառավարությունը որոշում է կայացրել նոր ատոմակայանի կառուցման մասին, բայց ռադիոակտիվ թափոնների խնդրի մասին ոչ մի ստույգ բան չի ասում՝ թե որտե՞ղ են թաղվելու այդ վտանգավոր նյութերը. «Գերմանիան, որն այդքան զարգացած երկիր է, մինչ օրս չի կարողանում լուծել այդ խնդիրը: Նրանք իրենց ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները երկրից դուրս՝ ինչ-որ կղզում են թաղում, բայց նաեւ հասկանում են, որ հավերժ այդպես վարվել չեն կարող: Իսկ մեզ նման փոքրիկ երկիրն ինչպե՞ս է պատրաստվում լուծել այդ հարցը: Մենք բլոկադայի մեջ ենք, իսկ այդ թափոնները գնացքով, հատուկ պայմաններով են տեղափոխում, այսինքն՝ մենք այդ հնարավորությունը չենք ունենա: Մեր եղած առաջին գերեզմանոցն արդեն լցված է, ատոմակայանի տարածքում հիմա երկրորդն են լցնում: Մի խոսքով՝ սրանք խնդիրներ են, որոնց համար պետք է հասարակական քննարկում լինի, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է կատարվելու: Մենք չենք ասում՝ ատոմակայան չունենանք, մութ նստենք, պարզապես պետք է ռիսկերն ամբողջությամբ գնահատվեն, ու տեղյակ պահեն բոլորին»:

«Առավոտը» զրուցեց նաեւ «Բիոսոֆիա» հ/կ նախագահ Գեւորգ Պետրոսյանի հետ: Նրա համոզմամբ՝ ատոմակայանի շահագործումը ոչ միայն էկոհամակարգի համար է վտանգավոր, այլեւ այդ հատվածում ապրող բնակչության: «Մեր բնակչության մեծ մասը Արարատյան դաշտավայրում է բնակվում, եթե վթար լինի, ազգի մեծ մասն է վտանգի տակ լինելու»: Մեր այն դիտարկմանը, որ կառավարությունը պարբերաբար պնդում է, որ վտանգ չկա, պարոն Պետրոսյանն ասաց. «Ի՞նչ է, մենք ճապոնացիներից ավելի՞ անվտանգ բան ենք կառուցել կամ կառուցելու: Նրանք էլ շատ անվտանգ էին կառուցել, նրանք էլ ռիսկեր էին հաշվարկել, բայց տեսանք՝ ինչ պատահեց: Ոչ ոք ապահովագրված չէ նման դեպքերից»: Ինչ վերաբերում է էկոհամակարգին, պարոն Պետրոսյանի դիտարկմամբ՝ քանի որ ատոմակայանում հովացման համար օգտագործվում են Արարատյան դաշտավայրի արտաքին ջրերը, հետո այդ ջրերն ավելի տաքացված վերադարձվում են էկոհամակարգ, վտանգվում է ամեն ինչ՝ կենդանական եւ բուսական աշխարհը: Իսկ նոր կառուցվող ատոմակայանի համար, ինչպես հայտնեց Գ. Պետրոսյանը, ավելի շատ ջուր է պահանջվելու. «Դա նշանակում է, որ Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի պակաս է լինելու»:

Հաշվի առնելով, որ ատոմակայանն ապահովում է մեր երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը, եւ այլընտրանքային էներգիայի դեռեւս լուրջ աղբյուր էլ չունենք, որքանո՞վ է նպատակահարմար եղածը փակել, նորն էլ չկառուցել, մեր այս հարցին ի պատասխան՝ պարոն Պետրոսյանն ասաց. «Նոր ատոմակայանի համար մի քանի միլիարդ դոլար է նախատեսվում ծախսել, եթե այդքան գումար ներդրվի այլընտրանքային էներգետիկայի՝ արեւային, քամու եւ հիդրոէլեկտրակայանների կառուցման վրա, ապա մենք նման ռիսկեր չենք ունենա»: Այն հարցին էլ, թե Հայաստանի կլիմայական պայմանները բավարա՞ր են այնպիսի այլընտրանքային էներգետիկ կայաններ կառուցել, որպեսզի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալն ապահովվի, պարոն Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Եթե նոր ատոմակայան կառուցենք, դրանց շահագործման ժամկետները 35-50 տարի են, այսինքն՝ որոշ ժամանակ հետո կրկին փակել-չփակելու հարց է առաջանալու: Իսկ եթե մտածեն այլընտրանքայինի մասին եւ երկարաժամկետ ծրագրեր կազմեն, ու լուրջ ներդրումներ կատարվեն, ապա այդ խնդիրները չեն առաջանա»:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ու միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի՝ այս հարցերի շուրջ պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031