Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրողները զորակցություն հայտնեցին թուրք գրչակցին

Փետրվար 07,2012 17:02

«Դուռ» բազմամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվար ամիսը հայտարարվել է թուրք գրող, հրապարակախոս, գրահրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուին զորակցելու ամիս: Նա այժմ գտնվում է  բանտում՝ հայանպաստ հայտարարությունների ու ձեռնարկների պատճառով:

Այսօր Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցած հանդիպմանը, հայ գրողներն ու բանաստեղծները մեկական գիրք մակագրեցին, որոնք որպես նվիրատվություն` մինչեւ ամսվա ավարտը կուղարկվեն թուրքական բանտ:

Ինչպես նշեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, անգամ բանտից թուրք գրողը վերջերս նամակ է ուղղել թուրքական պառլամենտին՝ նշելով, թե ցեղասպանության ճանաչումն ու դատապարտման օրինականացումն առաջնահերթ Թուրքիայի խնդիրն է, ոչ թե այլ երկրներինը. «Զարաքոլուն իր հրատարակած 10 հատորների միջոցով ժխտում է Թուրքիայի ժխտողականության սառցե պատը, եւ մեր խնդիրն է ՝ մեր ձայնը լսելի դարձնել թուրքական հանրությանը»,- ասաց Լեւոն Անանյանը:

ՀԳՄ նախագահը Զարաքոլուին ուղարկելու  համար մակագրեց իր  «Նամակ թուրք գրողին» գիրքը, որն ուղղված է թուրքահայությանը եւ լույս է տեսել 7 լեզուներով:

Զարաքոլուի ընտանիքի բարեկամ, կինոռեժիսոր Սարգիս Հացպանյանի տեղեկացմամբ՝  Զարաքոլուի եւ կնոջ՝ Այշայի կողմից մինչ օրս հրատարակված գրքերի զգալի մասն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Մասնավորապես՝ «Հուշամատյան ապրիլի 24-ի» եռալեզու գրքում տեղ են գտել սպանված հայ գրողների, բանաստեղծների եւ այլ գործիչների կենսագրականները: Հայանպաստ հրատարակությունների համար Այշան եւս բանտ է ընկել, հիվանդացել քաղցկեղով եւ մահացել, իսկ Զարաքոլուի նախաձեռնության շնորհիվ ապագայում Թուրքիայում կկանգնեցվեն հուշարձաններ՝ զոհված հայ բանաստեղծների անուն-ազգանուններով: «Երբ նախորդ անգամ շուրջ 14 գիրք ուղարկեցինք Ռագըփին, նրա փաստաբանը հայտնեց, որ գրողը հուզմունքից լաց է եղել եւ երախտիքի խոսքեր հայտնել: Եթե նա ստանա Նոբելյան մրցանակ, պատրաստ է դրա համար եւս հայերին շնորհակալ լինել»,- նշեց Ս. Հացպանյանը եւ հավելեց, որ թուրքական բանտերում արգելված է օտարալեզու գրականության մուտքը, սակայն Զարաքոլուի փաստաբանը հույս է հայտնել, որ այդ հարցը կլուծի: Հակառակ դեպքում՝ հայ հեղինակների նվիրած գրքերը տեղ կգտնեն Զարաքոլուի կողմից հետագայում կազմակերպվելիք ցուցահանդեսում: «Աշխարհն ընկալում է այն թուրքին, ով հային օգնության ձեռք է մեկնում»,-եզրափակեց Ս. Հացպանյանը:

Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են Նոբելյան կոմիտին՝ 2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչության սեփականատեր Ռագըբ Զարաքոլուին հանձնելու առաջարկով: Թուրքական «Evrensel» կայքի հաղորդմամբ՝ նրանց  դիմում-առաջարկում նշված է. «Ռագըփ Զարաքոլուն հրատարակել է Թուրքիայում տաբու հանդիսացող Հայոց ցեղասպանության եւ քրդական հարցի վերաբերյալ գրքեր, որոնց համար մի քանի անգամ դատապարտվել է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829