Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանված լինելու իրավունքը

Փետրվար 08,2012 16:30

Ստացվել է այնպես, որ այն մարդիկ, որոնք պաշտպանել են այլոց իրավունքները, անձնական պաշտպանության կարիք ունեն: ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում (ՀՕ 341), ինչպես նաեւ ՀՀ փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (ՀՕ-339) Հայաստանի Հանրապետության օրենքները՝ մտնելով օրինական ուժի մեջ, առաջացնում են սահմանափակումներ դատական ներկայացուցչություն, ինչպես նաեւ դրա կազմակերպումը իրականացնելու՝ ոչ փաստաբան, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավագետների համար։ Գտնում եմ, որ վերոհիշյալ օրենքների օրինական ուժի մեջ մտնելը չի համապատասխանում արդարադատության շահերին, վերոհիշյալ օրենքները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, հակասում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի եւ մի շարք այլ օրենքների եւ իրավական ակտերի պահանջներին։

Որպես կանոն, փաստաբանական, ինչպես նաեւ ոչ փաստաբանական գործունեությունը կրում է ձեռնարկատիրական բնույթ։ Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի ՝ ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է: ՀՀ կառավարության գործադրած ջանքերի շնորհիվ խթանվեց փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը։ Վերջին օրենսդրական բարեփոխումները միշտ ուղղված են եղել հեշտացնելու հարկատուի վիճակը, խթանելու արտադրությունների եւ ծառայությունների զարգացման ընթացքը, նոր աշխատատեղերի ստեղծումը։ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության գործակալությունները այս ասպարեզում կատարում են ՀՀ կառավարության կողմից ընդունված իրավական ակտերի պահանջները՝ խթանել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։ Սույն պետական ծրագրով նույնիսկ նոր բիզնես գրանցելու համար նախատեսված է դրամական աջակցության ապահովում։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածի պահանջների՝ յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք։ 2005թ նոյեմբերի 27-ին հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը որպես հիմնական օրենք: Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ Սահմանադրությունը ռւնի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրությանը։Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքներին…

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (ՀՕ-341 առ 29/12/2012թ.) եւ Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքում (ՀՕ–339 առ 29/12/2012թ.) առկա փոփոխությունները ստեղծում են խտրական պայմաններ իրավաբանական գործունեությամբ զբաղվող տարբեր կարգվիճակ ռւնեցող սուբյեկտների միջեւ։ Ավելին, բացի այն, որ խախտվում է ոչ փաստաբան իրավունքի տարբեր ճյուղերում աշխատող        իրավագետների իրավունքը զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ խախտվում է նաեւ քաղաքացու անօտարելի իրավունքը՝ ինքնուրույն ընտրել խախտված իրավունքների պաշտպանության ձեւերը, ձեռքի տակ ունենալով օրենքով չարգելված պաշտպանության այլընտրանքային տարբերակներ։Սահմանափակելով ոչ

փաստաբան սուբյեկտների իրավունքները իրավական դաշտում, կարող Է ստեղծվել մենաշնորհ, որը արգելված է օրենքով եւ կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր։ Համաձայն Լիցենզավորման մասին օրենքի 43-րդ հոդվածի 1,2.կետի՝ սահմանում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները։ Այստեղ ընդգրկված չեն իրավաբանական ծառայությունները։ Ավելին, եթե վերոհիշյալ գործունեությունը լիցենզավորում չի ենթադրում,

ապա օրենսդիրը բավարար պայման է համարում բարձրագույն իրավաբանական կրթության միասնական պետական նմուշի դիպլոմի առկայությունը։ Այսինքն, ցանկացած իրավագետ, որը ունի բարձրագույն իրավաբանական կրթության մասին դիպլոմ,գրանցվելով

Պետական ռեգիստրում, տարածքային հարկային տեսչությունում իրավունք ունի զբաղվելու օրենքով չարգելված իրավաբանական ծառայությունների մատուցմամբ որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ։ Իրավաբանական ձառայությունների մատուցումը, անկախ թե դա ով է մատուցում, կատարվում է պայմանագրային հիմունքներով, որով     կողմերը ձեռք են բերում իրավունքներ եւ պարտականություններ։ Այսինքն, պայմանագրի պայմանները կարգավորում են մատուցվող ծառայությունների որակը։ Պայմանագիրը կողմերի համար ունի օրենքի ուժ, այս պատճառով վերոհիշյալ օրենքների ընդունման հետեւանքով առաջացած խտրականություն մոտիվացիան հասկանալի չէ։

08/10/2008թ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-765 որոշումով վերջ դրեց մի այլ խտրության։ Հավատարմագրված փաստաբանների՝ անկախության, փաստաբանական ծառայության մատուցման ինքնակառավարման եւ իրավահավասարության սկզբունքների իրացման խնդրի համատեքստում սահմանադրական դատարանը անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաեւ «Փաստաբանության մասին» օրենքի 29.1 հոդվածի իրավակիրառական պրակտիկային։ Այսպես, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 29.1հոդվածի 5-րդ մասով եւ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 18/05/2007թ.) 23-րդ հոդվածի 3-րդ մասի 4.1 կետը՝ իր 05/04/2007թ. N12-Ա հրամանով հավատարմագրել է թվով 55 փաստաբանի: Նման մոտեցման արդյունքում, Սահմանադրական դատարանը գտել է, որ խախտվում են փաստաբանի ինստիտուտի գործունեության հիմքում ընկած այնպիսի կարեւորազույն սկզբունքներ, ինչպիսիք են փաստաբանի անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության սկզբունքները: Սակայն Փաստաբանության մասին օրենքի նոր խմբագրությունը ստեղծում է նոր խտրություն նույնիսկ փաստաբանների միջեւ: Այսպես՝ փաստաբանը, որը աշխատում է ոչ փաստաբան գործատուի մոտ, նույնպես իրավունք չունի իրագործելու դատական ներկայացուցչություն։ Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ վերաբերմունքի տարբերությունը խտրականություն է,եթե առկա չէ օբյեկտիվ եւ պատճառաբանված արդարացում։ Սահմանադրական դատարանը գտել է նաեւ, որ վճռաբեկ դատարանում հավատարմագրած փաստաբանի եւ հավատարմագիր չունեցող փաստաբանի միջեւ մասնագիտական ունակություններով եւ փորձառությամբ պայմանավորված իրավաչափ տարբերության բացակայության

հանգամանքը։ Սահմանադրության 14.1 հոդվածի երկրորդ պարբերությունը եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ուժով խտրականությունը կախված, ի թիվս այլոց, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից արգելվում է: Մինչդեռ օրենսդիրը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածով կիրառելով խտրականություն փաստաբանների միջեւ, այդուհանդերձ, չի բացահայտել բուն հարցի էությունը, այն է՝

–որն է կիրառվող խտրականության մոտիվացիան,

-արդյոք կիրառվող խտրականությունը օբյեկտիվ է եւ ողջամիտ.

-կիրառվող միջոցների եւ հետապնդվող նպատակների միջեւ արդյոք առկա է ողջամիտ հարաբերակցություն:

Վերը նշված հիմնավորման լույսի ներքո կիրառված խտրականությունը հնարավորություն է ստեղծում մարդու սահմանադրական իրավունքների խախտման համար։

Մարդը, քաղաքացին ունեն անօտարելի իրավունքներ, որոնցից ամենակարեւորներից է ազատ կամահայտությունը։ Սահմանափակումներ դնելով միեւնույն մասնագիտությունների տեր մարդկանց միջեւ, ցուցաբերվում է ակնհայտ խտրական մոտեցում, նորից բացահայտելով հարցի էությունը: Այստեղ չի ներկայացվում կիրառվող խտրականության մոտիվացիան, կիրառված խտրականությունը օբյեկտիվ եւ ողջամիտ չէ, կիրառվող միջոցների եւ հետապնդվող նպատակների միջեւ ողջամիտ հարաբերակցություն առկա չէ։

Սահմանադրությունը ընդունվել է հանրաքվեով, այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, բոլոր օրենքները եւ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։

Հակոբ Ղավազյան

իրավագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829