Դերենիկ Գասպարյանի կյանքի իրավունքը խախտվել է

10-ամյա երեխան մահացել է 2010 թվականի հունիսի 5-ին, ՀՀ Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում՝ մաթեմատիկայի քննության ժամանակ:
«Թեեւ նախաքննության մարմինը հիմնավորված է համարել այն, որ Դերենիկին դպրոցում համադասարանցիներ Իշխան եւ Վրեժ Հարությունյանների կողմից ծեծի ենթարկելը անմիջականորեն կապված է նրա մահվան պատճառահետեւանքային կապի հետ, սակայն քրեական գործը հարուցվել է ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ ծեծի հատկանիշներով»,- ասում է Արայիկ Զալյանը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից պարզվում է, որ Դերենիկ Գասպարյանը մահացել է շնչառական ու սիրտ-անոթային գործունեության սուր խանգարումների զարգացման հետեւանքով, որոնք կարող էին առաջանալ նաեւ հարվածներից: «Փորձագետի եզրակացության համաձայն՝ եթե ծեծկռտուքը չլիներ, Դերենիկ Գասպարյանը չէր մահանա»,- տեղեկացնում է իրավահաջորդի ներկայացուցիչը: Արայիկ Զալյանն ասում է, որ նախաքննության մարմնի կողմից Դերենիկ Գասպարյանի մահվան փաստի առիթով քրեական գործ չհարուցելով՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը, ինչպես նաեւ կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:
Կարդացեք նաև
«Մի կողմից նախաքննության մարմինն ապացուցված է համարել ծեծի ենթարկվելու փաստը, մյուս կողմից՝ ծեծը որպես մահվան պատճառ, քննության չի առել, ինչը պարտավոր էր անել»,- բացատրում է Արայիկ Զալյանը:
Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ նախաքննության մարմինը հիմնավորված է համարել այն, որ Դերենիկի՝ դպրոցում մահացած լինելու հանգամանքը չի ենթադրում դպրոցի վարչակազմի պատասխանատվություն: «Դեպքը տեղի է ունեցել պետության կողմից երաշխավորված դպրոցում, որտեղ պայմանագրային փոխհարաբերություններով հստակ սահմանված են երեխաների եւ դպրոցի վարչակազմի իրավունքներն ու պարտականությունները: Երեխաների կյանքի համար պատասխանատվություն կրում է դպրոցի վարչակազմը»,-ասում է Զալյանը: Ըստ նրա՝ դպրոցում տեղի ունեցած պատահարը, որն ավարտվել է անչափահաս Դերենիկ Գասպարյանի մահով, ամբողջությամբ կախված է դպրոցի ադմինիստրացիայի անգործությունից:
«Քննությունը անցկացնելու պահին բուժակը դպրոցում չի եղել, քննիչը պարզել է, որ համատեղության կարգով բուժակը աշխատում է նաեւ այլ դպրոցում եւ այդ օրը զբաղված է եղել ուրիշ դպրոցում: Տվյալ ժամի պատասխանատու ուսուցիչը տեղում չի եղել, անգամ առաջին օգնությունը հավաքարարն է ցույց տվել»,- նշում է նա:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ


















































