Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջիպախեղդ» ընտրություններ` գեներալ Մանվելի սանիկի գյուղում (տեսաշարք)

Փետրվար 12,2012 20:11

Այսօր Շիրակի մարզի 8 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին. մի տեղ, օրինակ`Գառնառիճում  փեսան պայքարում էր  գյուղապետ աներոջ դեմ` փորձելով տիրանալ նրա աթոռին,  մյուսում` Արևիկում, գյուղապետի հարազատ եղբոր կինն  էր դուրս եկել տեգրոջ դեմ` հակառակորդի կողմից ավագանու անդամ առաջադրվելով  և այսպես շարունակ:

Սակայն ամենաթեժը Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն գյուղի համայնքապետի ընտրություններն էին: Պեմզաշենը ամենամեծ համայնքներից մեկն է,  ունի 2240 ընտրող ու ԽՍՀՄ տարիներին եղել է քաղաքատիպ ավան: Այստեղ մրցակցում էին նախկին գյուղապետ, նորաթուխ հանրապետական Երվանդ Միքայելյանը, ով այս պահին գազի գրասենյակում աշխատում է  որպես ինժեներ, հանրապետական, գործազուրկ  Ալբերտ Պետրոսյանը ու գործող գյուղապետ ԵԿՄ-ական  Անանիկ Ոսկանյանը: Նշենք, որ վերջինս գեներալ Մանվելի սանիկն է , անկուսակցական է, ղեկավարում  է Արթիկի ԵԿՄ կառույցը:

PrevPhoto
NextPhoto

Վաղ առավոտից Պեմզաշենի երկու ընտրատեղամասերի դիմաց ասեղ գցելու տեղ չկար.ԵԿՄ- ականները ջիպերով շրջափակել էին տարածքը` այսպիսով խախտելով  Ընտրական օրենսգրքի այն պահանջը, որ ընտրատեղամասերի դիմաց  մարդկային կուտակումներ չպետք է լինեն:

ԵԿՄ-ականներից բացի Պեմզաշենը նաև ոստիկանախեղդ էր արված, այստեղ էին մոբիլիզացրել Արթիկի ու Ախուրյանի ոստիկանության աշխատակիցներին: ԵԿՄ-ականների ջիպերը համարյա երթևեկում էին ընտրողների վրայով, նրանց  մի կերպ ցրեց Արթիկի ոստիկանապետ Պետրոսյանը, որը հրահանգեց  ազատել  դպրոցի բակը, որտեղ ևս ընթանում էին  ընտրությունները:

Դպրոցում տեղակայված թիվ  36.01 ընտրատեղամաս մտնելն ու ընտրություն կատարելն էլ այնքան հեշտ չէր, այնպիսի մի հերթ էր գոյացել ընտրասենյակի դիմաց, որ այն լրագրողներին ակամայից  հիշեցրեց Գյումրիում վարչապետի ուղարկած ձեթի համար ստեղծված հերթը:

Արտառոց վիճակ էր նաև դպրոցի ընտրասենյակում. մեզ դիտորդները ներկայացրեցին, որ առավոտից երկու թեկնածուների` նախկին ու ներկա գյուղապետերի ներկայացուցիչներն իրար միս են ուտում, մեկը մյուսին այնպես են վերահսկում ու կռիվներ սարքում, որ բացառվում է անգամ  խմբակային քվեարկությունն ու  լցոնումները:

Պեմզաշենի երկու ընտրատեղամասում էլ  աղջիկներին ծաղիկներ էին բաժանում: Դպրոցում տեղակայված թիվ  36.01  ընտրատեղամասի  նախագահ Ժորա Նազարեթյանը  պատճառաբանեց, որ վարդերը նախատեսել են նվիրել նրանց, ովքեր առաջին անգամ են ընտրության մասնակցում: Մեր հարցին, թե ո՞ր թեկնածուի նախաձեռնությունն է սա, թիվ 36.02  ընտրատեղամասում  տեղեկացրեցին, որ երեք թեկնածուներինը` միաժամանակ: Մի՞թե  տրամաբանությանը մոտ է, որ երեք հակառակորդները  միանան,  փող հավաքեն ու գյուղի աղջիկների համար ծաղիկներ գնեն` մեր այս հարցին թիվ 36.02 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները վրա տվեցին, թե ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այդպես անում, օրինակ` Լեհաստանը:

Հետաքրքիրն այն է, որ գործող գյուղապետին սատարող գյուղի ջահելությունը պահակություն, ավելին` դիրիժորություն  էին անում լրագրողներին. կանգնել էին մեր գլխի վերևում ու փորձում էին թելադրել` ում ինչ հարց տալ:

Պեմզաշենում  ականատես եղանք մի զավեշտալի պատմության ևս. թիվ 36.01. ընտրատեղամասի նախագահ Ժորա Նազարեթյանը մեզ վստահեցրեց, որ  գյուղապետի պաշտոնի համար փաստացի երկու թեկնածու են պայքարում` նախկին ու ներկա գյուղապետերը, իսկ երրորդը ինքնաբացարկ է հայտնել,  մինչդեռ գյուղի մյուս ընտրատեղամասում`թիվ 36.02-ում մենք հանդիպեցինք ինքնաբացարկ հայտնած թեկնածուի  վստահված անձ Արտակ Հայրապետյանին: Վերջինս շատ զայրացավ` մեզնից  լսելով այն լուրերը, որ, իբր երրորդ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել, ենթադրեց, որ դա մյուս երկուսի տարածած սուտ լուրերն են: «Քվեաթերթիկի մեջ անունը կա, գնացեք սուտ լուրեր տարածողներից հարցրեք, թե ինչո՞ւ եք նման լուրեր տարածում»,- մուննաթ եկավ  վստահված անձը: Իսկ քվեարթերթիկում իրոք նրա անուն-ազգանունը կար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829