
Անդրադառնալով պնդումներին, թե մեծամասնական ընտրակարգն ապահովում է ընտրողի եւ պատգամավորի միջեւ կապը` Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ինքն ուսումնասիրել եւ պարզել է, թե մեծամասնականով ընտրված պատգամավորներից ով որտեղ է ապրում եւ քանի անգամ է եղել այն ընտրատարածքում, որտեղից ընտրվել է:
«Բացի մի քանի հոգուց, իրենց մարզերում ու ընտրատարածքներում, որտեղից իբր ընտրվել են, ոչ ոք չի ապրում: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեծամասնականով ընտրված մարդը միշտ այնքան փող ունի, որ Երևանում մեկ կամ երկու բնակարան կամ առանձնատուն կունենա, բայց մարդիկ կան, որ ընդհանրապես իրենց ընտրատարածքներում չեն երևացել: Այդ տեղամասերում չգիտեն իրենց պատգամավորն ով է, որովհետև ինքը ոչ միայն այնտեղի բնակիչ չէ, ինքն այնտեղ չի էլ երևացել: Լավ, այստեղ չեն մոտենում ամբիոնին, ծպտուն չեն հանում, լավ էլ անում են, պատկերացնում եք` խոսեին էլ, բայց այլ խնդիր կա, գոնե այդ փաստարկները մի’ բերեք»,- ասաց նա:


















































