
Aravot.am-ի հետ զրույցում, սակայն, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը հերքեց այս տեղեկությունը. «Նման բան չկա, ոչ մեկը ԵԿՄ-ից դուրս չի եկել, նման դիմում չի ներկայացրել, հայտարարություն չի արել եւ չի բոյկոտել համագումարը: Համագումարին մասնակցելու համար ընտրվել էր 2045 պատվիրակ, որոնցից ներկա է եղել 2041-ը: Բայց այնպես չէ, որ որեւէ մեկը բոյկոտել է համագումարը, հնարավոր է, որ նրանք հեռավոր մարզերից են եղել ու տեխնիկական պատճառով չեն եկել»: Նա նաեւ նկատեց, որ եթե նման բան լիներ, ապա առնվազն դուրս եկածների անուն-ազգանուններ պետք է լինեին, բայց չկան: «Հնարավո՞ր է, որ մարդիկ ԵԿՄ-ից դուրս գային` մնալով անանուն: Ոչ: Նման բան իսկապես չի եղել»,- հավաստիացրեց գեներալ Մանվելի խորհրդականը:
Անդրադառնալով համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին ԵԿՄ վարչության նախագահի արած հայտարարությանը, որի հետ արդեն իսկ իրենց անհամաձայնությունն են հայտնել ԵԿՄ հատկապես ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները` ասելով, թե իրենք չեն պատրաստվում սատարել Սերժ Սարգսյանին, ապա Վարդան Վարդանյանի մատուցմամբ` այդ հայտարարությունը «մի քիչ շատ է ճոխացվում». «Այո, հայտարարվել է, որ սատարում են իրենց մարտական ընկերոջը, բայց չի ասվել, որ ընտրություններում են սատարելու, ՀՀԿ-ի մասին ընդհանրապես խոսք չի եղել: Ի վերջո, ԵԿՄ-ն իր համագումարում այդ հայտարարությանը միաձայն կողմ է քվեարկել: Եթե ՀՀԿ-ի օգտին արված հայտարարություն լիներ, կարո՞ղ էր դրան «կողմ» քվեարկել, օրինակ, Արթուր Աղաբեկյանը, որը համագումարում ե’ւ վարչության անդամ է վերընտրվել, ե’ւ հայտարարությանն է «կողմ» քվեարկել»:
Վարդան Վարդանյանն ասաց, թե այդ հայտարարության մասին կարծիք են հայտնել այն երկրապահները, որոնք համագումարին անձամբ ներկա չեն եղել եւ դրա մասին միջնորդավորված են տեղեկացվել, եւ ճիշտ տեղեկություն չեն ստացել: Իրականությունը, մեր զրուցակցի մատուցմամբ, այն է, որ ԵԿՄ համագումարում ընդունված հայտարարության մեջ խոսք է եղել սահմանների պաշտպանության, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության, ազատամարտիկների սոցիալական խնդիրներին իրավական աջակցություն ցուցաբերելու եւ մի պարբերություն էլ` ԶՈՒ գերագույն հրամանատար, ՀՀ նախագահի նախաձեռնություններին սատար կանգնելու մասին. «Սրա հիմնական, ողջ իմաստը եղել է արտաքին մարտահրավերներին դիմակայելը եւ ոչ թե առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին կամ նույնիսկ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ոչ մի նման տող այնտեղ չեք գտնի ո’չ ընդունված հայտարարության տեքստում, ոչ Մանվել Գրիգորյանի ելույթում: Առավել եւս, այդ հայտարարությունը պայմանավորված չէ ընտրություններով, ուղղակի համագումարի ժամկետն է համընկել նախընտրական շրջանի հետ, որովհետեւ նախորդ համագումարը տեղի էր ունեցել 2010-ի փետրվարին եւ հիմա պարտավոր էինք համագումարն անել երկու տարի անց` այս տարվա փետրվարին»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԵԿՄ 9-րդ համագումարում այդ կառույցի նախագահ Մանվել Գրիգորյանը դիմելով համագումարին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հայտարարել էր. «Դուք մեր մարտական ընկերն եք, մեզ հետ միասին անցել եք մարտական ուղի: Մենք հավատում եւ վստահում ենք Ձեզ, սատար ենք կանգնում Ձեր նախաձեռնություններին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Հավատում ենք, որ ջանք չեք խնայելու բարեկեցիկ երկիր կառուցելու համար»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































