
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը վերջինիցս հետաքրքրվեց՝ արդյոք խորհրդարանական ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը չի՞ հակասում ՀՀ Սահմանադրության 64 հոդվածին, ըստ որի՝ «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»։
Արմեն Մարտիրոսյանի պատասխանը բացասական էր, ավելին նա հակադարձեց, ասելով, թե 2009-ին տեղի են ունեցել Երեւանի ավագանու ընտրություններ, որոնք անցկացվել են բացառապես համամասնական ընտրակարգով, եւ այն ժամանակ նման հարցադրում չէր առաջացել, եւ ոչ ոք, այդ թվում՝ իշխանությունները, դրա հակասահմանադրականության մասին հարցադրումներ չեն արել։ Ավելի ուշ, Արմեն Մարտիրոսյանը նաեւ հավելեց, թե իշխանություններն էլ են սա քաղաքական հարց համարում, եւ հենց սա է օրինագծի մերժման հիմնական դրդապատճառը։

Կարդացեք նաև
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր խոսքում անդրադառնալով Դավիթ Հարությունյանի ելույթի այս հատվածին ասաց, թե դա ինքնախոստովանություն է։ «Երբեւէ առանց արյունալի բախումների իշխանություն չի փոխվում, եւ ձեր հայտարարությունները, թե` մի օր էլ դուք իշխանություն կդառնաք( իր ելույթում ընդդիմախոսներին ուղղված նաեւ այդպիսի հայտարարություն էր արել Դավիթ Հարությունյանը- խմբ. )` այն օպերայից է, որը պետք չէ այստեղ հնչեցնել»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, թե շատ կասկածում է, որ անգամ մեծամասնական ընտրակարգը կարող է ապահովել իշխանության կայունությունը, «որովհետեւ եթե մեծամասնական ընտրակարգոով այդ կայունությունն ապահովեիք՝ նախորդ օրենքը չէր բերվի»: Ակնարկն, ըստ ամենայնի, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի մասին էր:
Դավիթ Հարությունյանի վերոհիշյալ հայտարարությանն արձագանքեց նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Համաձայն չեմ իմ գործընկերոջ հետ, թե կայուն մեծամասնություն ունենալու համար մեծամասնական ընտրակարգը ոչ թե թերություն է, այլ բնորոշիչ։ Ոչ։ Եթե մեծամասնությունն ուզում է ունենալ կայուն մեծամասնություն հատկապես մեծամասնական 41 ընտրատարածքները ամեն գնով պահպանելու ճանապարհով, ապա դա ոչ բնորոշիչ է, այլ թերություն, որովհետեւ կայուն մեծամասնություն պահպանելու միակ ճանապարհը պետք է լինեն ազատ եւ արդար ընտրությունները»։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































