Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ Արցախցիների 99 տոկոսը մեջքով է շրջված այս իշխանություններին. «Փաստ»

Ապրիլ 04,2026 09:51 Share

Հայաստանը, Սփյուռքը, Եկեղեցին Նիկոլ Փաշինյանին ամենօրյա ռեժիմով հիշեցնում են, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը փակված չէ, չնայած նա հրապարակային իր բոլոր ելույթներում հակառակն է պնդում։ Անգամ գործընկեր-պետությունները, այս դեպքում՝ ՌԴ նախագահն է հիշեցնում, թե ով ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ «Կյանքի ու մահու կռիվ է տալիս իշխանությունն իր ղեկավարի գլխավորությամբ։ Կյանքի ու մահու կռիվ են տալիս իրենց ֆիզիկական գոյության համար, նաև իրենց իշխանավարման շարունակականությունը ապահովելու համար։ Այն ամենը, ինչ սկսվել է դեռևս 2018 թվականին, ծրագրավորված է եղել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, իհարկե, ոչ առանց Իսրայելի մասնակցության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ընդգծում է՝ միջազգային ադեկվատ դերակատարություն կա՝ ի պաշտպանություն մեզ։ «Բայց, օրինակ՝ ինչպես վերջին հանդիպման ժամանակ շատ նուրբ, դիվանագիտորեն նշեց ՌԴ նախագահը, հասկանալի է, որ այլ պետություններ չեն կարող իրականացնել այն գործընթացը, որը կոնկրետ Հայաստանի իշխանություններինն է, այն է՝ իր բնակչության, ժողովրդի ուղիղ պաշտպանությունը։ Տեսանք, թե ինչ կատարվեց, երբ 2023 թվականին Հայաստանի իշխանությունը հրաժարվեց առնվազն 120 հազար մարդու ուղիղ պաշտպանությունից։ Արցախում լինելով՝ շատ լավ հասկանում էինք, որ ռուս խաղաղապահների դերակատարությունը հասել է նվազագույնի։ Չէին թաքցնում՝ ասելով, որ Հայաստանի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստը հանգեցրել է նրան, որ իրենք փաստացի Հայաստանի իշխանությունների ձեռամբ ինչ-որ անհասկանալի գործընթաց էին իրականացնում Ադրբեջանի տարածքում։

Դա արդեն ձևակերպել էր Հայաստանի ղեկավարը, ոչ թե ռուսական կողմը կամ ռուս խաղաղապահները։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի մոտ ոչ ադեկվատ պահվածքով լուծում էր Հայաստանի ներքին խնդիրը, գնաց այդ ծայրահեղ քայլին՝ հասկանալով, որ լուրջ քննադատության է արժանանալու ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլ դրա սահմաններից դուրս, բայց իր համար առավել կարևոր էր լուծել այդ ներքին խնդիրը, որովհետև առջևում ընտրություններ են, և իր հստակ պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ նա պետք է կատարի, պետք է շարունակի իշխանավարել։ Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են, որ Հայաստանում հունիսի 7-ին ընտրվի այս վարչախումբը՝ իրենց հետագա ծրագրերն իրականացնելու նպատակով, այն է՝ Հայաստանի Հանրապետության ամբողջական զավթում։ Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության նախագահի դիտարկումները մեզ համար անսովոր էին, կարծում եմ՝ ամբողջ միջազգային հանրության համար, որովհետև հանրային հանդիպումների ժամանակ մամուլի ներկայությամբ միշտ ոչինչ չասող երկխոսություն ենք տեսնում։ Որքան էլ փորձ արվեց դա համեմել դիվանագիտական նուրբ լեզվով, միևնույնն է, րոպեների ընթացքում այդտեղ քաղաքական էքսկուրս կատարվեց դեպի անցյալ, փաստվեց ներկան, այնուհետև կանխատեսումներ նախանշվեցին ապագայի վերաբերյալ։

Ցավոք, այս ամենն ինձ հիշեցրեց 2014 թվականը, երբ նույն խոսույթով Ռուսաստանը զգուշացնում էր նաև Ուկրաինային։ Չեմ ասում, որ Ռուսաստանը նույն պահվածքը կունենա, բայց սա զգուշացում էր Հայաստանի Հանրապետությանը, որ քաղաքական ուղեծիրը շատ սխալ է, և դա տանում է Հայաստանի կործանմանը։ Ակնհայտ է, որ կործանման հստակ դերակատարությունն իրենց վրա վերցրել են Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, ինչու չէ, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ այստեղ ոչ թե հատուկ ուղղությունն ունենալով Հայաստանի ոչնչացումը, այլ կոնկրետ իրենց շահերն իրենց առջև ունենալով։ Այս քաոսի մեջ մեզ մտցրել է այդ անձը։ Այսօր որևէ բանակցային գործընթացում չլինելով, ինչն ակնհայտ տեսնում ենք (կապ չունի վազվզելը, այս կամ այն ղեկավարի առաջ խոնարհվելը), հստակ հավատարմությունը տրված է Թուրքիային ու Ադրբեջանին, որը նա կյանքի և մահու գնով պետք է կատարի»,-նկատում է մեր զրուցակիցը։

Զրույցի վերջում անդրադառնում ենք ընտրություններից առաջ Փաշինյանի հերթական քայլերից մեկին, այն է՝ հանդիպում-քննարկումներ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ «Այս ամենը սկսվեց, երբ սկսեցինք հանդիպումներ անցկացնել մեր հայրենակիցների հետ։ Ամեն բնակավայրում փորձում ենք հանդիպում կազմակերպել 60-70 արցախցու հետ, որպեսզի կարողանանք վերհանել ոչ թե նեղ անձնական, այլ ընդհանուր խնդիրները, լսենք նաև արցախցիների առաջարկած լուծումները։

Սա ունի մեկ նպատակ. եթե գալիք ընտրություններից հետո ունենալու ենք ազգային իշխանություն, նա պետք է իր առջև հստակ ձևակերպած ունենա արցախցիների պահանջները, և դա ներկայացնելու ենք մենք։

Սա սկսեց անհանգստացնել իշխանությանը, ինչի դրսևորումները տարբեր ձևերով տեսել ենք, բայց չենք բարձրաձայնել. ԱԱԾ աշխատակիցների ներգրավվածություն, շատ տեղերում նույնիսկ տարածք չենք կարողանում գտնել, մարդիկ ուղղակի վախենում են, առանձին զրույցներում ասում են, որ կողմ են, ուզում են մեզ ընդունել, բայց դրանից հետո ռեպրեսիաների կենթարկվեն։ Արդեն հինգ հանդիպում ունեցել էինք, բարձրաձայնել խնդիրների մասին, փոքրիկ սոցհարցման արդյունքներ էինք ներկայացրել, իրենք կազմակերպեցին այդ բեմականացումը։ Արցախցիները շատ լավ ճանաչում են մարդկանց, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը։ Այնտեղ հիմնականում նաև մարդիկ էին, ովքեր վերաբնակիչներ էին, այսինքն՝ ժամանակին Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել էին Քաշաթաղի շրջան։ Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ այդ հանդիպումը որևէ կապ չուներ արցախցիների հետ։ Մեր հանդիպումների ժամանակ արցախցիները փաստում են՝ սոցիալական ծանրագույն վիճակում են, բայց դա մանր խնդիր են համարում այս մեծ խնդիրների մեջ։ Նրանք մեզանից մի պահանջ ունեն՝ ամեն բան անել, որպեսզի մեր իրավունքների պաշտպանությունը տեղի ունենա առ մինչև վերադարձ Արցախ։ Ըստ մեր հարցումների, արցախցիների 99 տոկոսը մեջքով է շրջված այս իշխանություններին»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930