
Սրանով Հանրապետական կուսակցությունը ցույց տվեց, որ ինքն ունակ չէ երկխոսության ոչ միայն քաղաքական ուժերի, այլ, ըստ էության, ողջ հասարակության հետ։ Ավելին՝ իշխող ուժի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը և Արդարադատությանը նախարարը օրինագծի քննարկման ընթացքում բացահայտ մի ցինիզմով խոստովանեցին, որ մեծամասնական համակարգի պահպանումը իրենց անհրաժեշտ է խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։ Այսինքն՝ ընտրական համակարգը, որ ժողովրդավարության նորմերով, երկրի Սահմանադրությամբ, մարդու հանրաճանաչ իրավունքներով պետք է ապահովի հասարակության տրամադրությունների ու պատկերացումների համամասնական ներկայացվածությունը օրենսդիր մարմնում, սրանք, ի դեմս 41 մեծամասնական տեղերի, վերածել են սեփական իշխանության անընդհատ վերարտադրությունը երաշխավորող գործիքի։ Դա խոստովանություն է այն բանի, որ առնվազն այդ 41 մանդատը Հանրապետական կուսակցությունը ձեռք է բերում ոչ թե ընտրողի կամավոր քվեն ստանալու, այլ այդ քվեն տարբեր ձեւերով ավազակաբար խլելու միջոցով, և, որ առանց դրա նրանք ոչ մի կերպ չեն կարող մեծամասնություն և իշխանություն ունենալ։ Իշխող հիմնական ուժը բացահայտ խոստովանեց ռեժիմի ավազակապետություն լինելու փաստը։
100%-անոց համամասնական ընտրությունների անցնելու նախագծի քննարկումը խորհրդարանական ընտրությունների նախօրյակին համոզեց բոլոր քաղաքական ուժերին և ամեն մի քաղաքացու, որ իրենք իրավազրկված ու վտանգված են մնալու Հանրապետական կուսակցության ու նրա պարագլուխ Ս. Սարգսյանի ռեժիմի պայմաններում, և այդ վտանգը մի օր շուտ կամ մի օր ուշ պայթելու է յուրաքանչյուրի գլխին։ Այս ընթացքում և այս հարցով քննարկումները նախադրյալներ ստեղծեցին ընտրություններն օրինական, ազատ և արդար անցկացնելու մեջ շահագրգիռ ուժերի համախմբման համար: Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, ողջ ժողովրդին՝ համախմբվել և ամեն ինչ անել խորհրդարանական այս ընտրություններում Հանրապետական կուսակցության ավազակապետական ռեժիմից ազատվելու համար։
Հայ Ազգային Կոնգրես
Կարդացեք նաև


















































