
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ եւ կուսակցության մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե հակված չէ որեւէ հարցում մեկնաբանել: Նա նաեւ պատճառաբանեց, թե ինչու. «Ընդհանրապես բոլոր ընտրությունների նախաշեմին, որպես կանոն, թե հայաստանյան եւ թե օտարերկրյա հետազոտական կենտրոններն ու սոցոլոգիական հաստատությունները տարբեր հարցախույզներ են անցկացնում ու կանխատեսումներ անում, բայց գրեթե միաժամանակյա անցկացված այդ բոլոր կանխատեսումներում մեջբերված թվերն երբեմն այնքան շատ են իրարից տարբերվում եւ այդ տարբերությունն այնքան շատ մեծ է լինում, նաեւ ընտրություններից առաջ նախատեսվող եւ հետո հրապարակած թվերը որեւէ կապ ու առնչություն չեն ունենում ընտրությունների արդյունքում հրապարակված թվերի հետ»:
ՀՅԴ ներկայացուցիչն բոլոր նրանց, ովքեր այսօր ինչ-որ հարցումների արդյունքեր ու կանխատեսումներ, թվեր են հրապարակում, առաջարկեց, որ ընտրություններից հետո հենց իրենք մեկնաբանեն, թե ավելի վաղ իրենց հրապարակած թվերը ինչո՞ւ չստացվեցին: «Դա վերաբերում է եւ հայաստանյան, եւ օտարերկրյա հետազոտական կենտրոններին: Հիշեցնեմ, որ նույն բանը 2007-ին ես առաջարկել եմ հայաստանյան մի սոցիոլոգի, որը կանխատեսում էր, որ ՀՅԴ–ի համար քվեարկելու է 3,5 տոկոս: Ընտրություններից հետո ես նրան առաջարկեցի, որ ինքը մեկնաբանի, թե ինչպե՞ս եղավ, որ այդ ընտրությունների արդյունքում Դաշնակցությունը 13 տոկոսից բարձր քվե ստացավ»,- հայտարարեց Սպարտակ Սեյրանյանը:
Սեյրանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե իհարկե, կուսակցությունն էլ իր հարցումներն է անում, ընդ որում՝ պարբերաբար, տարբեր հետազոտություններ է անցկացնում, բայց դրանք ներկուսակցական օգտագործման համար են: Ինչ վերաբերում է հայաստանյան հասարակության կողմից Դաշնակցության մասին տեղեկացվածությանը, որը ըստ այս հետազոտության հարցվածների 34 տոկոսն է կազմել, Սեյրանյանն ասաց. «Ինչ-ինչ, բայց գոնե այս հարցում ոչ ոք չի կարող ասել, որ չափացանցում եմ, բայց գոնե Դաշնակցության մասին հայության շրջանում ճանաչելիության խնդիր չունենք»:
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































