Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ սրբազանի պաշտպանը պատրաստվում է ճշտել՝ կորե՞լ է իրեղեն ապացույց հանդիսացող մարիխուանայի գլանակը

Փետրվար 02,2026 20:15 Share

Անազատության մեջ գտնվող Արշակ սրբազանի պաշտպաններից Սերգեյ Հարությունյանը այսօր պատրաստվում է վարույթ իրականացնող մարմնից ճշտել՝ արդյո՞ք իր պաշտպանյալ Արշակ սրբազանի գործով անհետացել է իրեղեն ապացույցը։ Նա լրագրողներին ասաց, որ որևէ պաշտոնական, ստույգ տեղեկություն դրա վերաբերյալ չունի։

Հիշեցնենք, որ ըստ Արշակ սրբազանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2018-ին Կաթողիկոսի հեռացումը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել։ Մամուլն էլ ավելի վաղ հայտնել էր, որ կորել է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը։

Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ շատ հաճախ նախօրոք կանխորոշված է լինում ամեն ինչ, բայց, եթե այստեղ եմ, հույս ունեմ, որ այսօր գոնե որոշակի փոփոխություն կլինի խափանման միջոցի հարցում։ Հասկանալի է՝ ինչ է կատարվում մեր երկրում, իրավական համակարգում, ճնշումները դատավորների նկատմամբ, բայց, ինչևէ, հույս ունեմ,- լրագրողներին ասաց Սերգեյ Հարությունյանը՝ նախքան մտնելը դատարան, որտեղ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվելու է Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը։

Փաստաբանն ասաց, որ Արշակ սրբազանին վերջին անգամ տեսակցել է երեկ չէ առաջին օրը, նրա տրամադրությունը բարձր էր։ Ըստ փաստաբանի՝ Արշակ սրբազանը հումորով, եթե ոչ հեգնանքով է վերաբերում սկսված գործընթացին՝ գիտակցելով, որ այս ամենի պատճառը իրեն ու մյուս սրբազաններին մեկուսացնելն է, որպեսզի այն արշավը, որ տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցու դեմ, իրականացվի ավելի մեծ թափով․
«Չի կարող մի խմբակ հաղթել 1700-ամյա եկեղեցուն, որը անցել է արաբներով, մոնղոլ-թաթարներով… տարբեր արշավանքներով ու միշտ հաղթած է դուրս եկել»։

Հիշեցնենք, որ Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի երեք նստավայրերում պտտվելուց հետո մակագրվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Միջնորդության քննությունը սկսվել է այսօր՝ երեկոյան։

Հիշեցնենք նաև, որ Արշակ սրբազանի նկատմամբ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին կիրառվել էր երկամսյա կալանք։ Իսկ Վերաքննիչ դատարանը այս տարվա հունվարի 12-ին մերժել էր պաշտպանական թիմի վերաքննիչ բողոքը և Արշակ սրբազանին թողել երկամսյա կալանքի տակ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728