Մաշտոցի զբոսայգին բարեկարգելու և կանաչապատելու պատրվակով կանաչ տարածքները շինհրապարակի վերածելու դեմ բնապահպանների ու հասարակության ընդվզումը շարունակվում է նորանոր բացահայտումներով:
Քաղաքապետին «քաշե՞լ» են
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հրապարակայնացրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Երևանի քաղաքապետի կողմից «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ին 2012թ. փետրվարին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում, որպես պահանջ հստակ նշված է. «Տաղավարները տեղադրել ոչ կանաչապատման տարածքներում` բացառելով որևէ ծառի հատում», «իրականացնել տարածքում առկա ծառերի գույքագրում»:
Բայց տարածքի մինչբուտիկապատումը և բուտիկապատումից հետո արված լուսանկարներում երևում է, որ ընդամենը երկու բուտիկի տեղադրման համար առնվազն երեք ծառ` եղևնի է հատվել: Բնականաբար, տարածքի ծառերի գույքագրումն էլ իրականացվել է ծառահատումներից հետո:
Կարդացեք նաև
Վարչապետին է՞լ են «քաշել»
Շատ է գրվել այն մասին, որ ընդամենը երկու բիոզուգարան գնելու համար կառավարությունը 100 միլիոն դրամ է հատկացրել: Բայց չի գրվել այն մասին, որ այդ բիոզուգարանները տեղադրելու համար ևս 23 միլիոն դրամ է հատկացվել:
Նման թանկ հաճույք լինելու պայմաններում Մաշտոցի այգում առկա հանրային զուգարանը, որի վերաբերյալ փաստաթղթերը նույնպես հրապարակայնացվել են, քանդվել է և տեղը բուտիկ է կառուցվել: Ճիշտ է, հայերս հպարտ արիացիներ ենք և մեզ զուգարան պետք չէ, բայց դե Երևանը երբեմն-երբեմն տուրիստներ է ընդունում, գոնե նրանց մասին պետք էր չէ՞ մտածել:
Հ.Գ. Չեմ կասկածում, որ էգուց-էլօր կհիմնավորվի հանրային այգում զուգարանի անհրաժեշտությունը, կառավարությունը մի 60 միլիոն կհատկացնի բիոզուգարանի համար, դե իսկ տեղադրման համար էլ մի քանի ծառ կկտրեն: Բայց դե զուգարանը կար չէ:
Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Փաստաբան