Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Ռուսերենից հրաժարվելն ինքնասպանություն է

Ապրիլ 04,2012 15:17

Այսօր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների երկրորդ համագումարը, որին մասնակցում էին ուսուցիչներ՝ Հայաստանի բոլոր մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցներից: Համագումարին ներկա՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն լրագրողների հետ զրույցում նշեց, որ ռուսերենը նպաստում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը. «Հայն իմաստուն ազգ է եւ գիտակցում է երկլեզու հաղորդակցության կարեւորությունը` եվրոպական ինտեգրման ճանապարհին»:

Խոսելով Հայաստանում ռուսերենի զարգացման խնդիրներից` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ դասավանդման գործընթացում առանձնակի խնդիրներ չկան: «Ռուսերենը հարստություն է, որից հրաժարվելն ինքնասպանություն է: Հաճախ հարցը  փորձում են քաղաքականացնել, ինչը թույլատրելի չէ: Մեր նախարարությունը քննադատում է այդ մոտեցումը, քանի որ ռուսերենը քաղաքակիրթ զարգացման մի մասն է կազմում»,- ասաց ԿԳ նախարարը:

Ա. Աշոտյանը նկատեց, որ Հայաստանի համար Ռուսաստանը գործընկեր է ոչ միայն քաղաքական եւ տնտեսության, այլեւ կրթական ոլորտում. «Պատահական չէ, որ կրթական ոլորտում տարեցտարի ավելանում են ռուսերենի զարգացմանն ուղղված ծրագրերը: Կրթություն ստանալ ցանկացող յուրաքանչյուր հայի համար կարեւոր է ազգային կրթությունից բացի նաեւ ստանալ ռուսերենի եւ այլ օտար լեզուների համապատասխան գիտելիքներ»:

Համագումարի ընթացքում Ա. Աշոտյանի կողմից ԿԳՆ պատվոգրերով պարգեւատրվեցին Երեւանի եւ մարզերի մի շարք դպրոցների ուսուցիչներ` ռուսերենի զարգացման գործում մասնագիտական ներդրման համար: Համագումարի ընթացքում ցուցադրվեց «Ռուսաց լեզուն Հայաստանում» ֆիլմը, ինչպես նաեւ` ներկայացվեց Հայաստանի ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցացիայի գործունեության ամփոփագիրը:

Նշենք, որ այս տարվանից բուհի համար դիմորդները կարող են օտար լեզվի փոխարեն հանձնել ռուսաց լեզվի քննություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30