Այն, որ ԲՀԿ-ն տարբեր գյուղերում գյուղտեխնիկա, մասնավորապես՝ տրակտորներ է բաժանում, ըստ Վարդան Օսկանյանի, ընտրակաշառքի հետ առնչություն չունի: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Եթե ԲՀԿ-ն այս 5 տարիներին ձեռքերը ծալած նստած լինել եւ ոչինչ արած չլիներ հայ գյուղացու համար, եւ հանկարծ ընտրության այս նախաշեմին ինչ-որ պարարտանյութ բաժաներ կամ տրակտորներ, ես կհասկանայի ձեր քննադատությունը: Բայց չմոռանանք, որ այս 5 տարիների ընթացքում կուսակցությունը, բարեգործական հիմնադրամը միշտ էլ ժողովրդի կողքին են եղել, բազմաթիվ բարեգործական աշխատանքներ են արել: Մեր մոտ գարնանացան է, ի՞նչ է, գյուղացին պիտի տուժի՞՝ ինչ է թե ընտրություններ կան: Մի բան, որ արվել է, պետք է շարունակել անել՝ անկախ նրանից՝ մենք ընտրություններ ունե՞նք, թե՞ չէ»:
Հարցին՝ այսինքն Դուք դա ընտրակաշառք չե՞ք դիտարկում՝ պարոն Օսկանյանը պատասխանեց, որ այդ տրակտորները դեռեւս ոչ մեկին էլ չի բաժանվել, ուղղակի ժամանակի առումով համընկել է, որ հասել են դրանք Հայաստան: Եվ որովհետեւ պարոն Ծառուկյանը վստահաբար, անկախ արդյուքներից, այդ տրակտորները գյուղացիներին շահագործման է հանձնելու, արդեն ինքը դրանք փաստորեն տեղակայել է 10 մարզերում: Ես կարծում եմ, որ սրա մեջ միայն ու միայն դրականը պետք է տեսնել»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: