
Մինչ դահլիճից դուրս գալը նախարարը լրագրողների համար ուսանողներին ասաց. «Ես, հարգելով ձեր որոշումը, եկել եմ համալսարան, որպեսզի ընդհանուր հայտարարի գանք, բայց դուք` ուսանողներդ, միտինգ եք սարքել եւ հրաժարվում եք քաղաքավարի ընդունելությունից: Հյուրերին այսպես չեն դիմավորում: Որոշ մարդիկ փորձում են օգտագործել ուսանողներին քաղաքական շահարկումների համար, դա է պետք հասկանալ, դա առնվազն անբարոյականություն է: Մեր որոշումը կվերանայվի միայն դատարանում, ես պատրաստ եմ ընդունել ցանկացած որոշում: Ուսանողները փորձում են տապալել հավաքը, նրանք կարծում են, թե բղավելով կհասնեն արդյունքի»:
Հարցին՝ ո՞վ է այն մարդը, ով օգտագործում է ուսանողներին, նախարարը չպատասխանեց եւ առանց փակագծերը բացելու ասաց, թե դա թողնում է լրագրողների հետաքննությանը:
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանը պնդում էր, որ չի իջնելու բակ, սակայն ուսանողներն անդրդվելի էին, ուստի ստիպված տեղի տվեց: Երբ նախարարը բակ իջավ, ուսանողները սկսեցին ծափահարել, Արմեն Աշոտյանն էլ ասաց. «Մի՛ վախեցեք, ծափահարեք ինձ… փորձեք համբերատար լինել, եւ ձեր առաջ լավ ապագա կբացվի: Պարոն Զոլյանը թույլ է տվել բազմաթիվ խախտումներ օրենքի տեսանկյունից եւ ըստ դրանց էլ ազատվել է աշխատանքից: Դատական քննություն կիրականացվի, եւ արդյունքներին ես համաձայն կլինեմ, նա կվերադառնա իր պաշտոնին միայն 2 ճանապարհով` դատական վճիռ եւ նոր ընտրություններ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ




















































