Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աշոտյանը` բրյուսովցի ուսանողներին. «Մի՛ վախեցեք, ծափահարե՛ք ինձ»

Ապրիլ 19,2012 18:35

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ապրիլի 18-ի հրամանով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է բուհի իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը շարունակում է պայքարել Արմեն Աշոտյանի կայացրած որոշման դեմ: Երեկ բրյուսովցի ուսանողները ՀՀ կրթության և գիտության նախարարության շենքի առաջ բողոքի ցույց են անցկացրել, իսկ այսօր համալսարանի բակում կազմակերպել  բողոքի ակցիա եւ նախարար Արմեն Աշոտյանին հրավիրել էին զրույցի: Պարոն Աշոտյանը բուհի դահլիճում զբաղեցրել էր իր տեղը, եւ պատրաստվում էր պատասխանել ուսանողների հարցերին, սակայն բակում հավաքված ուսանողները պահանջում էին իջնել ներքեւ՝  «Նախարար իջիր», «Աշոտյան ամոթ», «Զոլյան, Զոլյան…» եւ այլ վանկարկումներով:

Մինչ դահլիճից դուրս գալը նախարարը լրագրողների համար ուսանողներին ասաց. «Ես, հարգելով ձեր որոշումը, եկել եմ համալսարան, որպեսզի ընդհանուր հայտարարի գանք, բայց դուք` ուսանողներդ, միտինգ եք սարքել եւ հրաժարվում եք քաղաքավարի ընդունելությունից: Հյուրերին այսպես չեն դիմավորում: Որոշ մարդիկ փորձում են օգտագործել ուսանողներին քաղաքական շահարկումների համար, դա է պետք հասկանալ, դա առնվազն անբարոյականություն է: Մեր որոշումը կվերանայվի միայն դատարանում, ես պատրաստ եմ ընդունել ցանկացած որոշում: Ուսանողները փորձում են տապալել հավաքը, նրանք կարծում են, թե բղավելով կհասնեն արդյունքի»:

Հարցին՝ ո՞վ է այն մարդը, ով օգտագործում է ուսանողներին, նախարարը չպատասխանեց եւ առանց փակագծերը բացելու ասաց, թե դա թողնում է լրագրողների հետաքննությանը:

Արմեն Աշոտյանը պնդում էր, որ չի իջնելու բակ, սակայն ուսանողներն անդրդվելի էին, ուստի ստիպված տեղի տվեց: Երբ նախարարը բակ իջավ, ուսանողները սկսեցին ծափահարել, Արմեն Աշոտյանն էլ ասաց. «Մի՛ վախեցեք, ծափահարեք ինձ… փորձեք համբերատար լինել, եւ ձեր առաջ լավ ապագա կբացվի: Պարոն  Զոլյանը թույլ է տվել բազմաթիվ խախտումներ օրենքի տեսանկյունից եւ ըստ դրանց էլ ազատվել է աշխատանքից: Դատական քննություն կիրականացվի, եւ արդյունքներին ես համաձայն կլինեմ, նա կվերադառնա իր պաշտոնին միայն 2 ճանապարհով` դատական վճիռ եւ նոր ընտրություններ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30